«Պետք էր, որ հնչեղ լիներ, պետք էր, որ հին հայկական իմաստ ունենար…»,-ահա թե ինչպես է առաջացել «Arravis» խմբի անվանումը, որն ի դեպ հայկական գյուղ է դեպի Արցախ տանող ճանապարհին:
Խումբը ստեղծվել է երեք տարի առաջ, սակայն այն ժամանակ «Տորք Անգեղ» անունն է կրել: Խումբը ստեղծելու առաքելությունը կատարել են Ավետն ու Սևանը, հետո նաև հավաքել են մյուս տղաներին: Խմբում հիմա նրանք հինգն են՝ երկու Ավետները, Վահէն, Սևանը և Արեգը: Ինչ-ինչ պատճառներով խումբը որոշ ժամանակ դադարեցրել է իր գործունեությունը, սակայն 2018թ.-ի հունիսից նորից շարունակել՝ այս անգամ «Arravis» անվանումով:
«Մեզ հիմնականում լսում են երիտասարդները՝ մոտավոր 17-24 տարեկանները ու մեծամասնությունը տղաներն են կազմում»,-ասաց խմբի անդամներից Վահէն մեզ հետ զրուցում: Խումբը հայկական ժողովրդական երգերը փոխում, վերագործիքավորում են և հաղորդում ժամանակակից երաժշտությանը հատուկ տարրեր: Պրոգրեսիվ ժանրը Հայաստանում այդքան տարածված չէ ու կարող է խորթ հնչել, այդ է պատճառը, որ ժանրը շատ լսելի չէ:
Երբ խոսեցինք ուրիշ խմբերի հետ համագործակցությունից կամ նրանց հետ ունեցած մրցակցային հարաբերություններից, տղաները պնդեցին, որ մրցակցային դաշտ գոյություն չունի և նրանք հանգիստ կարող են համգործակցել այլ խմբերի հետ:
Հայաստանում որպես պրոգրեսիվ/ֆոլկ մետալ խումբ նրանք բացառիկ են, բացի այդ նրանք իրենց երաժշտությունը փոխանցում են կենդանի կատարմամբ: Խումբը հանդես է եկել երեք համերգային ծրագրերով(երկուսը մենահամերգ), որոնցից վերջինը տեղի ունեցավ երեկ: Խումբը հանդես եկավ և սեփական երգերով, և քավրներով: «Arravis»-ը մասնակցել է նաև բազմաթիվ փառատոնների, որտեղ ելույթ են ունեցել այլ խմբերի հետ:
Խումբը նաև պլաններ ունի արտասահմանում հանդես գալու, դրա համար էլ փորձում են իրենց երաժշտությունը այնպես մատուցել, որ հետաքրքրի նաև օտարերկրացիներին: Տղաները նշում են, որ բավականին շատ երկրպագուներ ունեն Եվրոպայից, հատկապես Հունաստանից և Ֆրանսիայից, իրենց երգերի լսումների 30-ից 40 տոկոսը արտասահմանցիներն են ապահովում:
Խմբի նպատակն է հայկական ժողովրդական երաժշտությունը ներկայացնել նորովի և որ ամենակարևորն է ավելի լայն լսարանների համար, իհարկե նաև Հայաստանի սահմաններից դուրս:
Տղաները պատմեցին նաև իրենց փորձերից՝ նշելով, որ հաճախ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, և միայն վերջում կռիվներից ու երկար բանակցություններից հետո կարողանում են որոշումներ կայացնել: Իրենց երաժշտությունը ստեղծում են համատեղ: Բոլորն էլ իրենց ներդրումն են ունենում և ավելի հաճախ ամեն մեկը գրում և ստանում է երգի հենց իր հատվածը:
«Եթե պայմանավորովում ենք, որ փորձի ենք ժամը 7-ին, ապա ամենաշուտը 7:30 նոր հավաքվում ենք, հետո երկար ժամանակ ծախսում ենք տեխնիկան կարգավորելու, գործիքները լարելու վրա: Բոլորի մոտ էլ կա իրար չլսելը, դրա համար էլ երկար ժամանակ վատնում ենք «Մի նվագի, թող խասամ»-ների վրա, բայց վերջում ստացվում է փորձ անելը»,- ծիծաղելով պատմում են տղաները:
Նյութը՝ Լուս Ավագյանի