Որո՞նք են լավագույն ըմպելիքներն ավելորդ քաշի դեմ պայքարում

Ավելորդ քաշի դեմ պայքարը կարող է շատ երկարատև ու բարդ լինել, սակայն կան որոշակի ըմպելիքներ, որոնք կօգնեն արագացնել քաշի նվազման գործընթացն ու հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Մասնագետները նախազգուշացնում են, որ չկա որևէ ըմպելիք, որը կնպաստի քաշի նվազմանը, սակայն կան այնպիսինները, որոնք կօգնեն հեշտությամբ պահպանել կենսակերպում արված փոփոխություններն ու խուսափել սահմանված սննդակարգի խախտումներից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ըմպելիք, որոնք համարվում են լավագույններն ավելորդ քաշի դեմ պայքարի համար։

Ջուր

Հասարակ մաքուր ջուրն օրգանիզմի համար ամենաօգտակար ըմպելիքներից մեկն է։ Այն չի պարունակում կալորիա, սակայն նպաստում է նյութափոխանակության ու ֆիզիոլոգիական գործընթացների խթանմանն ու օգնում է մաքրել օրգանիզմը տոքսիններից։ Սա է պատճառը, որ ավելորդ քաշից ազատվելու կամ քաշը մշտական վերահսկողության տակ պահելու համար մասնագետները խորհուրդ են տալիս փոխարինել բարձր կալորիականություն ունեցող մյուս ըմպելիքները մաքուր ջրով կամ ավելացնել օրվա ընթացքում օգտագործվող ջրի քանակությունը։

Թեյ

Գիտնականների կարծիքով՝ կանաչ թեյն օգնում է նվազեցնել քաշը, ինչը պայմանավորված է լինում դրա հիմնական բաղադրիչներով՝ կոֆեինով ու էպիգալոկատեխին-գալատ հակաօքսիդանտային միացությամբ։ Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ թեյի բոլոր տեսակներն էլ օգնում են նիհարել, քանի որ զգալի տեղ են գրավում ստամոքսում՝ թույլ չտալով նորմայից շատ ուտել։

Պրոտեինային կոկտեյլներ

Սպիտակուցի գործածությունն օգնում է նվազեցնել քաղցի զգացումն ու պահպանել հագեցածության զգացումը հնարավորինս երկար։ Պրոտեինային կոկտեյլը թույլ է տալիս մարդուն նվազեցնել օրվա ընթացքում օգտագործվող կալորիաների քանակությունը, ինչն էլ նպաստում է քաշի նվազմանը։ Սակայն հարկ է հիշել, որ մինչ նման ըմպելիքներ գնելը հարկավոր է ուսունասիրել դրանց բաղադրությունն ու խուսափել վնասակար բաղադրիչներից։

Քրքումով ու կոճապղպեղով թեյ

Կոճապղպեղի արմատն օժտված է ախորժակը ճնշող հատկություններով, ինչը շատ կարևոր է ավելորդ քաշի դեմ պայքարում, սակայն այս արմատով պատրաստված թեյի օգտակար ազդեցությունը երկու անգամ ավելի երկար կպահպանվի ըմպելիքին նաև քրքում ավելացնելու դեպքում Մի բաժակ թեյ պատրաստելու համար հարկավոր է 10 գրամ կոճապղպեղ, կես թեյի գդալ քրքում և կես կիտրոնի հյութ։ Այս խառնուրդին ավելացնել տաք ջուր, թրմել և խմել ստացված բուրավետ ու օգտակար ըմպելիքը։

Խնձորի քացախ և ջուր

Խնձորի քացախը պարունակում է թթու, որն օժտված է հակաբակտերիալ հատկություններով և օգնում է մաքրել աղիներն ու բարելավել մարսողությունը։ Արդյունքում այս կերպ ըմպելիքն օգնում է նաև ազատվել ավելորդ քաշից։ Այն պատրաստելու համար հարկավոր է մի բաժակ ջրին ավելացնել երկու ճաշի գդալ քացախ և խմել ստացված լուծույթն ուտելուց առաջ։

Էսպրեսսո

Մեծ քանակությամբ կոֆեինի շնորհիվ ուտելուց հետո Էսպրեսսո խմելը խթանում է օրգանիզմը՝ ստիպելով այրել ճարպային կուտակումները։ Սակայն նման արդյունքի հասնելու համար ըմպելիքը հարկավոր է խմել առանց շաքարավազի և առանց կաթի։

Նեխուրի հյութ

Այս հյութը մեղմորեն խթանում է մարսողությունն ու օգնում է օրգանիզմին ազատվել տոքսիններից ու ավելորդ հեղուկից։ Առավել լավ արդյունքի հասնելու համար այս ըմպելիքը կարելի է խմել ուտելուց հետո։