Արփինե Կոշտոյանը՝ նորաձևությանը COVID-19-ի հասցրած ջախջախիչ հարվածի, փոփոխվող տենդենցների, ակտուալ գույների ու ամենակարևոր աքսեսուարի մասին

Կորոնավիրուսի համավարակը, մեղմ ասած, բացասաբար անդրադարձավ համաշխարհային նորաձևության վրա։ Դրա պատճառով տուժեցին աշխարհառչակ ու հետաձգվեցին բոլոր ցուցադրությունները։ Հայկական ապրանքանիշերը նույնպես ահռելի վնասներ կրեցին ու հասկանալու համար, թե ինչ իրավիճակում է այժմ հայկական նորաձևությունը, խոսել ենք մոդելավորող, ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ։ Showbiz.am-ի հետ զրույցում Արփինեն խոսել է ոչ միայն համավարակի պատճառած վնասների, այլև հնարավոր գնաճի պատճառների, կորոնավիրուսից հետո աշխարհին սպասվող նորաձևության, ամենաակտուալ աքսեսուարի, այս ամառվա գույների ու գործվածքների և այլ հետաքրքիր հարցերի շուրջ։

Կարանտինի պատճառով շատ կարևոր նախագծեր հետաձգվեցին ու այն ազդեց բիզնեսի վրա․ «Կարանտինն ազդեց բոլորիս ծրագրերի վրա, շատ չմանրանալու համար ասեմ այսպես․ եթե մինչ կարանտինը հասկանում էինք, որ մենք գնալով ավելի ուժեղ ապրանքանիշ ենք դառնում, կարանտինն այնքանով ազդեց, որ մեր մինչ այդ արածները կարծես ջուրը լցվեցին, ու պետք է նորից հետ գնալ նախկին վիճակին ու հետո նոր մտածել առաջ գնալու մասին։ Ասածս բոլոր բնագավառներին է վերաբերում, գրեթե բոլոր բիզնեսներն էլ անկում ապրեցին»։

Կարանտինի ընթացքում համաշխարհային հայտնիություն ունեցող ու նաև հայաստանյան դիզայներներ ներկայացրեցին նորաձև, պաշտպանիչ դիմակներ ու ձեռնոցներ: Բայց Արփինեն այլ դիրքորոշում ունի․ «Միանշանակ դա ինձ համար չէ։ Ես չեմ անում այն, ինչ բոլորը։ Գիտեք, գուցե միտքը հետաքրքիր էր, բայց երբ բոլորը սկսում են դա անել, արդեն անհետաքրքիր է դառնում։ Մեզ մոտ, ցավոք կա այդ միտումը, որ եթե մեկը որոշում է արտադրել, օրինակ սպորտային հագուստ, որը համապատասխանում է այսօրվա իրականությանը, ապա բոլորը կսկսեն դա անել ու շատ միանման»։ Համավարակը ջախջախիչ հարված է հարցրել ողջ աշխարհի նորաձևության տներին ու ապրանքանիշներին։

Արփինե Կոշտոյանը վստահ է, որ նորաձևության ոլորտը վերականգնելու համար դեռ շատ երկար ժամանակ կպահանջվի ու նշում է, թե ինչ վնասներ է հասցրել այս իրավիճակը իր ու մյուս ապրանքանիշների գործունեությանը․ «Անկեղծ ասած, մտածում եմ փոփոխություններ անելու մասին, բայց ամեն օր այլ մտքերով եմ արթնանում ու եթե գոնե մի օր լսում եմ դրական մի լուր, արդեն այլ պատկերացումներ եմ ունենում։ Բայց հետևելով համաճարակի զարգացմանը՝ հասկանում եմ, որ գնալով կարող ենք հայտնվել անդունդում։ Նույնիսկ համաշխարհային մարկետոլոգները չեն կարող հստակ հասկանալ, թե ինչ կլինի նորաձևության շուկայի հետ, բայց օր-օրի ամեն ինչ գնալով վատանում է։ Դրա մասին վկայում է այն փաստը, որ գործազրկության թիվը շատ է աճել։ Նույնիսկ համաշխարհային ապրանքանիշերից մեկը 15.000 աշխատակիցներից իր թիմում թողեց ընդամենը 5000-ին։ Շատ կայացած ապրանքանիշներ ունեն նման խնդիրներ։ Դե պատկերացրեք, թե Հայաստանում ինչ տխուր վիճակ է, հայ արտադրողը չունի ոչ մի աջակցություն, ու այս իրավիճակից հետո ոտքի կանգնելը դժվար կլինի։ Ցավոք, վստահ եմ, որ սա մի քանի ամսվա պատմություն չէ, ու մենք դեռ երկար կզգանք այս դժվարությունը։ Պատկերացրեք՝ մենք նույնիսկ չհասցրեցինք վաճառել ձմեռային տեսականին, որովհետև խանութները փակվեցին։ Իսկ գարնանային տեսականին, որ դեռ նոր պետք է ցուցադրվեր, արդեն նորաձևությունն անհետաքրքիր դարձավ այդ էտապում, քանի որ գոյատևելու և առաջնային կարևորության խնդիրներ առաջ եկան։ Բնականաբար, այդ պարագայում, էլ ու՞մ պետք է հետաքրքրի նորաձևությունը, իսկ ամառային տեսականին անգամ չգիտենք արժե առհասարակ ստեղծել, թե ոչ, որովհետև ոչ-ոք չի կարող հստակ ասել, թե ինչ կլինի»։

Արփինեն բացատրում է, թե ինչը կարող է լինել գործվածքների ու պատրաստի հագուստների կտրուկ գնաճի պատճառը․ «Ես ինքս էլ կանխատեսում եմ, որ կլինի գնաճ։ Հագուստի արտադրությունը կանգ է առել ու մեծ միջոցառումներ էլ չեն արվում, այդ իսկ պատճառով շատ փոքր մասշտաբի գնումներ են արվում գործվածքի խանութներում։ Դրանց սպառողը հայ դիզայներներն են, բայց քանի որ չկան մեծ միջոցառումներ, խնջույքներ, որոնց համար մենք երեկոյան զգեստներ էինք կարում, բնականաբար մենք չենք գնում կտորեղեն ու այդ խանութներում էլ է ճգնաժամ առաջացել, իսկ ներկրող կազմակերպությունները բարձրացրել են գները։ Այսինքն, երբ սկսենք գնել այստեղ եղած տարբերակները և արդեն ցանկանանք նոր գործվածքներ պատվիրել, արդեն ստիպված ենք դա անել մեր իմացած մշտական գներից շատ ավելի բարձր գներով։ Նույն իրավիճակն է նաև լինելու ներկրվող հագուստի դեպքում, քանի որ փոխադրող ընկերություններում գնաճ է նկատվում, հետևաբար նոր ապրանք պատվիրելիս գները կբարձրանան։ Կա նաև հակառակ կարծիք, որ ունենք սպառողի խնդիր։ Թեկուզ, եթե որպես սպառող դիտարկեմ ինքս ինձ, ապա նախկինի նման չեմ գնի՝ ինչ ուզում եմ, այլ ավելի երկար կմտածեմ այդ ուղղությամբ, որպեսզի հասկանամ՝ արժե, թե ոչ, քանի որ չգիտենք դեռ ինչ է մեզ սպասվում։ Վստահ եմ, որ շատերի համար արդեն միևնույնն է դարձել, թե ինչ վնասներ կկրի իր գործը, ավելի շատ գոյատևման հարց է առաջ եկել։ Մեր երկիրը ճգնաժամ է ապրում, ու քանի որ ունեմ մեծ թիմ, որի հետ ամեն օր աշխատում եմ, գիտեմ յուրաքանչյուրի ֆինանսական վիճակն ու առկա խնդիրները։ Մտքերս ինձ հանգիստ չեն տալիս, թե ինչպես պետք է նորից սկսենք շատ պատվերներ վերցնել, որ աշխատակիցներս էլ կարողանան լուծել իրենց խնդիրները։ Գործատուի ուսերին այսօր այնքան մեծ հոգս կա։ Երբեմն մոռանում եմ, որ ես մասնագիտությամբ նկարիչ-մոդելավորող եմ, այսօր իմ մասնագիտությունն ինձ քիչ է պետք, այժմ ես ավելի շատ բիզնես վերլուծաբան եմ ու անընդհատ մտածում եմ, թե ինչ անել իմ ու իմ թիմի համար, որպեսզի կարողանանք շուտ ոտքի կագնել»։

