Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը դատի են տվել Tatler ամսագրին․ ի՞նչն է պատճառը

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, ըստ հաղորդման, դատի են տվել Tatler ամսագրին՝ «դաժան և խտրական» հոդվածի համար, որում քննադատվում է Քեմբրիջի դքսուհու քաշը և երեխաների դաստիարակությունը, գրում է Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ թագավորական զույգն իրավաբանական նամակներ է ուղարկել ամսագրին՝ պահանջելով համացանցից հեռացնել «Եկատերինա Մեծը» վերնագրով հոդվածը։

Քենսինգթոնյան պալատն, իր հերթին, անցյալ շաբաթ խիստ քննադատական հայտարարություն է տարածել հոդվածի վերաբերյալ՝ այն որակելով «անճշտությունների և կեղծումների շղթա»։

Հաղորդվում է, որ թագավորական պալատի ներկայացուցիչները, մասնավորապես, բարկացած են հոդվածագիր Աննա Պաստեռնակի այն հայտարարությունից, որ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելուց հետո Քեմբրիջի դքսուհին ծանրաբեռնվածության պատճառով «ուժասպառ է և իրեն փակուղում է զգում»։

Հոդվածում խոսվում է Քեմբրիջի դքսուհու սննդային վարքի խանգարումների մասին, ինչից տառապել է նաև արքայադուստր Դիանան։ Քեյթ Միդլթոնը քննադատության է ենթարկվում երեխաներին դաստիարակելու մեթոդների համար։

«Քեյթը վտանգավոր աստիճանի հյուծվել է, ոմանք նրան նույնիսկ արքայադուստր Դիանա են ասում»,- գրված է հոդվածում։