Ինչո՞ւ Միքայել Մելքումյանը լքեց «ԴԵՏՔ»-ը և ի՞նչ նորություններ են սպասվում խմբի երկրպագուներին

Երաժշտական փոփ-սոֆթ ժանրում ստեղծագործող «ԴԵՏՔ» խմբի կազմն այլևս առաջվանը չէ․ շաբաթներ առաջ խումբը լքել է Միքայել Մելքումյանը, ով միացել էր Արման Պետրոսյանին և Վահան Կիրակոսյանին դեռ  2018 թվականին։
Խմբի անդամներից Վահանը showbiz.am կայքի հետ զրույցում կիսվեց ապագա ծրագրերով, ինչպես նաև խոսեց Միքայելի հեռանալու պատճառների մասին։
«Այո, հիմա «ԴԵՏՔ»-ում երկուսով ենք։ Միքայելի խմբից դուրս գալու պատճառն այն էր, որ մենք այս էտապում մեծ թափով բազմակողմանի աշխատանքներ ենք տանում, որը պահանջում է բոլորիս համակողմանի և հավասար ներգրավվածությունը։ Այս պատճառով անընդհատ խնդիրներ էին առաջանում աշխատասիրության հետ կապված, որից խմբի աշխատանքը կամ դանդաղում, կամ կանգնում էր»,- պարզաբանում է Վահանը՝ հավելելով, որ ինքը կոնֆլիկտային չէ, սակայն մեկ-մեկ շփման ընթացքում առաջանում են բարդություններ։

«Միքայելի հետ որևէ կոնֆլիկտ չի եղել, և առհասարակ, ես ինքս ինձ կոնֆլիկտային չեմ համարում, չնայած՝ շատերը համարում են։ Ես ինձ համարում եմ ուղիղ ու պարզ մարդ, և պատահում է, որ հենց այս բնավորությանս ու նաև համառությանս համար մեկ-մեկ կոնֆլիկտներ են առաջանում այն մարդկանց հետ, ովքեր այլ արժեհամակարգ ունեն»,-խոստովանում է Վահանը։

Խոսելով այն մասին, թե արդյոք դժվար է ստեղծագործող մարդու համար աշխատել թիմում, Վահանը պատասխանում է․ «Թիմում այո, ընտանիքում ոչ։ Երկար ժամանակ է պետք, որպեսզի ընկերները դառնան ընտանիք, իսկ մենք, իմ համոզմամբ, արդեն ընտանիք ենք։
Շատ ռոմանտիկ է հնչում, բայց դե այդպես է։ Մեր ընկերությունը ամուր է՝ չնայած նրան, որ կարող ենք ժամանակ առ ժամանակ դիսկուրսներ կամ անհամաձայնություններ ունենալ երգերի, այս կամ այն հարցի շուրջ։ Օրվա վերջում միշտ էլ գալիս ենք ընդհանուր հայտարարի, ու դա մեր տրամադրվածության վրա որևէ ազդեցություն չի թողնում։ Կարևոր է հիշել՝ որտեղից ես սկսել և ուր ես հասել»։

Վահանը նաև նշում է, որ «ԴԵՏՔ»-ը շատ ծրագրեր ուներ, որոնք հետաձգվեցին կարանտինի հետևանքով։
«Հույս ունենք աշխարհը շատ շուտով կվերադառնա իր բնականոն հունին, որովհետև ծրագրում ենք մեծ թափով վերադառնալ մեր անելիքներին։ Շատ գաղափարներ են կուտակվել այս ընթացքում, որոնք պետք է ռեալիզացնել։ Մի մեծ նախագիծ էինք սկսում, այս անգամ Եվրոպայի հետ կապված, որը բոլորիս հայտնի պատճառներով հետաձգվեց։ Այն նորից կապված է հայ ֆենոմենալ կանանցից մեկի հետ»,- ասում է Վահանը՝ չցանկանալով բացահայտել նախագծի մանրամասները։ Արտիստը հատուկ նշում է, որ բարեբախտաբար, ծրագիրը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել։

Կարանտինային պայմանները մի շարք փոփոխություններ են մտցրել ինչպես խմբի անդամների կյանքում, այդպես էլ աշխատանքում։
«Ինչպես բոլորը, այնպես էլ մենք, մեր աշխատանքները տեղափոխել ենք օնլայն հարթակ ու փորձում ենք ավելի շատ կազմակերպել մեր աշխատանքներն օնլայն։ Մնացած դեպքերում, պահպանելով բոլոր անհրաժեշտ կանոնները, փորձում ենք այնպես անել, որ աշխատանքները չդադարեն։ Նույնիսկ մեր ստուդիան ենք տեղափոխել Արմանենց տուն ու հիմա իր ամբողջ սենյակը դարձրել ենք ձայնագրման ստուդիա»,- ժպիտով պատմում է Վահանը։

Ինքը՝ Վահանը, նշում է, որ կարանտինի շնորհիվ առաջացած ժամանակն օգտագործում է արդյունավետ․ զբաղվում է ստեղծագործական աշխատանքներով, համալսարանի դասերով, ուրախ է, որ կարողանում է ժամանակ հատկացնել այն գործերին, որոնց նախկինում հերթ չէր հասնում և հավատացնում է, որ ձանձրանալ չի հասցնում։ Վահանի ընկերները գիտեն, որ այս ընթացքում նա դարձել է հոյակապ խոհարար։

Իր խոսքը եզրափակելով, Վահանը նշում է, որ «ԴԵՏՔ»-ի երկրպագուներին մոտակա ժամանակներում նորություններ են սպասվում․
«Շուտով կլինեն «Լույսը» և «Այն ատեն» երգերի պրեմիերաները։ Մինչ այդ էլ, բոլորիս կողմից սիրված Խաչատուր Ավետիսյանի «Մախմուր աղջիկ»-ը կլինի մեր մատուցմամբ, որտեղ մեզ քանոնով նվագակցում է մայրս՝ հայտնի քանոնահարուհի Անուշ Կիրակոսյանը»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան