Կարանտին, ընտանեկան առօրյա, բազմաթիվ հոբբիներ, թատրոն և հետաձգված պլաններ, հեռուստասերիալներ և ունենք այն, ինչ ունենք․ պատմում է դերասանուհի Ժաննա Հովակիմյանը

«Թատրոն 8» թատերախմբի հիմնադիր անդամներից մեկը` դերասանուհի Ժաննա Հովակիմյանը, դերասանական հարուստ փորձ ունի։ «Բանակում» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհուն այսօր էլ շատերը սիրում և անհամբեր սպասում են նրա՝ հեռուստաէկրաններ վերադարձին։
Ժաննան էլ շատերի պես այս օրերին գտնվում է կարանտինի մեջ, շատերի պես ունի կիսատ մնացած կամ հետաձգված կարևոր գործեր, բայց միևնույն ժամանակ դերասանուհին չափազանց հետաքրքիր ու հագեցած առօրյա ունի, ինչի մասին էլ պատմել է մեզ և մեր ընթերցողներին։

ShowBiz.am-ի հետ զրույցում Ժաննան խոսել է իր կարանտինից ու ընտանեկան առօրյայից, անդրադարձել իր ներկայիս աշխատանքին և բազմաթիվ հոբբիներին, ինչպես նաև խոսել հեռուստասերիալների որակից ու թատրոնի խնդիրներից։

Դերասանուհին այժմ իր գործունեությունը շարունակում է «Թատրոն 8» թատերախմբում. «Թեպետ որպես անհատ դերասանուհի, եթե հետաքրքիր առաջարկներ լինում են, իհարկե, համագործակցում եմ… «Թատրոն 8»-ը առհասարակ աշխատում է տարբեր հրավիրյալ ռեժիսորների և դերասանների հետ, մենք մասնակցել ենք շատ միջազգային փառատոնների ու հաղթանակով վերադարձել։ Ես երբևէ պետական թատրոնում չեմ աշխատել, ու դա եղել է իմ ցանկությունը։ Բայց ունեմ իմ սիրելի թատրոնը․դա Մալյան թատրոնն է, այնտեղի մթնոլորտը շատ եմ սիրում ։ Հեռուստատեսություն վերադառնալու ցանկություն, իհարկե, միշտ կա, սակայն դրա հետ մեկտեղ պետք է նաև հետաքրքիր առաջարկ լինի»,- պատմում է դերասանուհին։

Բոլորի պես Ժաննան էլ այս օրերին մեկուսացել է տանը, ինչի հետևանքով էլ շատ կիսատ գործեր են առաջացել։ «Եթե լինում եմ ինչ-որ հանրային վայրերում, անպայման կրում եմ դիմակ, իսկ մաքուր օդին բնականաբար՝ ոչ։ Ընտանիքումս էլ ամեն կերպ փորձում եմ այնպես անել, որ իմունիտետի հետ կապված որևէ խնդիր չունենանք։ Ի դեպ, լսել եմ, որ D վիտամինը շատ օգտակար է վիրուսների դեմ պայքարի գործում։ Կարանտինը, ճիշտն ասած, փոխել է կյանքս այնքանով, որ ես դպրոցական աղջիկ ունեմ, և նրա դպրոցն, այսպես ասած, «տեղափոխվել է» մեր տուն։ Ու հատուկ ժամեր կան մեր տանը, որ ես չպիտի խոսեմ, չպիտի քայլեմ, քանի որ աղջիկս պնդում է, որ այդպիսով խանգարում եմ իրեն։ Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ապա ես շտապելու տեղ չունեմ, իսկ դա իմ կյանքում չլսված բան է։ Ես միշտ տրտնջացել եմ, որ օրն ինձ չի հերքում, երբեք չեմ ունեցել գրաֆիկ, օրս անկայուն է եղել։ Իսկ հիմա, տանը լինելով, ես արդեն ունեմ գծած գրաֆիկ։ Գուցե զարմանաք, բայց ես իրոք չափազանց հագեցած ու հետաքրքիր առօրյա եմ ունենում։ Այս առումով, կարելի է ասել, որ կարանտինն ինձ «դաստիարակեց»»։ Կարանտինը երկարաձգվեց ևս 30 օրով, և ես մտածում եմ, որ եթե դա պետք է, մեզ անհրաժեշտ է, ապա պետք է դա տրամաբանորեն ընդունենք ու ենթարկվենք»,- հավելում է Ժաննա Հովակիմյանը։

