«Երբեք հեշտ չի եղել ու չի էլ լինի»․ Մերի Ներսիսյանը՝ մարդկանց բարդ կյանքի մասին

Մերի Ներսիսյանը հաճախ է իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվում տարբեր թեմաների շուրջ իր մտորումներով։ Այս անգամ հաղորդավարուհին նոր լուսանկարին կից գրել է կորոնավիրուսի համավարակի, դրա դեմ պայքարի ու մարդկանց բարդ կյանքի մասին․

«Համավարակ, ամեն վայրկյան վրա հասնող տհաճ, հիմար, վախեցնող լուրեր, ֆինանսական անկայուն վիճակ, անորոշ ապագա, արգելքներ, սահմանափակումներ, քննադատություն, աշխարհով մեկ տարածվող սարսափազդու կադրեր:
Պահպանել ոգու տոկունությունը, ժպտալ, երբ աշխատանքից տուն ես վերադառնում, քաջալերել մեկին, որի նյարդերն արդեն տեղի են տվել Բ Ա Ր Դ Է։
Բարդ է բոլորի համար ու դա հուսադրում է։ Չէ, «Ընկերովի մահը հարսանիք է» հայտնի խոսքին չեմ հղում տալիս, այլ այս քաոսի մեջ ուզում եմ տեսնել նրանց, որոնց համար երբեք Հ Ե Շ Տ չի եղել․
Թոռներին կերակրելու համար ԱՄԵՆ ՕՐ աղբամանները տակն ու վրա անող պապիկին հե՞շտ է։
Անկողնային հիվանդ ծնողին ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ խնամող զավակին հե՞շտ է։
Օտար քաղաքում մի քանի գրոշով ՏԱՐԻՆԵՐՈՎ ապրող մարզաբնակ ուսանողին հե՞շտ է։
Սահմանին ԱՄԵՆ ՕՐ կանգնած զինվորին, գիշերվա կեսին, -20 ցրտին, թշնամու հրացանի նշանակետում հե՞շտ է (այս շարքն անվերջ է․․․)։
Ամեն օր, 7․5 միլիարդ մարդ, բացահայտ կամ թաքուն վարում է իր պատերազմը՝ մի մասն աշխարհի հետ, մյուսը՝ ներաշխարհի, բայց մենք ժամանակ չունեինք, (հավես) չունեինք, ցանկություն չունեինք տեսնելու որևէ բան։ Իսկ հիմա բարդ է բոլորի համար, ու մենք սկսում ենք հասկանալ, որ ԱԱԱՅՆ կյանքում (քովիդից առաջ) մեր անվերջանալի դժգոհությունները, նեղվածությունը, պահանջները, չբավարարված հավակնությունները թոթովախոս մանկանն էլ կստիպեին ծիծաղից կամ ցավից կծկվել, եթե հասկանար։
Երբեք հեշտ չի եղել ու չի էլ լինի․․․ Բայց ես կընտրեմ կյանքը, ամուր կկառչեմ իմաստից, կփնտրեմ լուսավոր կետերը ու կբացեմ աչքերս՝ տեսնելու ուրիշի կյանքը»։