Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան դիտարկում է «Օսկար-2021»-ի ամսաթիվը տեղափոխելու հնարավորությունը

Թեև «Օսկար» կինոմրցանակի հանձնման 93-րդ արարողությունը նախատեսված է 2021 թվականի փետրվարից ոչ շուտ, ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան դիտարկում է արարողության ամսաթվի տեղափոխման հնարավորությունը, գրում է Variety-ն։

Աղբյուրները, որոնք խոսել են անանունության պայմանով, հայտնել են, որ այս պահին վերջնական որոշում չկա: Ներկայում մրցանակաբաշխությունը նախատեսված է անցկացնել 2021 թվականի փետրվարի 28-ին, ABC ալիքով:

Այնուամենայնիվ, աղբյուրները հայտնել են, որ մրցանակաբաշխության հնարավոր նոր ամսաթվի վերաբերյալ քննարկումներն ընթացքի մեջ են:

Ապրիլին Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ «Օսկար» մրցանակի հավակնող ֆիլմերի ցանկում կներառի նաև այն ֆիլմերը, որոնց ցուցադրությունը տեղի է ունեցել առցանց։

«Այն ֆիլմերը, որոնց ցուցադրությունն ի սկզբանե նախատեսված էր կինոթատրոններում, բայց որոնք թողարկվել են առևտրային սթրիմինգային ծառայություններում կամ VOD հարթակներում (վիդեո հարթակներ), կարող են հավակնել լավագույն ֆիլմի, հիմնական և հատուկ անվանակարգերում առաջադրվելուն»,- ասված էր հայտարարությունում։

Ավանդաբար «Օսկար»-ի անվանակարգորդ կարող էին դառնալ միայն այն ֆիլմերը, որոնք մրցանակի հանձնմանը նախորդող օրացույցային տարվա ընթացքում գոնե մեկ շաբաթ եղել են Լոս Անջելեսի ցանկացած կինոթատրոնի վարձույթում: Կանոններում փոփոխություններ կատարելու որոշումը կապված է կորոնավիրուսի համավարակի պատճառով կինոթատրոնների փակման հետ։

Նշվում է, որ «Օսկար»-ի հավակնելու համար ֆիլմը թողարկման օրվանից 60 օրվա ընթացքում պետք է տեղադրվի ակադեմիայի սեփական սթրիմինգային կայքում: