«Իմ բաղձալի երազանքն է, որ մենք Տիգրան Մեծի մասին ֆիլմ ունենանք»․ Ալինա Մարտիրոսյանը՝ սերիալում նոր դերի և խորհրդավոր արշավանքի մասին

Համավարակը կարողացավ խախտել մեր բնականոն կյանքը, շատ հետաքրքիր ծրագրեր անկատար մնացին կարանտինային ռեժիմի հետևանքով։
Օրինակ՝ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը  Showbiz.am կայքի հետ զրույցում խոստովանում է, որ ամուսնու՝ գեղանկարիչ Կարեն Արայանի հետ պատրաստվում էր մեկնել չափազանց ռիսկային ու վտանգավոր ճամփորդության, բայց ինքնամեկուսացման հետևանքով նրանք դեռ Հայաստանում են։
«Մենք մեծ ծրագիր ունեինք։ Ամուսինս որոշել էր, որ պետք է գնանք Տիբեթ։ Տիբեթում կա Կայլաս անունով սար, որն անվանում են նաև Աստվածների սար, այն ունի 6666 մետր բարձրություն և երկրագնդի վրա դեռ ոչ ոք չի համարձակվել բարձրանալ այդ սարը, որովհետև այն միստիկ սար է, շատերը բարձրանալու ընթացքում ծերանում կամ գժվում են, տեսնում են Բուդդային, Շիվային, խելագարվում են կամ ուղղակի մահաում են։ Շատ վտանգավոր սար է, բայց Կարենը որոշել է բարձրանալ»,-խոստովանում է Ալինան ու հավելում,-« Նշեմ, որ ավելի վաղ Կարենը բարձրացել է Արագած լեռը և այնտեղ մնացել էր մեկ գիշեր։ Շատ քիչ մարդիկ կան, ովքեր կհամարձակվեն ամբողջովին միայնակ մնալ այնտեղ։ Կարենն էքստրիմի սիրահար է»։


Ալինան նշում է, որ ինքը, ցավոք, չի կարող ամուսնու հետ բարձրանալ Կայլաս սարը, որովհետև շատ ուժեղ հոգևոր պատրաստվածություն է պետք այնտեղ բարձրանալու համար։ Նա, պարզապես, կսպասի ներքևում ամուսնուն։ Դերասանուհին նաև հավատացնում է, որ ոչ մի մտավախություն չունի և համոզված է, որ ամուսինը կդառնա առաջին մարդը, ով կարողացել է հասնել այդ խորհրդավոր սարի գագաթը, որովհետև Կարենը նաև առանձնահատուկ շնորհ ունի։

«Բացարձակ վախ կամ խուճապ չկա իմ մեջ, որովհետև Կարենը հոգեպես զարգացած մարդ է։ Օրինակ՝ ֆեյսբուքն ունի մի ֆունկցիա, որը ներկայանցում է նախորդ տարիների հիշողությունները․ վերջերս այն հիշեցրեց,որ 2017 թվականին Կարենը կորոնավիրուսի մասին ստատուս էր գրել, 2015 թվականին գրել էր նաև հեղափոխության մասին։ Նրա մոտ նման մարգարեական զգացումներ են գալիս, երբ նա զբաղվում էգեղանկարչությամբ։ Կարենը զգում է, որ կկարողանա բարձրանալ ու ես վստահում եմ նրան, չեմ վախենում։Կարանտինից հետո անպայման պետք է գնանք։ Կարենը կբարձրանա ու կդառնա աշխարհում միակ մարդը, ով կարողացել է»,- կիսվում է դերասանուհին։


Նշենք, որ սարը բարձրանալու համար պետք է իրավունք ստանալ չինական իշխանություններից, ինչն այդքան էլ հեշտ չէ։
«Մենք գնալու ենք հատուկ խմբով։ Առանց թույլտվության ամեն մեկը չի կարող մոտենալ այդ սարին։ Մենք ունենալու ենք գիդ, ով 20 տարուց ավելի է այնտեղ է աշխատում։ Սարը չի կարելի բարձրանալ, այն սուրբ վայր է, այսքան տարիների ընթացքում միայն երկու հոգի է ունեցել թույլտվություն, ովքեր պետք է բարձրանային, բայց չեն կարողացել»,- ասում է Ալինան։

