Նազենի Հովհաննիսյանի լուսանկարներն ու նոր գրառումը

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր երկրպագուների հետ կիսվել է լուսանկարների շարքով ու դրան կիղ գրառում է կատարել։

«Ծաղկեվանքում ուղիղ մի տարի առաջ էինք`«Համի ուժ»-ով: Այն ամայի էր ու դատարկ. այսօր արդեն` մարդաշատ ու սարքին։ Մի կնոջ բժշկության մասին եմ լսել` մեր նկարահանումից հետո այս վայրն այցելած…երանի գտնեինք նրան։ Այսօր Համբարձումն է:Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Իր վարդապետության 40-րդ օրը`վերջին հանդիպման ժամանակ, օրհնում է առաքյալներին ու համբարձվում երկինք: Վկայում են Ս.Մարկոս և Ս.Ղուկաս ավետարանիչները, ինչպես նաև՝ «Գործք Առաքելոց»–ը։ «Եվ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19): Հայ Առաքելական եկեղեցին Համբարձման տոնին հիշատակում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը: Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է լուսավորչահիմն Ս. Էջմիածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա` Ս. Էջմիածնում Համբարձման տոնի առթիվ մատուցվող Ս. Պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջև կատարվում է նաև Հայրապետական մաղթանք: Քրիստոսի Համբարձման տոնը նաև ժողովրդական հանդիսություններով է լի. կոչվում է Ջանգյուլում (գյուլ` վարդ, ծաղիկ): Օրն անվանում էին նաև «Ծաղկամոր կիրակի»: Ծաղկամայրն ըստ ավանդության քրիստոնյա Վարվառե կույսն է, ով փախչելով կռապաշտ հորից՝ ապաստանում է Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում և սպանում նրան: Նահատակվելուց առաջ Վարվառեն Աստծուն խնդրում է, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այս քարանձավ-մատուռը ուխտատեղի է, պատերից մաքուր ու բուժիչ ջուր է հոսում, ասում են` կույսի արցունքներն են: Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Ծաղկահավաք են անում,հետո վիճակ գցում` պարզելու, թե այդ տարի ո՞վ է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր՝ նկարագրված նաև Թումանյանի «Անուշը» պոեմում»,- գրել է Նազենին։