Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն այս տարի կմասնակցի «Եվրատեսիլ 2020»-ի հատուկ «Լուսարձակիր, Եվրոպա» համերգային նախագծին։
Աթենան Ինստագրամի իր էջում հրապարակել է BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցից մի հատված, որում ասում է․ «Չնայած կարող եք հիմա շղթայված լինել, բայց մի մոռացեք, ամեն ինչի համար միշտ էլ կա իր ճիշտ ժամանակը»։ Հրապարակմանը կից երգչուհին նաև գրառում է կատարել․ «Այնքան զգացված եմ, որ հնարավորություն ունեմ ներկայանալու աշխարհի ամենահզոր հեռուստաալիքներից մեկով՝ BBC-ով»։
Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքն ավելի վաղ տեղեկացրել էր, որ թեև չեղարկվել է նախագծի մրցութային հատվածը, սակայն երկրպագուները երաժշտական շուին հետևելու հնարավորություն կունենան։ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ հատուկ համերգը տեղի կունենա մայիսի 16-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։