Հայազգի օպերային երգչուհին զարդարել է «Opera news» հեղինակավոր ամսագրի շապիկը

OperaNews հանրահայտ հանդեսն իր վերջին համարում ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի գործունեությանը և նրա լուսանկարն է հրապարակել համարի շապկին:
Նա սպասված ու պահանջված երգչուհի է աշխարհի լավագույն բեմերում ու համերգասրահներում, նաև հայ-լիտվական  մշակութային կապերի յուրօրինակ խորհրդանիշն է:

Երգչուհին համագործակցել է այնպիսի թատրոնների հետ, ինչպիսիք են Լա Սկալան, Լիսեո թատրոնը, Լիտվայի օպերայի ու բալետի ազգային թատրոնը, Վիլնյուսի քաղաքային օպերան, Լատվիայի ազգային օպերան, Լեհաստանի ազգային օպերան, Գրացի օպերան, Մարինյան թատրոնը, Միխայլովսկի թատրոնը և այլն։
2017 թվականի մայիսին (35 տարեկանում) Հասմիկ Գրիգորյանը դարձել է The International Opera Awards-ի հաղթող «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում։ 2005 թվականին արժանացել է «Բեմի ոսկե խաչի» լավագույն դեբյուտի համար, իսկ 2010 թվականին` «Բեմի ոսկե խաչի»` լավագույն կատարման համար։
Հիշեցնենք, որ Հասմիկ Գրիգորյանը ծնվել է Վիլնյուսում` երգիչներ Իրենա Միլկյավիչյուտեի և մեր լավագույն օպերային երգիչներից Գեղամ Գրիգորյանի ընտանիքում։