Անջելինա Ջոլին արգելել է Բրեդ Փիթին իրենց դստերը նրա ընկերուհիների հետ ծանոթացնել

Հոլիվուդյան դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին նախկին ամուսնուն՝ հայտնի դերասան Բրեդ Փիթին, արգելել է իրենց դուստր Շայլոյին ծանոթացնել իր ընկերուհիների հետ, հայտնում է The Mirror հրատարակությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ վերջին շրջանում արտիստին 31-ամյա գործընկերուհու՝ Ալիա Շոուքաթի հետ են սիրավեպ վերագրում։ Չնայած որ աստղերը նման լուրերի իսկությունը չեն հաստատել՝ Ջոլին նախկին ամուսնուն խնդրել է Ալիայի հետ երեխայի կապը խզել։ Նշվում է, որ 13-ամյա Շայլոն հոր հետ ժամանակ անցկացնելու ժամանակ է ծանոթացել Շոուքաթի հետ։

Ջոլին նաև նախկին ամուսնուց պահանջել է, որ երեխան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի հետ նույնպես չշփվի։ Հիշեցնենք, որ Փիթն ու Էնիսթոնը 2005 թվականին են բաժանվել, սակայն պահպանել են լավ ընկերական հարաբերությունները:

Դերասանը, դեկտեմբերին պատասխանելով Ջոլիի հետ բաժանումից հետո նոր սիրավեպ ունենալու մասին լուրերին, նշել էր, որ չի խուսափում հարաբերություններից, միևնույն ժամանակ որևէ մեկին կոնկրետ չի փնտրում։ «Չգիտեմ՝ վերջին երկու-երեք տարվա ընթացքում քանի սիրավեպ են վերագրել ինձ, սակայն դրանցից որևէ մեկն իրականությանը չի համապատասխանում»,- ասել էր դերասանը։