Ալեքսիս Օհանյանը հրաժարվել է Reddit-ում զբաղեցրած պաշտոնից, որպեսզի իր տեղը զբաղեցնի սևամորթ թեկնածու (տեսանյութ)

Reddit սոցիալական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը հեռացել է Reddit-ի տնօրենների խորհրդից, քանի որ, նրա խոսքով, առաջին հերթին հայր է, որը պետք է կարողանա պատասխանել իր սևամորթ դստերը, երբ վերջինս հարցնի․ «Իսկ դու ի՞նչ ես արել», գրում է Daily Mail-ը։

Ամերիկահայ գործարարն Ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, որ հեռանում է իր պաշտոնից՝ «հանուն ինձ, իմ ընտանիքի և իմ երկրի», որպեսզի տնօրենների խորհրդում իր տեղը զբաղեցնի սևամորթ թեկնածու, իսկ ինքն իր ուժերը ներդնի «ռասայական ատելության դեմ պայքարում»։

«Վաղուց ժամանակն է ճիշտ վարվել։ Ես դա անում եմ ինձ, իմ ընտանիքի և իմ երկրի համար»,- հայտնել է Օհանյանը։

Նա հույս ունի, որ ընկերությունն իր պաշտոնին կնշանակի սևամորթի՝ խոստանալով Reddit-ի բաժնետոմսերի ապագա եկամուտները օգտագործել «սևամորթ համայնքին ծառայելու համար»։

«Ես կարծում եմ, որ հրաժարականը կարող է փաստացի լիդերության ակտ լինել հենց հիմա իշխանության մեջ գտնվող մարդկանց կողմից։ Բոլոր նրանք, ովքեր պայքարում են մեր կոտրված ազգը ոտքի կանգնեցնելու համար՝ կանգ չառնե՛ք»,- ասել է Օհանյանը։

Օհանյանի կինը՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, սոցիալական ցանցերում կիսվել է ամուսնու տեսանյութով՝ հայտարարելով, որ հպարտանում է նրանով։

«Ես այնքան հպարտ եմ քո նվիրվածությամբ»,- գրել է նա Twitter-ում։

Նշենք, որ զույգն ամուսնացել է 2017 թվականին: Նրանց առաջնեկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը, ծնվել է 2017թ. սեպտեմբերի 1-ին: