«Իմ ամուսնությունն ավարտվել է»․ Մերի-Քեյթ Օլսենն Օլիվյե Սարկոզիից բաժանման դիմում է ներկայացրել դատարան

Ամերիկացի դերասանուհի Մերի-Քեյթ Օլսենը փորձել է ապրիլին ամուսնալուծվել իր 50-ամյա ամուսնուց՝ ֆրանսիացի բանկիր Օլիվյե Սարկոզիից, սակայն դատարանը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ նրա ապահարզանին ընթացք չի կարող տալ, ասված է TMZ-ի հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ դերասանուհին ապահարզանի դիմում է ներկայացրել դեռևս ապրիլի 17-ին։ Ըստ կայքի տվյալների՝ զույգն արդեն առանձին է ապրում:

Մերի-Քեյթ Օլսենը տեղեկացվել է, որ Նյու Յորքի դատարանները COVID-19-ի համավարակի պատճառով «ամուսնալուծության դիմումներ չեն ընդունում», սակայն դերասանուհին խնդրել է արտակարգ կարգով թույլ տալ իրեն ներկայացնել ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերը և գործընթացին ընթացք տալ:

Կայքի տվյալների համաձայն՝ Օլիվյեն նույնիսկ կնոջը ստիպել է ազատել Նյու Յորքի իրենց վարձակալած բնակարանը։ Նրա փաստաբանները դերասանուհուն հրահանգել են հեռանալ մայիսի 18-ին, սակայն դերասանուհին կորոնավիրուսի պայմաններում այլ բնակարան չի կարողացել գտնել, ուստի նա խնդրել է երկարաձգել ժամկետը մինչև մայիսի 30-ը։

Ապրիլի 17-ին Նյու Յորքի Գերագույն դատարան ներկայացված բողոքի մեջ Մերի-Քեյթը գրել է. «Պարզ էր, որ իմ ամուսնությունն ավարտվել է, այդ հարաբերություններն անվերադարձ փլուզվել են»։

Նա նաև գրել է, որ «ամուսինս խզել է Նյու Յորքում մեր ընդհանուր բնակարանի վարձակալության պայմանագիրն առանց իմ համաձայնության»։

Նշենք, որ դերասանուհին Օլիվյե Սարկոզիի՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի եղբոր հետ սկսել է հանդիպել 2012 թվականից․ զույգն ամուսնացել է 2014 թվականին։