Ռոք երգիչ Բրայան Ադամսը ներողություն է խնդրել իր խոսքերի համար

60-ամյա ռոք երգիչ Բրայան Ադամսն ինստագրամյան իր էջում օրեր առաջ տեսահոլովակ էր հրապարակել, որտեղ կատարել էր 1983 թվականի իր «Cuts Like a Knife» երգը:
Տեսանյութին կից երգիչը պրովոկացիոն գրառում էր արել՝ նշելով, որ պետք է ելույթ ունենար Լոնդոնի Թագավորական Ալբերտ հոլում, սակայն չղջիկներ ուտող, շուկաներում կենդանիներ վաճառող, վիրուս ստեղծող ագահ մարդկանց պատճառով ամբողջ աշխարհում կյանքն այժմ կանգ է առել, իսկ վիրուսի հետևանքով հազարավոր մարդիկ են տուժում և մահանում։

Ռոք երգչի հրապարակումն անմիջապես բացասական արձագանք էր ստացել համացանցում, ինստագրամյան հետևորդները հեղեղել էին գրառման մեկնաբանությունները մեղադրանքներով, քննդատությամբ ու վիրավորական խոսքերով։
Ստեղծված իրավիճակում երգիչը որոշել է ներողություն խնդրել հնչեցրած խոսքերի համար։
«Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել է երեկվա իմ գրառումը։ Պարզապես ցանկանում էի բարձրաձայնել այդ շուկաներում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։ Ես սիրում եմ բոլոր մարդկանց»,- գրել է նա։