Կոշտոյանի խոսքով՝ փակ ճանապարհները ոչ միայն խոչընդոտել են անհրաժեշտ նյութերի ու գործվածքների Հայաստան հասնելուն, այլև շատ լուրջ խնդիր են առաջացրել մեր արտադրանքի արտահանման գործընթացում․ «Փակ ճանապարհները ավելի շատ խոչընդոտեցին արտահանմանը, քանի որ մի քանի երկրներ հագուստներ էինք արտահանում, որտեղ դրանք շատ լավ վաճառվում էին, որպես հայկական ապրանքանիշ։ Իսկ այսօր մենք ոչինչ արտահանել չենք կարողանում։ Ամեն բան փոխկապակցված է, ու եթե չենք կարողանում արտահանել, մեր աշխատակիցներն էլ մնում են անգործ։ Ու՞մ համար հագուստ կարեն, եթե չկան մասշտաբային միջոցառումներ, իսկ արտահանել դեռ հնարավոր չէ, եթե անգամ հնարավոր է, ապա այդ ծառայությունից օգտվելը հագուստից էլ թանկ է»։

Մոդելավորողը նաև անդրադառնում է համաշխարհային նորաձևության աշխարհում հետաձգված ու չեղարկված ցուցադրություններին․ «Համաշխարհային ապրանքանիշերը իրենց մեծ միջոցառումներն ու ցուցադրությունները տեղափոխեցին հաջորդ տարի, քանի որ նրանք վերանայել են այն բոլոր ծախսերը, որ արել են հագուստների տեսականիները ստեղծելու համար ու չեն կարող այդ ամենը դեն նետել ու հաջորդ տարի նորից հսկայական ծախսեր անել։ Նրանք որոշեցին հետաձգել այս տարվա տեսականին, վերանայել ու որոշ փոփոխություններով ներկայացնել այն հաջորդ տարի։ Նորաձևության աշխարհը նոր թափ է ստացել պատերազմական տարիներից հետո, համաշխարհային բոլոր դիզայներների գործունեությունը ուսումնասիրելիս նկատում ես, որ նրանք այդ տարիներից հետո կարծես նոր շունչ են ստացել, ու նորաձևության աշխարհում միշտ հիշատակվում է այդ տարիների ազդեցությունն ու թողած հետքը՝ և՛ լավ, և՛ վատ առումներով։ Համաճարակային նման մասշտաբային իրավիճակ դեռ չէր եղել, համենայն դեպս, հույսով սպասենք, որ այս ամենը հաղթահարելուց հետո վերելքներ կլինեն»։

Հարցին, թե ինչպիսի նորաձևություն է մեզ սպասվում այս ամենի ավարտից հետո և ինչ ոճային, գունային կամ այլ փոփոխություններ են սպասվում համաշխարհային նորաձևության մեջ, դիզայները նշում է․ «Առհասարակ աշխարհը անցում է կատարում ECO արտադրանքներին ու աշխատում հնարավորինս բնական նյութերից պատրաստել ամեն իրը։ Պետք է ասեմ, որ մոդայիկ է հնարավորինս պարզ ու հասարակ հագուստը ու արդեն անտիթրենդ է համարվում գլամուրային կերպարը, ինչպես նաև շատ շպարն ու վուլգար հագուստը։ Միգուցե սա մեզ համար դաս էր՝ կյանքը վերանայելու ու կարևորությունը առողջությանը տալու համար։ Պետք է աշխատենք մեզ վրա, ու թե՛ ներքին, թե՛ արտաքին փոփոխությունները հաստատ բոլորիս մոտ էլ կնկատվեն»։

Արփինեն նաև նշում է, թե որ գույները ու գործվածքները մոդայիկ կլինեն այս ամառ․ «Այս ամառ շատ ակտուալ են բնական գույները, այս դեպքում էլ պետք է նշեմ բնության հետ կապված հետաքրքիր գույները՝ ավազի գույնն իր երանգներով, ծովի կապույտը, բնության մեջ նկատվող կանաչի բոլոր երանգները։ Կենդանական պրինտը նույնպես շատ ակտուալ է, իսկ գործվածքներից կառանձնացնեմ բնական բատիստը ու մետաքսը»։

Հարցին, թե առանց որ աքսեսուարի է անհնար այս սեզոնին, ոճաբանը պատասխանում է․ «Այստեղ չեմ կարող չասել, որ այսօր, ցավոք սրտի, առանց դիմակի մարդ չկա և բոլորս շատ միանման ենք։ Ցանկանում եմ, որ վերջապես հաղթահարենք այս դժվար օրերը, բոլորս առողջ լինենք, իրար առանց դիմակների ու ժպիտներով տեսնենք։ Երազում եմ այն օրերի մասին, երբ առաջվա նման դրական հարզացրույցներ էի տալիս, խոսում թրենդներից, իրական նորաձևությունից, վերելքներից և պատմում, թե ինչեր դեռ կան ապագայում, իսկ հիմա ցավով եմ պատմում այն մասին, թե ինչ օրերում ենք»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան