«Հարգել երեխայի տեսակը, սիրել նրան այնպիսին, ինչպիսին նա կա ու կոպիտ ուժով չխմբագրել նրա էությունը». Մերի Ներսիսյանի ընտանեկան լուսանկարն ու շնորհավորանքը

Մանուկների օրվա առթիվ հաղորդավարուհի և բազմազավակ մայրիկ Մերի Ներսիսյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել ու դրան կից գրառում կատարել․

«Հունիսի 1-ն է՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը։
Այս տարի բոլորս տանն ենք. չկան աղմկոտ միջոցառումներ, մանկական սրճարանները «հերթի տակ» չեն աշխատում, խաղալիքների խանութները չեն դատարկվել… Ես այս տոնը շատ եմ սիրում և, իհարկե, տխրում եմ, որ տոնի «հոտ» չի գալիս, բայց նաև ուրախ եմ: Միշտ այդպես է, չէ՞. աղմկոտ միջոցառումները ստիպում են հեռանալ տոնի ասելիքից, մոռանալ նշանակությունն ու այդ ամենը հավասարեցնել փուչիկ-կոնֆետ ուրախություններին: Բայց չէ որ այս տոնն ուրիշ բանի մասին է.
• Հարգել երեխայի տեսակը, սիրել նրան այնպիսին, ինչպիսին նա կա ու կոպիտ ուժով չխմբագրել նրա էությունը:
• Հարգել երեխայի մորն ու հորը: Չնսեմացնել իրար երեխայի աչքերում: Ծնողները պետք է լինեն երեխայի առաջին հեղինակությունը: Հեղինակազրկել ծնողին համարում եմ նույնն, ինչ քաշել հողը երեխայի ոտքերի տակից:
• Հարգել երեխայի մարմինն ու հոգին: Այդ երկուսի միասնությունը դեռևս չպղծված տաճար է, որի վրա քար նետողը (խփողը, ծեծողը, ստորացնողը, անտեսողը, չարաշահողը…) վիրավորում է Աստծուն, քանի որ ամեն երեխա Աստծո պարգև է:
• Հարգել երեխայի կարծիքը, ցանկությունն ու երազանքները: Թև տալ, միտք տալ, ուժ տալ, ոգի տալ… ու ՉՄՈՌԱՆԱԼ, որ կյանքն իրենն է, նա չի ծնվել անելու այն, ինչ ԴՈւ ՉՀԱՍՑՐԻՐ ԱՆԵԼ:
• Հարգել երեխայի ցավը, անհաջողությունը, տխրությունը, բարկությունը. մեզ, հաճախ, այնքան աննշան են թվում մեր երեխաների խնդիրները, որ բավարարվում ենք քամահրական «կանցնի»-ով:
• Իմ շրջապատում, մեր հասարակության մեջ, ցավոք, այնքան «կիքսեր» եմ նկատում, այնքան շատ մարդու ձեռք եմ ուզում բռնել ու ասել STOP․ դիմացինդ ՄԱՐԴ Է, փոքր է, անփորձ է, թույլ է, բայց ՄԱՐԴ Է, որի հանդեպ քո համար 1 պարտականությունն է այնպես անել, որ մեծանա ԼԻԱՐԺԵՔ (առանց ինչ-որ մեկի կցորդը լինելու զգացողության), ԻՆՔՆԱՎՍՏԱՀ (առանց հիվանդագին կոմպլեքսների), ԵՐՋԱՆԻԿ (սպասված, սիրված, պաշտպանված… ) ՄԱՐԴ:
Շնորհավոր ՀՈւՆԻՍԻ 1»։