Թուրքիայի տարածքում միակ հայկական գյուղում երկրի առաջին հայկական թանգարանն է բացվել. այն կոչվում է «Մուսալեռ», գրում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը։
Աղբյուրին տված հարցազրույցում գյուղի Հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջեմ Չափարը տեղեկացրել է, որ թանգարանում ներկայացված են ոչ միայն հայկական, այլ նաև Անատոլիայում ապրող և ապրած բոլոր ժողովուրդների մշակութային նմուշներ:
Չափարը տեղեկացրել է, որ ինքը կնոջ` լրագրող Լորա Չափարի հետ հսկայական աշխատանք է տարել թանգարանի հավաքածուն ապահովելու ուղղությամբ, տարբեր երկրներից նմուշներ են բերել Վաքըֆլը, բայց ներկայացված նմուշների մեծ մասը ձեռք է բերվել Վաքըֆլըի գյուղացիներից:
Չափարը թանգարանը համեմատել է ֆիլմի հետ, որտեղ ներկայացվում է տարածաշրջանի ժողովուրդների մշակույթը, կենցաղն ու լեզուն։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Հաթայի նահանգապետին և մի շարք այլ պաշտոնյաների` թանգարանի բացման գործում իրենց աջակցելու և ներդրում ունենալու համար:
Ելնելով ներկայիս համաճարակային իրավիճակից՝ թանգարանի պաշտոնական բացման արարողություն տեղի չի ունեցել, սակայն համավարակի ավարտից հետո թանգարանը բաց կլինի բոլոր այցելուների առաջ:
Թանգարանում ներկայացված են պատմական իրեր, զարդեր, տարազներ, ինչպես նաև մուսալեռցիների ավանդական հարիսայի մեծ կաթսաները: