94-ամյա Էլիզաբեթ 2-րդին ինքնամեկուսանալուց հետո առաջին անգամ նկատել են ձիավարելիս (լուսանկարներ)

Վինձորի ամրոցում 10 շաբաթ տևած ինքնամեկուսացումից հետո Մեծ Բրիտանիայի 94-ամյա թագուհի Էլիզաբեթ 2-րդին առաջին անգամ նկատել են ձիավարելիս, գրում է Daily Mail-ը։

Հայտնի է, որ Վինձորի ամրոցը թագուհու սիրելի նստավայրն է, որտեղ նախորդ հանգստյան օրերին Էլիզաբեթ 2-րդին նկատել են Բալմորալ Ֆերն անունով 14-ամյա պոնիին հեծած։

Տարեց միապետը, որը ձիավարության մեծ սիրահար է և հայտնի է զտարյուն ձիերի հանդեպ սիրով, Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի ֆոնին հայտարարված սահմանաակումներից հետո չէր հայտնվել հանրության տեսադաշում և մեկուսացել էր Վինձորի ամրոցում:

Թագուհին ձիավարության ժամանակ կրել է վառ գույներով գլխաշոր, բաճկոն, սպիտակ ձեռնոցներ և մուգ կոշիկներ։ Էլիզաբեթ 2-րդին ուղերկցել է նրա գլխավոր ձիապան Թերի Պենդրիին, որը թագուհուց սոցիալական հեռավորություն է պահպանել։

Թագուհու վերջին հրապարակային լուսանկարն արվել է մարտի 19-ին, երբ նա Բուկինգհեմյան պալատից ուղևորվում էր Վինձորի դղյակ:

Էլիզաբեթ 2-րդն ինքնամեկուսացման ընթացքում հանդես է եկել երկու հեռուստատեսային ուղերձով՝ իր հպատակներին վստահեցնելով, որ երկիրը պատվով կհաղթահարի կորոնավիրուսային համավարակը և որ նրանք շատ շուտով «կհանդիպեն»։