Այս օրերին մենք կարոտում ենք այն ամենն, ինչը ժամանակին ունեինք, իսկ հիմա դա տեսնելու կամ անելու հնարավորություն չունենք։«Շատ եմ կարոտում տատիկիս, երկու ամսից ավելի է, ինչ նրան չեմ տեսել։ Կարոտում եմ ընկերներիս, կարոտում եմ քաղաքը, կարոտում եմ իմ աշխատանքը ու ինձ թվում է, որ եթե այս ամենն այսպես շարունակվի, ես դեռ շատ երկար կշարունակեմ կարոտել իմ աշխատանքը։ Մենք թատրոնում նախատեսել էինք «Մնաց 7 օր» ներկայացումը կրկին կյանքի կոչել․այն երկար ժամանակ է, ինչ չէինք խաղացել։ Ես արդեն հասցրել էի զանգել Լևոն Հարությունյանին, պայմանավորվել նրա հետ փորձերի համար, բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ «Ես կին եմ» ներկայացումն հերթական անգամ պիտի խաղայինք, վաճառվել էին տոմսերը, սակայն դա էլ չեղարկվեց։ Նաև նոր ներկայացմանն էինք պատրաստվում, դա ևս հետաձգվեց։ Իրականում մեր կյանքը բավականին փոխվել է, ու ես կարծում եմ, որ մենք մեր բնականոն կյանքին վերադառնալիս էլի սթրեսի միջով կանցնենք»,- եզրակացնում է դերասանուհին։

Այս ընթացքում Ժաննան միայն տատիկին տեսնելուց է խուսափում, բայց հասցրել է ծնողներին տեսնել մի քանի անգամ և դա էլ նրանց պարտադրությամբ․«Ես երիտասարդ եմ, վիրուսը կարող եմ շատ հեշտությամբ տանել՝ ի տարբերություն նրանց՝ մանավանդ տատիկիս։ Ընկերներիս ևս չեմ տեսել, միայն հեռախոսով ենք կապը պահում, ինչպես նաև օնլայն հարթակում ենք մեր շփումը շարունակում»։

Դերասանուհին զրույցի ընթացքում նաև փորձեց առանձնացնել կարանտինի և կորոնավիրուսի ամենաբացասական և դրական կողմը․ «Ինչպես բոլորի՝ այնպես էլ ինձ համար կորոնավիրուսի ամենաբացասական և ցավալի կողմը մարդկային կորուստներն են, դրանք անդառնալի են։ Իսկ ամենամեծ առավելությունը, որին հասել եմ կամ ձեռք եմ բերել, դա շատ մեծ ինֆորմացիան է»,- փաստում է Ժաննան, ապա պատմում իր բազմազան և հագեցած առօրյայից․«Առհասարակ օրս շատ շուտ է սկսվում՝ 6։30-ից մինչև 7-ն ընկած ժամանակահատվածում։ Արթնանալուն պես մարմնամարզությամբ եմ զբաղվում, հետո անցնում եմ անգլերենի պարապմունքներիս, հիմա սկսել եմ ավելի ինտենսիվ կերպով անգլերեն պարապել։ Դրա հետ զուգահեռ այժմ սկսել եմ ավելի մանրակրկիտ ուսումնասիրել Միխայիլ Չեխովի «Դերասանի տեխնիկայի մասին» վարպետության գիրքը։ Շատ ֆիլմեր եմ դիտում, օրինակ՝ կարող եմ լավ ֆիլմ խորհուրդ տալ` «Платформа», շատ իմաստալից, հետաքրքիր ֆիլմ է։ Այս ընթացքում հասցրել եմ բազմաթիվ ներկայացումներ դիտել օնլայն հարթակում, որոնք շատերին անտարբեր չեն թողնի։ Դիտել եմ Բրոդվեյի ներկայացումներից ու դրանից հետո ես մի քանի օր, չեք պատկերացնի, ուղղակի անչափ երջանիկ էի, հոգիս այնքան ուրախ էր, որ ինձ հաջողվեց տեսնել այդ փառահեղ ներկայացումը։  Այս ընթացքում առանձնակի ուշադրությամբ սկսել եմ հետևել անգլիական թատրոնին։ Օրեր առաջ դիտել եմ «Ֆրանկենշտեյն» ներկայացումը, այնտեղ խաղում է Բենեդիկտ Կամբերբետչը՝ ուղղակի ֆանտաստիկ դերասան, ով փայլուն կերպով տիրապետում է իր մարմնին, խոսքին, կարելի է ասել՝  դերասանական վարպետության դաս էր։ Ու ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ այս ժամանակահատվածը ճիշտ օգտագործել։ Հիմա նաև մեկ այլ հետաքրքրություն էլ եմ գտել, համացանցի օգնությամբ դիտում և սովորում եմ չինական ազգային բժշկության մասին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ եմ արել։

Ժաննան երեկոները հիմնականում դստեր հետ է  անցկացնում, միասին մուլտեր կամ կոմեդիաներ են դիտում։ «Ես նաև 8 ամսական շուն ունեմ, նրա հետ էլ ենք շատ զբաղվում։ Բացահայտել եմ, որ ես կարող եմ շատ հանգիստ շուն վարժեցնող էլ լինել, շատ-շատ բաներ ենք իրեն սովորեցնում»,- ոգևորությամբ պատմում է դերասանուհին։

Ժաննան նաև որոշել է 10-15 օրից սկսել հեծանիվ վարել սովորել։ Նրանք վաղուց ձեռք էին բերել այն դստեր համար, սակայն, կարծես թե, Ժաննային հեծանիվն ավելի է պետք գալու։

Զրույցի ընթացքում Ժաննա Հովակիմյանը խոսեց նաև մեր հայկական սերիալներից, դրանց մակարդակից ու բովանդակությունից, ինչպես նաև անդրադարձավ այն փաստին, որ այսօր մեր սերիալներում և ֆիլմերում շատ են այն «դերասանները», որոնք իրականում դերասաններ չեն․ «Հայաստանում, երբ սկսվեց սերիալային ինդուստրիան ձևավորվել, դրա հետ մեկտեղ պարբերաբար բարձրացվում էր նաև այս հարցը, բայց արի ու տես, որ այն մինչև այսօր էլ իր լուծումը չի ստանում։ Այս ամբողջ ընթացքում միայն քննադատություն ենք լսում, բայց ինչպես փաստը ցույց է տալիս, այն ոչ մի ազդեցություն չունի: Չեմ ուզում ես էլ քննադատողի դերում հայտնվել, քանի որ դա իրոք ոչինչ չի տալիս։ Այն սերիալները, որոնք մեզ ոչինչ չեն տալիս, դրանցից պարզապես պետք է խուսափել։ Ես ինքս, ծնող լինելով, երբեք թույլ չեմ տալիս, որ իմ երեխան դրանք դիտի և նույնն էլ խորհուրդ եմ տալիս, որ մյուսներն անեն։ Մենք պետք է սովորենք ընտրություն կատարել, չպետք է խելոք դիտենք այն, ինչը մեզ հրամցնում են, և գուցե միայն այդ դեպքում հնարավոր լինի ինչ-որ բան փոխելը։ Աշխարհում հազարավոր ստացված սերիալներ կան, իսկ դրանց կողքին մեզ չգիտես թե ինչ են առաջարկում։ Վատ ապրանքի դեմ պետք է պայքարել որակյալ ապրանքով։ Վերջերս Հանրային հեռուստաընկերությունը մեր դասական գործերը վերածում է բազմասերիանոց ֆիլմերի․ ապացուցում են, որ մեզ մոտ էլ կարող է ստացվել, ինչի համար ուզում եմ նրանցից շնորհակալություն հայտնել»։

Իսկ ինչ վերաբերվում է չդերասաններին, ապա Ժաննան ասաց, որ տարիներ առաջ այդ փաստը շատ ցավոտ էր ընդունում, իսկ հիմա առհասարակ դրա վերաբերյալ ոչ մի կարծիք կամ վերաբերմունք չունի։

