Daily Express-ը բացահայտել է Քեյթ Միդլթոնի կրած մատանիների գաղտնի նշանակությունը (լուսանկարներ)

Բրիտանական Daily Express պարբերականն անդրադարձել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի թանկարժեք զարդերին՝ բացահայտելով դրանց գաղտնի նշանակությունը։

Դքսուհու կրած մատանիների մասին նյութում ոսկերիչ Ջոշուա Ջեյմսը նշում է, որ Միդլթոնը մատնեմատին միանգամից երեք մատանի է կրում, սակայն դրանք հատուկ հերթականությամբ է «դասավորում»։ Այսպիսով՝ ըստ ավանդույթի՝ դքսուհին առաջինը պետք է ամուսնական մատանին կրի, որն ամենամոտն է գտնվում սրտին։ Երկրորդը նա նշանադրության, իսկ երրորդը՝ անվերջության խորհուրդը կրող մատանին է կրում։

Նշվում է, որ մոտ 300 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ շափյուղա և ադամանդապատ մատանին Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Քեյթին իրենց նշանադրության օրն է նվիրել։ Հայտնի է, որ այն նախկինում նրա մորը՝ արքայադուստր Դիանային է պատկանել։

Մյուս ոսկյա մատանին դքսուհին իր հարսանիքի օրն է նվեր ստացել․ նշվում է, որ Ուիլյամը մատանին թագուհի Էլիզաբեթ 2-րդից է ստացել։ Դքսուհու մատնեմատը զարդարող վերջին մատանին արքայազնը կնոջն իրենց առաջնեկի՝ Ջորջի ծննդյան առիթով է նվիրել։