«Տարբերեք թացը չորից»․հայտնիների մասնակցությամբ ջրային տոն Գյումրիում

«Իսկ գիտե՞ս Գյումրիում ինչ հավես միջոցառում է սպասվում Վարդավառին»․ մինչ այս օրերին շատերը քննարկում են Վարդավառին Գյումրի մեկնելու և ջրային տոնին մասնակից դառնալու տարբերակները, Tert.am Life-ը զրուցել է համացանցում տարածում գտած և հետաքրքրություն առաջացրած «Տարբերեք թացը չորից» նախաձեռնության հեղինակի՝ «Արմենիա TV»-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի հետ:

Ինչպես ծնվեց գաղափարը

«Այս տարի որոշեցի արձակուրդս անցկացնել Գյումրիում: Հասկանալով, որ ինձ պես շատ մարդիկ կան, որոշեցի քաղաքին տոն պարգևել, իսկ Վարդավառն ամենալավ, ամենաբարի տոնն է: Ամեն ինչ սկսվեց որպես քաղաքացիական նախաձեռնություն՝ ինձանից, երկրորդ հոլովակը նկարահանեց Գոռ Հակոբյանը, հետո գաղափարը դարձավ մասսայական: Հենց հասկացանք, որ ծավալները մեծանում են, մեզ սկսեցին աջակցել Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը: Թե՛ մարզպետի, թե՛ քաղաքապետի հետ շատ ջերմ հանդիպում եմ ունեցել, իրենք էլ շատ ոգևորված են նախաձեռնությամբ,- պատմեց Ռուբեն Մխիթարյանը, որը մտադիր է զարկ տալ զբոսաշրջությանը Գյումրիում: -Արդեն հազարավոր մարդիկ են պատրաստվում այդ օրը գալ Գյումրի և նշել Վարդավառը»:

https://www.instagram.com/p/Bz7C7Eqhs-a/

Նախաձեռնությունը լայն տարածում գտավ համացանցում, քանի որ բազմաթիվ հայտնիների միացան դրան ու հայտարարեցին, որ իրենք ևս այդ օրը լինելու են Գյումրիում: Ռուբեն Մխիթարյանը շեշտեց, որ հոլովակներ նկարահանած հայտնիների զգալի մասը ներկա է լինելու միջոցառմանը, կբացակայեն միայն նրանք, ովքեր երկրում չեն լինելու, սակայն նրանք քիչ տոկոս են կազմում․ «Ես ուրախ եմ, որ իմ գործընկերները ջերմությամբ մոտեցան հարցին ու իրենք էլ որոշեցին նկարահանել հոլովակներ»:

Նա վստահ է, եթե միջոցառումը պատվով իրականացնեն, հաջորդ տարի էլ շատերը կցանկանան Վարդավառն անցկացնել Գյումրիում: Պրոդյուսերի նախաձեռնության հիմքում գաղափարն է, ոչ թե բյուջեն: Թեև այդ օրը Գյումրում մեծ միջոցառում է նախատեսվում, Ռուբեն Մխիթարյանը նշեց, որ պետական բյուջեից միջոցառման կազմակերպման համար գումար չի ծախսվել, իսկ հիմնական ներդրումը ջուրն է լինելու:

Ինչ է սպասվում «Տարբերեք թացը չորից» միջոցառմանը

Ջրային տոն, լավ երաժշտություն, սիրով, բայց իրար մինչև մազերը ծայրը ջրող մարդիկ, սակայն մինչ այդ պետք է հոգալ քաղաքի մասին:

«Առավոտյան ժամը 9-ից սկսելու ենք լվալ քաղաքի բոլոր արձանները, կեսօրին հրապարակում կսկսվի Վարդավառի հետհաշվարկն ու 12-ին կմեկնարկի ջրային տոնը՝ լավ երաժշտության ներքո: Լինելու է դիջեյ: Երաժշտական շատ լավ սեթ է հավաքվել: Շատրվանները միացված են լինելու, աշխատելու է 8 ջրատար մեքենա, կլինեն նաև ԱԻՆ մեքենաներ, որոնք կապահովեն ջրցանը»,- ասաց նախաձեռնության հեղինակն ու հայտնեց, որ Գյումրու հրապարակը փակ է լինելու մեքենաներ համար:

https://www.instagram.com/p/Bz-n7RHhQuM/

Հասարակական կարգը կպահպանեն ոստիկանները, թեև Մխիթարյանը վստահ է, որ մարդկանց ամենավտանգավոր «զենքը» մի դույլ ջուրն է լինելու, միջոցառումն էլ անցնելու է առանց միջադեպերերի․չէ՞ որ Գյումրին համախմբված է և սիրում է ուրախ միջոցառումներ:

«3 ժամ կենտրոնական հրապարակում լինելու է ջրային ճակատամարտ՝ ջրային հրետանու մասնակցությամբ: Ժամը 15-ին մարդկանց ուղղորդելու ենք իրենց թաղերում շարունակել ջրոցին, իսկ մեր հյուրերին ուղղորդելու ենք Գյումրու փոքր կենտրոնի թանգարաններ, որոնք այդ օրը բաց են լինելու: Արդեն երեկոյան բոլորին հորդորելու ենք օգտվել Գյումրու սպասարկման ոլորտի բարիքներից: Բոլոր ռեստորանները մեծ հյուրընկալությամբ սպասելու են նրանց՝ ճաշացանկում առանձնացնելով գյումրվա բաղադրատոմսերով ուտեստները»,- ասաց պրոդյուսերը:

Ինչո՞ւ Գյումրի

Դե իհարկե, Ռուբեն Մխիթարյանը գյումրեցի է՝ իր հիշողություններով, պատմություններով ու երազանքներով: Իր ղեկավարած տարբեր նախագծերի շրջանակում Մխիթարյանն այս կամ այն կերպ ներգրավվել է Գյումրին, իսկ այս տարի նոր ոգևորությամբ է անցել հարազատ քաղաքին նոր շունչ տալու գաղափարին: Օրեր առաջ նա մասնագիտական սեմինար անցկացրեց հարազատ քաղաքում՝ շեշտելով, որ այսուհետև իր սեմինարներն անցկացնելու է միմիայն իր քաղաքում, այս անգամ նա ժամանցի մեկ այլ տարբերակ է ընտրել զբոսաշրջությանը խթանելու համար:

https://www.instagram.com/p/B0SwTX2HSuj/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_video_watch_again

«Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որպեսզի ես ու իմ սերնդակիցները, ովքեր տարբեր ոլորտներում հաջողություններ են գրանցել, մեր բարոյական պարտքը հանձնենք այն քաղաքին, որտեղ ծնվել, մեծացել, կրթություն ու դաստիարակություն ենք ստացել: Վստահ եմ, որ հիմա է այն ժամանակը, երբ մենք պետք է սկսենք մեր բոլոր մտավոր, ֆիզիկական, ինչու չէ, ֆինանսական միջոցներն ուղղել դեպի մեր ծննդավայր: Ես ուզում եմ Գյումրին տեսնել այնպիսին, ինչպիսին 1987 թվականի Լենինականն էր: Իսկ այն առանձին աշխարհ էր․ իդեալական քաղաք՝ իդեալական մարդկանցով ու հարաբերություններով: Մի կողմից մշակույթն էր ծաղկում, մյուս կողմից՝ արդյունաբերությունը, երրորդ կողմից՝ սպորտը: Մարդիկ ինքնաբավ ու երջանիկ էին, կար «քաղաքային կուլտուրա» հասկացությունը: Գնալով Գյումրի՝ հասկանում էիր, որ հայտնվել ես Հայաստանի ամենահին քաղաքներից մեկում,- հիշողություններով կիսվեց պրոդյուսերը ու շեշտեց, որ իր պես շատ գյումրեցիներ կան, որոնք նաև Գյումրիում են աշխատում: -Մենք քիչ-քիչ հավաքվում են իրար շուրջ՝ մեր ուժերն ու ռեսուրսները ներդնելու մեր քաղաքի համար: Կարծում եմ, եթե ամեն մեկս մեր տեղում Գյումրու համար ինչ-որ բան անենք, դա շատ արագ իր ազդեցությունն ունենալու է»:

https://www.instagram.com/p/B0D_Fo1BUou/

https://www.instagram.com/p/B0QwwmihvbS/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_video_watch_again

https://www.instagram.com/p/B0QpJWeHAmS/

https://www.instagram.com/p/Bz-zfUwhCKv/

https://www.instagram.com/p/B0JJxjLH2rH/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_video_watch_again

https://www.instagram.com/p/B0GkVZTBX2d/