Ժաննա Հովակիմյանը նաև անդրադարձավ թատրոնին, դրա խնդիրներին, այնտեղ աշխատող ռեժիսորներին և դերասաններին և փորձեց իր տարբերակն ու լուծումն առաջարկել հարցին որևէ ընթացք տալու համար․ «Ես, քանի որ պետական թատրոնում չեմ աշխատել, նրանց խնդիրներից այնքան էլ լավ տեղեկացված չեմ, ուստի չեմ կարող խոսել։ Ես կարող եմ անդրադառնալ փոքր թատերախմբերի խնդիրներին, իսկ դրանք բազմաթիվ  են՝ ֆինանասավորման խնդիրներ, դահլիճի վարձակալման խնդիր, փորձատեղիի խնդիր․․․ Իրականում ես  շատ եմ կարևորում փոքր թատերախմբերի դերը մեր քաղաքում: Նրանք համագործակցելով տարբեր ռեժիսորների ու դերասանների հետ, ամեն անգամ հետաքրքիր ու ինքնատիպ մոտեցումներով են ներկայանում ու բազմազանություն մտցնում մեր թատերական  աշխարհում:

Իսկ ինչ վերաբերվում է դերասաններին և ռեժիսորներին, Ժաննան նշեց, որ ինքը միշտ համոզված է եղել, որ դերասաններն ու ռեժիսորները պիտք է շատ շրջագայեն, ավելի շատ բան տեսնեն , քանի որ դա օգնում է մտահորիզոնը լայնացնելու հարցում․ «Կարծում եմ՝ դա լճացումից փախչելու միակ ձևերից է։ Փորձի փոխանակումը և տարբեր ռեժիսորների հետ աշխատելը օգնում են ավելի բազմազան լինել։ Դերասանն իրավունք չունի երբևէ կանգ առնել, սա այն մասնագիտությունն է, որն անընդհատ պահանջում է ինքնակրթություն և ինքնակատարելագործում»։

Դերասանուհին չմոռացավ նաև անդրադառնալ այն հարցին, որը մենք այսօր ունենք՝  դերասանական դպրոցի խնդիր և ճիշտ մասնագետներ դաստիարակելու խնդիր․ «Գուցե դա է պատճառը, որ այսօր մեր մասնագիտությունն այսքան էժանացել է։ Մարդիկ այսօր չեն հասկանում, թե ով է դերասանը»։

Եթե ոչ դերասանուհի, ապա ուրիշ ի՞նչ։ Ժաննան այս հարցի պատասխանն էլ ունի․ «Ես, երբ փոքր էի, շատ էի տարված բալետով։ Հեռուստացույցով տեսնելիս երազում էի, որ ես էլ պիտի բալետի պարուհի դառնամ։ Սակայն հաշվի առնելով այն ժամանակվա պայմաններն ու հնարավորություններն, այն հնարավոր չեղավ իրականություն դարձնել։ Նաև երազում էի, որ պիտի պարահանդեսային պարեր պարեմ, ու, փառք Աստծո, այս երազանքս ինչ-որ չափով իրականացավ ու ես մասնակցեցի Շանթ հեռուստատեսության «Պարահանդես» նախագծին ու կարողացա հաղթել։ Այնպես որ, կարծում եմ, եթե չլինեի դերասան, կընտրեի պրոֆեսիոնալ պարողի ուղին»։

Ժաննան կարծում է, որ դերասանն իրեն ամեն տեղ պիտի փորձի, հենց դրա համար էլ 5 տարի առաջ որոշեց, որ պիտի գոնե մեկ երաժշտական գործիք սովորի նվագել, և դա եղավ կիթառը։ «Ծնողներս երաժիշտներ են, ինձ էլ փոքր ժամանակ տարել են ջութակ նվագել սովորելու, սակայն իմ կամակորությունների պատճառով այն կիսատ թողեցի․․․»,- ափսոսանքով հիշում է Ժաննան։

«Մենք պետք է գիտակցենք մեր մասնագիտության լրջությունը, քանի որ, մեզ հետևելով, շատերն օրինակ են վերցնում և շատ բաներ են կարողանում սովորել»,- եզրակացնում է Ժաննա Հովակիմյանը։

Հեղինակ՝ Լուս Ավագյան