«Դա ինձ համար բացահայտում եղավ»․ Քնարիկ Զաքարյանի հեղինակային նախագիծը և կարանտինային զբաղմունքները

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի Քնարիկ Զաքարյանը կարանտինի ընթացքում կարողացավ թե՛ ընտանիքի հետ շատ ժամանակ անցկացնել, թե՛ իր երկրպագուների ու ինստագրամյան հետևորդների համար հետաքրքիր ժամանցի տարբերակ ստեղծել՝ հարցազրույցներ կազմակերպելով հայտնի ու սիրված մարդկանց հետ։ Showbiz.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է ինքնամեկուսացած առօրյայի, իր մեջ պատահաբար բացահայտած ունակության, հեղինակային նախագծի, թատրոնի և այլ թեմաների մասին։

Քնարիկը, ինչպես բոլոր մայրիկները, որոնք այս ընթացքում ավելի շատ ժամանակ ունեցան երեխաների հետ լինելու, սկսել է շատ պատրաստել, նոր բաղադրատոմսեր փորձել և բացահայտել, որ դա նույնիսկ իրեն օգնում է։ Դերասանուհին մանրամասնեց, թե ինչով է զբաղվել տնային մեկուսացման պայմաններում․ «Կարանտինային առօրյաս անցել է տանը՝ հիմնականում խոհանոցում, խմորեղեններ թխելով։ Դա ինձ համար բացահայտում եղավ, որովհետև մինչ այս թխվածքներ չէի պատրաստում։ Բայց ասեմ, որ դրա շնորհիվ մի քիչ ցրվում էի ու նյարդերս հանգստանում էին»։

Դերասանուհին խոսեց տնային մեկուսացման դրական կողմի և տանը երկար մնալու պատճառով առաջացող ընկճախտի մասին․ «Տնային մեկուսացման դրական կողմերից կարող եմ առանձնացնել այն, որ ավելի շատ ժամանակ ես անցկացնում ընտանիքիդ ու երեխաներիդ հետ։ Բայց այն փաստը, երբ դու ստիպված ես տանը մնալ, կարծես, տանը մնալու հաճույքն ու լիարժեքությունը կիսում է, դրա համար երբեմն նյարդերդ տեղի են տալիս ու այդ փակված վիճակի պատճառով մարդը դեպրեսիայի մեջ է ընկնում»։

Քնարիկը կարանտինի ընթացքն օգտագործեց մի շատ հետաքրքիր ինստագրամյան նախագիծ իրականացնելով՝ ստեղծվեց «Բլից Լայվը»: Դերասանուհին պատմեց, թե ինչպե՞ս որոշեց դա իրականացնել և ինչը՞ դարձավ այդ յուրօրինակ հարցազրույցների ստեղծման շարժառիթը․ «Այս փակված օրերին, երբ չկան թատրոնն ու բեմը՝ դերասանի համար ամենավատ հիվանդությունն է։ Ես սկսեցի ինստագրամյան ուղիղ եթերներ անել հայտնի մարդկանց, իմ ընկերների հետ ու այդ ձևաչափն անվանեցի «Բլից Լայվ»։ Դա բլից հարցում է, որն իմ փակված ու մի փոքր միապաղաղ օրերը դարձնում է ավելի տաք ու ավելի գունեղ»։

Այդ ուղիղ հեռարձակումների ընթացքում դերասանուհին շփվում է հայտնի մարդկանց հետ, որոնց բնականաբար արդեն քիչ թե շատ ճանաչում է, քանի որ նրանք հիմնականում իր կոլեգաներն ու ընկերներն են: Փորձեցինք հասկանալ, թե արդյո՞ք եղել են այդ ընթացքում հայտնիների մասին այնպիսի բացահայտումներ, որոնցից հետո Քնարիկը նորովի է սկսել ճանաչել իր ընկերներին․ «Եղել են բացահայտումներ, բայց ոչ ինձ համար, այլ այն մարդկանց, ովքեր հետևում են ուղիղ հեռարձակումներին, կամ հետո են դիտել եթերը։ Շատերն են ինձ խոստովանել, ասելով․ «Գիտես, այս մարդուն սիրում էինք, բայց իրեն այսպիսին չէինք պակերացնում ու հիմա էլ ավելի շատ ենք սիրում»։ Նման դեպքեր շատ են պատահել, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Գուցե դա հարցերի ֆորմատից է, գուցե անմիջականությունից։ Այսպես մարդիկ հայտնիներին տեսնում են շատ ավելի ազատ, անմիջական պատասխաններ տալիս ու արտահայտվելիս։ Դժվարանում եմ ասել, որ ինձ համար մեծ բացահայտումներ են եղել ընկերներիս վերաբերյալ»։

Քանի որ բոլոր թատրոնների աշխատանքները դադարեցված էին ու բոլոր ներկայացումները չեղարկված, դերասանների համար մեծ ուրախություն էր, երբ մի քանի օր առաջ արդեն թույլատրվեց փոքր խմբերով ու հետևելով անվտանգության բոլոր կանոններին աշխատանքները վերսկսել․ «Թատրոնում մենք արդեն վերսկսել ենք փորձերը, իհարկե հայտնի չէ, թե առհասարակ երբ նորից ներկայացում կխաղանք լեփ-լեցուն դահլիճում, բայց սա արդեն մեզ բուժում է։ Տա Աստված, որ այս ամենն արագ ավարտվի ու բոլորն առողջ լինեն»։

Դերասաններն իսկապես շատ են կարոտել բեմն ու մարդկանց հետ անմիջական շփումը։ Հարցին, թե ինչը՞ կլինի առաջին բանը, որ կցանկանա անել, երբ ավարտվի այս համընդհանուր կարանտինն ու այլևս վտանգ չլինի, Քնարիկ Զաքարյանը պատասխանեց․ «Երևի թե, առաջին բանը, որ կցանկանամ անել՝ գրկել իմ շատ սիրելի ընկերներին, հանդիպել նրանց հետ մարդաշատ սրճարանում, միասին սուրճ խմել ու միանշանակ, լեփ-լեցուն դահլիճում ներկայացում խաղալ»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան

Լուսանկարները՝ Քնարիկ Զաքարյանի անձնական արխիվից