Բեն Աֆլեքն ու Մեթ Դեյմոնն իրենց երեխաների հետ ծաղիկներ են դրել ոստիկանական բռնության հետևանքով զոհված սևամորթ Բրիոնա Թեյլորի հուշարձանին (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասաններ Բեն Աֆլեքն ու Մեթ Դեյմոնն իրենց երեխաների հետ ծաղիկներ են դրել ոստիկանական բռնության հետևանքով զոհված սևամորթ Բրիոնա Թեյլորի հուշարձանին, գրում է Daily Mail-ը։

Աֆլեքին նկատել են իր երկու երեխաների՝ 7-ամյա Սեմյուելի և 14-ամյա Վայոլեթի հետ:

Դեյմոնը ժամանել է իր երկու երեխաների՝ 13-ամյա Իզաբելի և 11-ամյա Ջիայի, ինչպես նաև կնոջ՝ Լուսյանա Բարոզոյի հետ։

Ուրբաթ լրացել է Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի շտապօգնության սևամորթ աշխատակցուհու՝ Բրիոնա Թեյլորի ծննդյան 27-ամյակը, որը մարտին գնդակահարվել էր ոստիկանության աշխատակիցների կողմից։

Բրիոնա Թեյլորը մահացել է մարտի 13-ի վաղ առավոտյան իր բնակարանում, երբ ոստիկանները խուզարկության հրամանի կատարման ժամանակ նրա վրա 8 անգամ կրակել էին: Ոստիկանները կրակ են բացել այն բանից հետո, երբ նրանցից մեկի վրա է կրակել աղջկա ընկերը՝ կարծելով, թե գողություն է կատարվում:

Ավելի վաղ 47-ամյա Աֆլեքը և դերասանուհի Անա դե Արմասն Իտալիայի Վենետիկ քաղաքում միացել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության կապակցությամբ տեղի ունեցած Black Lives Matter միջազգային շարժման բողոքի ակցիային։