Ինչպե՞ս մնալ խնամված, երբ գեղեցկության սրահները փակ են։ Այս մասին պատմում են գեղեցկության մրցույթների հաղթողները, ովքեր կիսվում են միշտ խնամված ու գեղեցիկ արտաքինի իրենց գաղտնիքներով։
Անաստասիա Վիվտաշը 2018 թվականին Հայաստանը ներկայացրեց Հնդկաստանում կայացած «Miss Supermodel Worldwide» գեղեցկության մրցույթում:
Վիվտաշը մասնագիտությամբ դերասանուհի է և հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից «Պատվից առավել» և «Ծղրիդի գաղտնիքը» բազմասերիանոց ֆիլմերի ցուցադրությունից հետո:
Showbiz.am կայքի հետ զրույցում նա պատմում է տնային պայմաններում մաշկի, վարսերի խնամքի և կարանտինային առօրյայի մասին։
Կարանտինային զբաղմունքները ու հետաձգված ծրագրերը
Տանը մնալը և ոչ մի տեղ չշտապելը, ինձ համար բացառիկ հաճույք է: Այս օրերին զբաղմունքներս շատ են, մասնակցում եմ օնլայն դասերի, հասցրեցի դիտել 30-ից ավել ֆիլմեր: Դիտեցի իմ սիրելի դերասանների կողմից մի շարք մաստեր կլասներ, որոնց կարիքը շատ էի զգում: Վերանայեցի մեր հայկական ֆիլմերից մի քանիսը, որոնք ամենից շատն եմ սիրում: Մի փոքր էլ սովորեցի խոհանոցից գլուխ հանել:
Պետք է մեկնեի Ռուսաստան, նաև ունեի մի քանի ֆոտոնկարահանումներ, որոնք սակայն հետաձգվեցին: Կարանտինից հետո առաջինը կմեկնեմ ՌԴ:
Գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը
Ամեն օր՝ արթնանալուց անմիջապես հետո, զբաղվում եմ յոգայով, բացի դրանից օրվա մեջ մի քանի անգամ գնում եմ զբոսնելու՝ ուզեմ, թե ոչ (շներիս համար): Շատերին խորհուրդ կտամ, որ զբաղվեն հենց յոգայով, դա ուղղակի ֆիզիկական զբաղմունք չէ, այն հոգեպես շատ է փոխում մարդուն դեպի դրականը, դրանից հետո զգում ես քեզ ավելի երջանիկ, ավելի հանգիստ:
Դիմակ՝ փարթամ վարսեր ունենալու համար
Ինձ համար վարսերի խնամքի լավագույն միջոցներից կոկոսի բնական յուղն է․ երկար տարիներ եմ արդեն օգտագործում, ուղղակի շաբաթական երկու անգամ քսում եմ մազերիս, թողնում մի քանի ժամ և լվանում։ Հիանալի միջոց է նաև ռեպինայի յուղը։
Սրանք շատ լավ միջոցներ են , խնամված և առողջ վարսեր ունենալու համար:
Դիմակներ՝ առողջ ու գեղեցիկ մաշկի համար
Դեմքիս խնամքի համար նույպես օգտագործում եմ կոկոսի յուղ, քնելուց առաջ: Հաճախ պատրաստում եմ սպիտակ կավից դիմակներ, որոնք նախատեսված է յուղոտ մաշկի համար, և իհարկե, հրաշք միջոց է սպիռուլինայից պատրաստված դիմակները:
«Միսս Արմենիա» մրցույթի հաղթողը՝ Դայանա Դավթյանը, ով նաև ներկայացրեց Հայաստանը «Միսս տիեզերք 2019» մրցույթում, պատմում է իր ստեղծած տարօրինակ, բայց արդյունավետ դիմակների, ինչպես նաև գիրանալու երազանքի և կարանտինային առօրյայի մասին։
Կարանտինային առօրյան
Սկզբից կարանտինը շատ ծանր տարա, որովհետ բնույթով ակտիվ եմ ու չեմ կարողանում երկար ժամանակ տանը նստել։ Բայց հիմա ընտելացել եմ ու փորձում եմ օրս լցնել հետաքրքիր զբաղմունքներով՝ գիրք եմ կարդում, ֆիլմ եմ դիտում։ Այս ամենի ժամանակը նախկինում չունեի։
Ամենակարևոր գործը իմ դիպլոմային աշխատանքն է, որը մեկ շաբաթով հետաձգվել է։ Ցավոք, օնլայն ենք պաշտպանելու մեր դիպլոմայինը։ Այս տարի ավարտելու եմ Ճարտարապետական համալսարանը, մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ եմ։
Տրամադրվել էի, որ պաշտպանությունս գեղեցիկ կլինի, հետաքրքիր հիշողություններ կլինեն, բայց ցավոք, օնլայն է։ Հետաձգվել են նաև շատ ֆոտոնկարահանումներ, շատ առաջարկներ կային․․․Հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի։
Վախ նիհարելուց
Երբևէ գիրանալու հետ խնդիր չեմ ուենցել, այլ միշտ վախեցել եմ նիհարելուց, որովհետև մի փոքր սթրեսից և լարվածությունից միանգամից քաշ եմ գցում ու դժվարությամբ եմ հավաքում։ Ես գտել էի իմ գիրանալու բանաձևը՝ առողջ սնունդն ու մարզումները։ Բայց քանի որ հիմա տանն եմ, ախորժակ չեմ ունենում և հետևում եմ, որպեսզի ճիշտ ժամի կարողանամ սնվել, որպեսզի չնիհարեմ։
Երբեք չեմ հետևել դիետաների, շատ չեմ զբաղվել սպորտով։ Մանկուց այսպիսին է եղել իմ կառուցվածքը, գենետիկորեն է փոխանցվել։ Ես ամենավերջին մարդն եմ, ումից կարելի է խորհուրդ հարցնել նիհարելու վերաբերյալ։
Տարօրինակ, բայց արդյունավետ դիմակ վարսերի համար
Սիրում եմ տնային պայմաններում դիմակները, սակայն ինքս չեմ օգտագործում։
Մազերիս համար միայն փափկեցնող բալզամ եմ օգտագործում՝ վարսավիրիս խորհրդով։ Օգտագործում եմ նաև հատուկ յուղեր, որոնք ինձ նվիրել են «Միսս Տիեզերքում»։
Իսկ ավանդական միջոցներով պատրաստված դիմակներից նշեմ, որ տարիներ առաջ օգտագործում էի հոդերի համար դեղից՝ դիմեքսինից, գերչակի յուղից, մեղրից, լիմոնից, և ձվից պատրաստած դիմակ, որը շատ արդյունավետ էր։
Հետաքրքիր մեթոդ մաշկի թարմությունը պահպանելու համար
Կարծում եմ՝ որքան քիչ ձեռք տալ դեմքի մաշկին, այնքան այն թարմ ու լավը կմնա։ Պարզապես, պետք է շատ լավ լվանալ դիմահարդարումը։ Խորհուրդ եմ տալիս ձեր կերած բոլոր մրգերից մի փոքր ճզմել և քսել ձեր դեմքին։ Բոլոր մրգերն օգտակար են մաշկի համար։
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան