Չորս մթերք, որոնք կօգնեն երիտասարդացնել մաշկն ու դարձնել այն առողջ ու փայլուն

Մաշկի երիտասրդությունն ու առողջությունը հնարավորինս երկար պահպանել շատերն են ցանկանում, սակայն երբեմն ծերացման գործընթացները դանդաղեցնելը բավական բարդ է լինում։ Մաշկի թարմության ու առողջության պահպանման համար շատ կարևոր նշանակություն ունի ճիշտ խնամքը, սակայն քչերն են հաշվի առնում, որ ոչ պակաս կարևոր է նաև առողջ սննդակարգն ու ճիշտ մթերքի գործածությունը։

Մասնագետների խոսքով` մաշկի վիճակի բարելավման համար ամենաօգտակար սննդամթերքների տեսակներն են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ պարունակողները։ Այս տարրերը պաշտպանում են բջիջներն ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից`դրանով իսկ պաշտպանելով նաև վաղաժամ ծերացումից։ Նման մթերքի շնորհիվ մաշկը երիտասարդանում է և առողջ փայլ է ստանում, ուստի սննդակարում դրանց առկայությունը շատ կարևոր է։

Մաշկաբանները ներկայացրել են մաշկի համար ամենաօգտակար սննդամթերքների տեսակներից չորսը, որոնք սննդակարգում ներառելը կօգնի թարմացնել մաշկն ու դարձնել այն ավելի առողջ ու փայլուն:

Մուգ շոկոլադ

Այս մթերքը նվազեցնում է մաշկային հյուսվածքների խոնավության կորուստը, ինչի շնորհիվ բարելավվում է մաշկի ընդհանուր վիճակը։ Մասնագետները խորհուրդ են տալիս օրական մոտ 30 գրամ շոկոլադ օգտագործել, սակայն հարկավոր է ընտրել այն շոկոլադը, որի մեջ կակաոյի պարունակությունը կլինի առնվազն 70%։

Հունական ընկույզ

Ընկույզի այս տեսակում պարունակվող մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուների շնորհիվ ակտիվանում է կոլագենի` մաշկի առաձգականությունն ապահովող սպիտակուցի սինթեզը։ Բացի այդ, այս մթերքը հարուստ է նաև պանտոտենաթթվով, որը դարձնում է մաշկն ավելի հարթ։

Բալ

Բալը պարունակում է շուրջ 17 տարբեր հակաօքսիդանտ և իսկապես դանդաղեցնում է մաշկի ծերացման գործընթացը։ Փորձագետների խոսքով` օրական հարկավոր է ուտել մի բուռ բալ։ Ընդ որում` այս մթերքը կարող է լինել ինչպես թարմ, այնպես էլ չորացրած կամ սառեցված։

Դդմի սերմեր

Այս սերմերի գործածությունն ապահովում է կոլագենի կայուն մակարդակը, ինչպես նաև բարելավում է մաշկի առաձգականությունն ու խթանում է բջջային մակարդակով մաշկի թարմացման գործընթացը։