«Իմ ճանաչած Հայաստանը սահման չունի»․ Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը հերթական անգամ իր հետևորդների հետ կիսվել է մեր հայրենիքի մասին գեղեցիկ ու օգտակար տեղեկությամբ։ Դերասանուհին լուսանկար է հրապարակել ու դրան կից գրել․

«Արագածոտնի Լուսագյուղի արևելյան կողմում մի հեքիաթ կա…(մոտ 1 կմ հեռավորությամբ)
Հենց անտառափեշին է խոնարհված Կարմիր կամ Մխեի վանքը` 4-րդ դարի… Կանգուն է միայն արևելյան կողմի խորանների հատվածը: «1983թ. հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից մասնակի պեղումներ շնորհիվ բացվել են շինության հիմքերը»: Այն թվագրվում է 4-րդ դար:
Կան հնագույն շրջանի (IV-VI դարեր) կնիքը կրող զարդանախշերով քարեր: Ենթադրվում է՝ դատելով կառուցման ժամանակաշրջանից, որ պատկանել է Գնթունյաց իշխանական տանը: Ես շատ տարիներ առաջ (կարծեմ 2007- ին) հենց Մխեյի վանքի դիմացի բացատային հատվածում՝ սարից ներքև, եղել եմ խեցի- ռակուի` կավագործության սիմպոզիումի, վրաններով մեծ ու արվեստալի մի միջավայր, որտեղ Ապարանի կավից պատրաստած գործերը թրծվում էին հատուկ վառարանում և դառնում հավերժի վկաներ… Հենրիկ Համբարձումյանի ստեղծած խեցեգործության այդ ճամբարային- սիմպոզիումն անհավանական մի երևույթ էր ամբողջ տարածաշրջանում` իր տեսակով միակը…. Իսկ խեցիներից խողովակները, ասում էր, ժամանակին մեր իրականության ջրահեռացման կամ ոռոգման ամենից կուռ մեխանիզմն են եղել Հին Հայաստանում… Մի բուռ կավահող, մի քիչ կրակ, մի մանանեխի չափ հավատք ու մի ծով հիշողություն` Հայաստան աշխարհում թրծված. իմ ճանաչած Հայաստանը սահման չունի… 2020-ին Հավատքի ուժով վերադարձա այս վայր… Խնկածաղիկների, ուրցի և անմոռուկների բույրերով արբած ապրեցի՝ լիաթոք շնչելով խնկաբույր լեռների օդն ու արմատի ուժով նորոգվելով»: