Ռեփեր Դրեյքն իր համերաշխությունն է հայտնել ԱՄՆ-ում ցուցարարներին․ նա նաև նվիրատվություն է կատարել

Կանադացի ռեփեր Դրեյքն իր համերաշխությունն է հայտնել ԱՄՆ-ում ոստիկանի գործողությունների հետևանքով մահացած սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի հիշատակին բողոքի ցույց անողներին և ամերիկյան National Bail Out բարեգործական կազմակերպությանը 100 000 դոլար նվիրատվություն է կատարել, գրում է Daily Mail-ը:

33-ամյա աստղը հետևել է Mustafa the Poet մականվամբ հայտնի երգչի՝ իր սեփական աջակցությունը բողոքի ակցիայի մասնակիցներին ցուցաբերելու հորդորներին։

Մուստաֆան ինսթագրամյան հարթակում 400 դոլար կատարած նվիրատվության կտրոնն է հրապարակել ու, Դրեյքին նշելով, հորդորել թվերին ևս «երեք զրո ավելացնել» և օգնել սևամորթ ընտանիքներին։ Դրեյքը, սակայն, 400 000 դոլարի փոխարեն ավելի ուշ 100 000 դոլարի կտրոն է հրապարակել։

Հայտնի է, որ ամբողջ երկրով մեծ նվիրատվություններ ստացող այս կազմակերպության հիմնական նպատակը ցույցերի ընթացքում ձերբակալվածներին բանտերից ազատելն է, քանի որ հատկապես այս շրջանում մեծ է կորոնավիրուսով վարակվելու վտանգը։

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։