Այժմ Ալինա Մարտիորսյանը հանդես է գալիս նոր «Խաբկանք» հեռուստասերիալում, որտեղ նա կատարում է գլխավոր հերոսուհու մորաքրոջ դերը։
Դերասանուհին պատմում է, որ ռեժիսորի հետ առաջին անգամ է համագործակցում և հավելում է․«Ռեժիսորն ամեն ինչ անում է, որպեսզի սերիալը լավ ստացվի, հոգի է դնում ամեն ինչի մեջ։ Ունենք արտակարգ սցենարիստ` Անուշիկ Պետրոսյանը։ Մեր թիմը շատ լավն է,կերպարները շատ ճիշտ են ընտրված, բոլորն իրենց գործին պատասխանատվությամբ են մոտենում»։

Խոսելով այն մասին, թե ռեժիսորներից առաջարկ ստանալիս ինչին է Ալինան առաջնահերթ ուշադրություն դարձնում, դերասանուհին ասում է․«Նախ կերպարը պետք է ինձ դուր գա անպայման, որովհետև ուղղակի չեմ կարողանում խաղալ, այլ մտնում եմ դերի մեջ, դրա համար շատ առաջարկներ մերժում եմ։ Կերպարը պետք է հարազատ լինի ինձ, որպեսզի ես մտնեմ դրա մեջ և հանդիսատեսը հավատա, ինձ հետ տագնապի, ինձ հետ ապրի այդ դերը։
«Տնփեսա»-ում Էդիտայի դերը բացասական էր, բայց ինձ շատ էր դուր եկել, որովհետև հումորային էր։ Ինձ թվում է՝ ստացվել է այդ կերպարը»։

Հեռուստասերիալում հանդես են գալիս նաև սկսնակ դերասաններ, որոնց նկատմամբ Ալինան առանձնահատուկ վերաբերմունք ունի։
«Երբ առաջին անգամ նկարահանման հրապարակ է մտնում սկսնակ դերասանը, ու պրոֆեսիոնալները նրան լավ չեն ընդունում, նա կոտրվում է։ Օրինակ, սերիալում իմ որդուն մարմնավորող դերասանի համար սա առաջին փորձն էր, և ես նրան շատ լավ ընդունեցի, որովհետև հակառակ դեպքում նա կկոտրվեր ու կփակվեր։ Ես էլ եմ մի օր եղել սկսնակ, դա նորմալ է, պետք է մարդուն օգնել ու աջակցել։ Անգամ պրոֆեսիոնալ դերասանն է հիասթափվում, երբ թիմն իրեն լավ չի ընդունում»,-պատմում է Ալինան։

Դերասանուհին նաև չմոռացավ  խոսել ժամանակակից հայկական սերիալների մասին, որոնք շատերի գնահատմամբ՝ այդքան են որակյալ ու ստացված չեն։ Նա նշեց այն կարևոր խնդիրը, ինչի հետևանքով մենք այսօր ունենք այդպիսի պատկեր․

«Մենք ունենք շատ լավ սցենարիստներ, ռեժիսորներ, բայց բյուջեն մեզ շատ է խանգարում։ Չեն կարողանում մարդիկ ամբողջությամբ  տրվել հոգով, որովհետև բյուջե չկա։ Չնայած դրան՝ ամեն ինչ անում են, որպեսզի լավ ստացվի։ Եթե ֆինանսներ տրամադրվեն, չեք պատկերացնի որքան որակով սերիալներ կունենանք։ Վատ եմ ինձ զգում, թե ինչու պետք է թուրքական սերիալներով աշխարհը հիանա, իսկ հայկական սերիալները չգնան առաջ։ Խնդիրն այն է, որ գումար չկա։ Միանշանակ համաձայն եմ, որ մի քանի սերիալի փոխարեն կարելի է նկարահանել մեկը՝ մեծ բյուջեով, որովհետև ցանկանում եմ, որպեսզի աշխարհը ճանաչի հայկական կինոինդուստրիան։ Ես նկատել եմ, որ ունենք այնպիսի դերասաններ, որոնց մասին Հոլլիվուդը կերազի։ Բայց աշխարհը նրանց չի ճանաչում, որովհետև մեծ բյուջե պետք է ունենալ, որպեսզի ֆիլմն ամբողջ աշխարհով շրջի»։

Իր խոսքը Ալինան եզրափակեց՝ բացահայտելով իր ամենամեծ ցանկությունը․«Իմ ամենաբաղձալի երազանքն այն է, որ մենք ունենանք Տիգրան Մեծի մասին ֆիլմ, որտեղ ես կնկարահանվեմ։ Ինչո՞ւ մեր հզոր թագավորի մասին աշխարհը չգիտի»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան