Լավագույն բնական միջոցներն անքնության ու քնի խանգարումների դեմ պայքարի համար. երկու բաղադրատոմս

Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա՝ հանգեցնելով թուլության, գերհոգնածության, ուժերի անկման և ինքնազգացողության սաստիկ վատթարացման։ Այս խնդիրը հատկապես արդիական է վերջին շրջանում, քանի որ կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված համավարակի ֆոնին մարդիկ շատ ավելի հաճախ են ենթարկվում սթրեսների ու անհանգստության ազդեցությանը։

Քնի խանգարումների խնդրին կարող է բախվել յուրաքանչյուրը, սակայն ոչ բոլորն են ճիշտ պայքարում այս խնդիրների դեմ: Անքնության և քնի խանգարումների դեպքում մարդիկ, որպես կանոն, կամ ընդունում են քնաբեր ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ, կամ պարզապես անուշադրության են մատնում խնդիրը, մինչդեռ քնի խանգարումների դեմ կարելի է հեշտությամբ պայքարել նաև բնական միջոցներով, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջում դեղամիջոցներին:

Ներկայում դեղագործական ընկերություններն առաջարկում են տարատեսակ միջոցներ անքնության բուժման համար, սակայն բժիշկները նախազգուշացնում են, որ ցանկացած դեղամիջոց առաջացնում է բավական լուրջ կողմնակի բարդություններ, իսկ հաճախակի գործածության դեպքում կարող է անգամ կախվածություն առաջացնել։ Սա է պատճառը, որ քնի կարգավորման համար մասնագետները հորդորում են կիրառել ավելի անվնաս միջոցներ, որոնք պատրաստվում են բացառապես բնական բաղադրիչներից, շատ ավելի հասանելի են և հազվադեպ են ունենում հակացուցումներ:

Aif.ru կայքը ներկայացրել է նման երկու բնական դեղամիջոց, որոնք կօգնեն հանգստացնել նյարդային համակարգն ու հեշտությամբ կարգավորել քունն առանց վնասական դեղորայքի գործածության։

1-ին բաղադրատոմսը.

1 ճաշի գդալ թարմ պատրինջի տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 15 րոպե թրմել, այնուհետև քամել։ Պատրաստի թուրմը կարելի է քաղցրացնել մի փոքր մեղրով, ավելացնել մի շերտ կիտրոն և խմել քնելուց առաջ։

2-րդ բաղադրատոմսը.

Խառնել հավասար քանակությամբ չորացրած սողացող ուրցն ու խնկածաղիկը, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր և 15 րոպե եփել տաք գոլորշու վրա։ Թրմել եփուկը ևս կես ժամ և խմել քնելուց առաջ։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում անքնությունն ու քնի այլ խանգարումները պայմանավորված են լինում բավական լուրջ հիվանդություններով, ուստի նման միջոցների գործածությունից առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: