ԱԼԵՐԳԻԱ տեսակները, պատճառները, պայքարի միջոցները՝ բժիշկ Մարիամ Մովսիսյանից

Գարունը տարվա ամենագեղեցիկ եղանակն է: Ձյունն անհետանում է, հայտնվում են երկար սպասված կանաչն ու ծառերի բողբոջները: Հետո ծաղկում է ողջ բնությունը: Լցնում մարդկանց հոգիները թեթևությամբ, թարմությամբ։ Ոմանց համար գարունը ուրախություն չի բերում: Բերում է շարունակական անհարմարություն և տանջանքներ:

Նման մարդկանց համար գարնան գալուստը հիմնականում նշանակում է, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ քայլել՝

  • դժվարացած շնչառությամբ
  • կարմիր, արցունքոտ և այտուցված աչքերով
  • անընդհատ փռշտալով 
  • անձեռոցիկների թաշկինակների կապոցներ իրենց հետ տանելով:    

Այս բոլոր խնդիրները կապված են տհաճ, բայց տարածված հիվանդության՝ սեզոնային կամ գարնանային ալերգիայի հետ։

Գարնանային ալերգիան միակն ու ամենասարսափելին չէ, որովհետև գոյություն ունեն բավականին տարօրինակ ալերգիաներ ևս, օրինակ, ալերգիա՝

  • թղթադրամներից
  • ցրտից
  • արևից և այլն։

Հայտնի մարդիկ նույնպես տառապում են տարատեսակ ալերգիաների պատճառով: Ալերգիա ունի՝

  • Սքարլեթ Յոհանսոնը
  • Քեյթ Միդլթոնը
  • Սերենա Ուիլյամսը
  • Բեյոնսեն
  • Բրիթնի Սփիրսը

 

Այսօր մենք կներկայացնենք նրանցից մի քանիսին: Կպատմենք գարնանային ու այլ ալերգիաների մասին, կներկայացնենք մասնագետի խորհուրդներ։

Այսօր Showbiz.am-ի Beauty Lifesyle շարքի շրջանակներում խոսել ենք բժիշկ ալերգոլոգ-իմունոլոգ Մարիամ Մովսիսյանի հետ:

 

– Ի՞նչ է ալերգիան:

Ալերգիան իմուն համակարգի գերակտիվ պատասխանն է այն մասնիկների հանդեպ, որոնք մարդկանց մեծամասնության համար անվնաս են: Այդ մասնիկները կոչվում են ալերգեններ: Որպես ալերգեններ կարող են հանդես գալ դեղորայքը, առանձին սննդամթերքներ, ծաղկափոշին, մեղվի խայթոցը, տան փոշու տիզը, կենդանիները և այլն:

– Ինչպե՞ս պայքարել գարնանային ալերգիայի դեմ։

Գարունը սովորաբար ասոցացվում է բնության զարթոնքի և ծաղկման, իսկ ալերգիկների մոտ` գանգատների սրացման և անհանգիստ վիճակների հետ: Կան մարդիկ, ում իմուն համակարգը ճանաչում է ծառերի, խոտաբույսերի ծաղկափոշին որպես օտար և սկսում պայքարել դրա դեմ: Արդյունքում այս անձանց մոտ նկատվում է քթահոսություն, քթի փակվածություն, փռշտոցներ կամ արցունքահոսություն: Այս գանգատներից խուսափելու համար խորհուրդ է տրվում առավոտյան ժամերին և քամոտ եղանակներին խուսափել բուսաշատ վայրերից: Դրսում ցանկալի է կրել ակնոցներ և գլխարկ, փակ պահել պատուհանները: Տուն վերադառնալուց հետո պետք է փոխել հագուստը և լոգանք ընդունել, քանզի ծաղկափոշին կարող է պահպանվել հագուստի վրա կամ մազերի մեջ և առաջացնել սրացում: Գանգատների ի հայտ գալու դեպքում խորհուրդ է տրվում խորհրդակցել ալերգոլոգի հետ: Օգտագործել համապատասխան դեղորայք:

Ինչու՞ Հայաստանում գրեթե չկա գետնանուշից ալերգիա, իսկ ԱՄՆ-ում այն շատ լայն տարածում ունի:

Չենք կարող ասել, որ Հայաստանում գրեթե չկա գետնանուշից ալերգիա: Բայց իհարկե, այն անհամեմատ քիչ է հանդիպում՝ համեմատած այլ երկրների և, հատկապես, ԱՄՆ-ի հետ: Հարցին միանշանակ պատասխան հնարավոր չի տալ, քանզի առկա են բազմաթիվ պատճառներ: Գետնանուշից ալերգիայի տարածվածության հարցը ամբողջ աշխարհում հանդիսանում է ուսումնասիրության առարկա: Պատճառներից, թերևս կարծում եմ՝ կարելի է նշել այն փաստը, որ գետնանուշը Հայաստանում չի հանդիսանում սննդակարգի հիմնական բաղադրիչ:  Այլ երկրներում գետնանուշի կիրառումը սննդում լայն տարածում ունի:

Որո՞նք են մեր երկրին հատուկ ալերգիաները:

Ալերգիկ հիվանդություններից Հայաստանում ավելի հաճախ հանդիպում է.

Սննդային ալերգեններից առավել տարածված է՝

  • կաթը
  • ցորենը
  • փոքր ավելի քիչ ձուն

Կա՞ արդյոք տարբերություն սննդային ալերգիայի և սննդյաին անտանելիության միջև:

Սննդի հանդեպ ռեակցիաները լայն տարածում ունեն, բայց դրանց մեծ մասը պայմանավորված է սննդային անտանելիությամբ, ոչ թե սննդային ալերգիայով: Շատ հաճախ սննդային ալերգիա ախտորոշումը կիրառվում է անհիմն: Իրական սննդային ալերգիայի դեպքում կոնկրետ սննդամթերքը առաջացնում է իմունային ռեակցիա: Այն ազդում է  տարբեր օրգան-համակարգերի վրա և բերում է մի շարք ախտանիշների: Որոշ դեպքերում սննդային ալերգիկ ռեակցիան կարող է լինել ծանր և նույնիսկ՝ կյանքին վտանգ սպառնացող: Ի տարբերություն ալերգիայի՝ սննդային անտանելիության ախտանիշներն ընդհանուր առմամբ ավելի թեթև են: Հաճախ սահմանափակվում են մարսողական խնդիրներով: Սննդային անտանելիության ամենատարածված պատճառներից է որոշակի ֆերմենտների բացակայությունը, որոնք անհրաժեշտ են տվյալ սննդամթերքի մարսման համար: Տարածված օրինակ է լակտոզային անտանելիությունը, որի դեպքում դիտվում են մարսողական գանգատներ կաթի օգտագործումից հետո:

Ի՞նչ պետք է ունենա իր գրպանում կամ պայուսակում ալերգիա ունեցող կամ ալերգիկ մարդը:

– Ալերգիկ անձանց համար ամենակարևոր պարագաներից է էպինեֆրինի ինքնաներակիչը: Այն անհրաժեշտ է իրական սննդային ալերգիա, մեղվի խայթոցից ալերգիա ունեցողներին սուր ռեակցիաների զարգացման դեպքում: Ցավոք սրտի, Հայաստանում ինքնաներարկիչներ չունենք: Ասթմայով պացիենտների դեպքում կարևոր է էպինեֆրինի ինհալյատորների մշտական առկայությունը: Այդ ինհալյատորները կիրառվում են ասթմայի նոպայի ընթացքում:

Ալերգիան գենետիկորեն փոխանցվու՞մ է:

1989 թվականից հետո, երբ առաջին անգամ հրապարակվեց ատոպիայի (ալերգիկ հակվածության) կապը 11q13 քրոմոսոմի հետ, հազարավոր հետազոտություններ են իրականացվել` ասթմայի և այլ ալերգիկ հիվանդությունների գենետիկ հիմքերը բացահայտելու ուղղությամբ: Ալերգիկ հիվանդությունները համարվում են համալիր գենետիկ հիվանդություններ, ինչը նշանակում է, որ կարևոր են ինչպես գենետիկ, այնպես էլ միջավայրային գործոնները: Օրինակ` ըստ CDC-ի տվյալների, եթե երեխայի ծնողներից մեկն ունի ասթմա, ապա երեխան 3-6 անգամ ավելի մեծ հակվածություն ունի ասթմայի զարգացման:

Կարո՞ղ է սթրեսը նպաստել ալերգիայի ի հայտ գալուն կամ զարգացմանը:

Ալերգիայի զարգացման համար սովորաբար առկա է կոնկրետ ալերգեն: ՈՒստի սթրեսը ինքնին չի կարող ալերգիայի զարգացման պատճառ լինել: Սթրեսը, սակայն կարող է սրել արդեն իսկ առկա ալերգիկ հիվանդությունը: Օրինակ՝ ասթմա ունեցող պացիենտի մոտ սթրեսի ազդեցությամբ կարող է դիտվել նոպայի առաջացում: Խրոնիկական եղնջացանով անձանց մոտ սթրեսը կարող է լինել գրգռիչ գործոն` բերելով ցանի դրսևորման:

Կարո՞ղ է ալերգիան ինքնաբերաբար անցնել, թե՞ պետք է դիմել բժշկի:

Եթե նկատում եք ալերգիկ գանգատներ, ապա կարևոր է դիմել ալերգոլոգի: Քանզի շատ ալերգիկ հիվանդություններ կարող են սուր ընթացք ունենալ` բերելով կյանքին սպառնացող իրավիճակների: Թեև տարիքի հետ որոշ ալերգիաներ կարող են անցնել: Բայց ալերգոլոգի հսկողությունը և խորհրդատվությունը անհրաժեշտ է սուր ռեակցիաներից խուսափելու և կյանքի որակը բարելավելու նպատակով:

 

Բժշկուհու ներկայացրած ալերգիկ հիվանդությունների որոշ տեսակներով տառապում են նաև հայտնի մարդիկ։

Ալերգիա ո՞վ ունի։

Սքարլեթ Յոհանսոն

Աշխարհահռչակ դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը տառապում է պոլինոզ ալերգիկ հիվանդությամբ:  Այն առաջանում է բույսերի ծաղկափոշու ազդեցությունից ու, թերևս ամենատարածված ալերգիկ հիվանդությունն է: Դերասանուհին սկսում է փռշտալ ցանկացած տեսակի բույսի ու ծաղկի փոշուց: Նրա աչքերը արցունքոտվում և այտուցվում են, իսկ քթի լորձաթաղանթը գրգռվում է: «Մատչ Փոյնթ» ֆիլմի նկարահանումները մեծ փորձություն էին դերասանուհու համար: Մասնավորապես՝ ցորենի դաշտում նկարահանված տեսարանից հետո, դերասանուհին ստիպված էր լրացուցիչ հանգստյան օրեր վերցնել:

scarlett johansson

Քեյթ Միդլթոն

Քեյթ Միդլթոնը ձիերից ալերգիա ունի: Այս կենդանիների մաշկի թեփը ուժեղ ալերգեն է: Կենդանիների մաշկի թեփից, նույնիսկ առանց կենդանու հետ շփվելու կարող է ալերգիկ ռեակցիա առաջանալ: Հիմնական նշաններն են չոր հազ, որը կարող է վերածվել շնչահեղձության:

Ալերգիա Kate middleton alergia

Սերենա Ուիլյամս

Սերենա Ուիլյամսը ալերգիա ունի է գետնանուշից։ Մասնագետներն ասում են, որ ԱՄՆ-ում և Բրիտանիայում այս ալերգիան գնալով նմանվում է համաճարակի: Անցած 20 տարիների ընթացքում գետնանուշի նկատմամբ զգայունություն ունեցող երեխաների թիվը կրկնապատկվել է: Հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, բերանի խոռոչում ծակոցները և նույնիսկ անաֆիլաքսիան: Միայն ԱՄՆ-ում 4,5 միլիոն մարդ տառապում է գետնանուշային ալերգիայից։

Ալերգիա serena williams alergia

Բեյոնսե

Հայտնի երգչուհի Բեյոնսեն ալերգիա ունի օծանելիքից: Երկար ժամանակ նա ստիպված էր օգտագործել միայն անուշաբույր յուղեր: Չնայած դրան, Բեյոնսեն մի քանի հայտնի ապրանքանիշերի օծանելիքների գովազգային դեմքն է եղել։ Օրինակ, «Diamonds Armani»-ին և «True Tommy Hilfiger»-ը: 2010-ին Բեյոնսեն իր ուժերը փորձեց օծանելիքի արտադրության մեջ ու ստեղծեց սեփական «Heat» անունով օծանելիքը: «Beyoncé Parfums» օծանելիքները քիմիականորեն մոդիֆիկացված են, որպեսզի երգչուհին, առանց առողջության համար վախենալու, կարողանա օգտագործել դրանք։ Բացի Բեյոնսեից ամերիկացիների մոտ 30% -ը ունի ալերգիա օծանելիքներից ու սուր հոտով կոսմետիկ նյութերից:

Ալերգիա beyonce alergia

Բրիթնի Սփիրս

Բրիթնի Սփիրսը ալերգիա ունի մեղվի խայթոցից։ Ալերգիայի այս տեսակը հանդիպում է աշխարհի բնակչության շուրջ 5%-ի մոտ: Մեղվի խայթոցից ալերգիա ունեցող մարդու մաշկի վրա հայտնվում են կարմիր բշտիկներ: Ընդհանուր զգացողությունը վատանում է: Սկսվում է սրտխառնոց, ի հայտ է գալիս հազ, շնչառության դժվարացում, կոկորդի այտուց: Այս ամենը կարող է հանգեցնել շնչահեղձության: Ահա թե ինչու է Բրիթնին իր համերգների մեծ մասն անցկացնում փակ տարածությունում:

Ալերգիա britney spears alergia

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան