Ալոե վերան ամենատարածված դեղաբույսերից է, որը վաղուց հայտնի է իր օգտակար հատկություններով։ Այն հիանալի բնական միջոց է առողջական տարբեր խնդիրների դեմ պայքարի համար, սակայն քչերին է հայտնի, որ այս բույսը կարող է լինել նաև շատ արդյունավետ կոսմետիկ միջոց՝ օգնելով ազատվել մաշկի ու մազերի հետ կապված տարբեր տհաճ խնդիրներից։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ալոե վերայի կիրառման այլընտրանքային հինգ տարբերակ, որոնք կօգնեն ձեռք բերել առողջ ու գեղեցիկ մաշկ, ինչպես նաև փարթամ ու փայլուն վարսեր։
Բուժում է բշտիկները
Իր յուրահատուկ բուժիչ հատկությունների շնորհիվ այս բույսն օգնում է ազատվել մաշկային բորբոքումներից ու բշտիկներից։ Նման արդյունքի հասնելու համար հարկավոր է ալոե վերայի գելին ավելացնել մի փոքր մեղր ու մանրացրած հունական ընկույզ, լավ խառնել ու քսել դիմակը մաշկին։
Օգնում է խնամել չոր մաշկը
Ալոե վերայի գելը պարունակում է խոնավացնող բաղադրիչներ, ինչի շնորհիվ այն հիանալի խնամքի միջոց է չոր մաշկի ունեցողների համար։ Մաշկը խանավացնելու համար պարզապես հարկավոր է ալոե վերայի գելին ավելացնել մի պտղունց քրքում, 1 թեյի գդալ մեղր, 1 գդալ կաթ և մի քանի կաթիլ վարդի ջուր, այնուհետև լավ խառնել ու քսել դիմակը մաշկին։ Թողնել խառնուրդը 20 րոպե, որից հետո լվանալ մաշկը։
Մաքրում ու շերտազատում է մաշկը
Ալոե վերայի գելը կարող է հիանալի բաղադրիչ լինել մարմնի մաքրման համար նախատեսված սկրաբի համար։ Սկրաբը պատրաստելու համար հարկավոր է կես բաժակ ալոե վերայի թարմ գելին ավելացնել 1 բաժակ շաքարավազ և 2 գդալ կիտրոնի հյութ, այնուհետև լավ խառնել և կիրառել ստացված զանգվածը մաշկը մեղմորեն մերսելով շերտազատելու և մաքրելու համար։ Այս պրոցեդուրան կօգնի թարմացնել մաշկն ու մաքրել այն ոչ միայն վնասակար աղտոտող նյութերից, այլև մահացած բջիջներից։
Պայքարում է մաշկային ցանի դեմ
Ալոե վերան խթանում է մաշկի առողջացման ու վերականգնման գործընթացը` օգնելով ազատվել չորության ու գրգռման հետևանքով հաճախ ի հայտ եկող ցանից։ Այս բույսի գելն օժտված է սառեցնող ու հակաբորբոքային հատկություններով, ուստի շատ օգտակար է գրգռված մաշկի համար։ Կարելի է ալոե վերայի գելին ավելացնել մի փոքր վարունգի հյութ, յոգուրտ և վարդի ջուր, լավ խառնել ու ստացված մածուցիկ զանգվածը քսել մաշկին (կարելի է ամբողջ մարմնին)։ Թողնել դիմակը 20 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով։
Պաշտպանում է մազաթափությունից
Այս օգտակար բույսը պարունակում է պրոտեոլիտիկ ֆերմենտներ, որոնք վերականգնում են գլխամաշկի մահացած բջիջները։ Բացի այդ, այս բույսի գելը հիանալի կոնդիցիոներ է վարսերի համար, որն օգնում է դարձնել մազերն ավելի հարթ, նուրբ ու ենթարկվող։ Մազաթափությունից ազատվելու, մազերը սնուցելու և փարթամ, առողջ ու փայլուն վարսեր ունենալու համար հարկավոր է 3 թեյի գդալ ալոե վերայի գելին ավելացնել 2 թեյի գդալ յոգուրտ և մեկական գդալ մեղր ու ձիթայուղ, լավ խառնել ու քսել դիմակը գլխամաշկին ու մազերին։ Այս դիմակը հարկավոր է թողնել 30-60 րոպե, այնուհետև լվանալ գլուխը։