«Ներքին խաղաղության եզրին եմ»․ Նորա Գրիգորյանը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնում սպասվելիք նորությունների, երեխաների ու օգտակար կարանտինի մասին

Թատրոնի ռեժիսոր, դերասանուհի Նորա Գրիգորյանը, ինչպես բոլոր արվեստագետները ստիպված եղավ անցնել իր համար անսովոր՝ բեմից ու հանդիաստեսից կտրված կյանքի։ Բայց նա տնային ինքնամեկուսացման մեջ գտավ դրական կողմերն ու իր ողջ ազատ ժամանակը տրամադրեց երեխաների ու սիրելի մարդկանց հետ շփմանը։ Showbiz.am-ի հետ զրույցում Նորան խոսել է իր ու երեք երեխաների առօրյայի, Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում սպասվելիք պրեմիերաների, իր երազանքների ու այլ հետաքրքիր մանրամասների մասին։

«Ինքնամեկուսացման ընթացքն անցկացրել եմ երեխաներիս, ընտանիքիս հետ։ Իսկ երբ բացեցին ճանապարհները, սիրելիիս հետ ամեն շաբաթ սկսեցինք այցելել Հայաստանի տեսարժան վայրերը»,- կարանտինային առօրյայից պատմում է Նորա Գրիգորյանը։

Նորան նաև բազմազավակ մայրիկ է ու մեզ հետ զրույցում կիսվում է, թե ինչպես է կարողացել լցնել փոքրիկների օրը, որպեսզի նրանք չձանձրանան, ու ինչպես է այդ զբաղմունքը նաև հօգուտ իրեն օգտագործել․ «Բալիկներիս հետ հաճախ նկարչությամբ ենք զբաղվում, խաղեր ենք խաղում, ինչպես նաև մուլտֆիլմեր ենք դիտում։ Զույգերը շատ են սիրում փոքրիկի հետ խաղալ։ Անհաշիվ խաղալիքների քանակություն ունենք, որոնցով նրանք խաղում են ողջ օրվա ընթացքում, իսկ դրանից հետո էլ ինձ համար որպես կարդիո մարզման տարբերակ, սկսում եմ հավաքել այդ խաղալիքները»։

Ռեժիսորը համոզված է, որ տնային մեկուսացումն ունի դրական կողմեր ու շեշտում է, թե ինչ տվեց այս ընթացքն իրեն․ «Նախ ընտանեկան ջերմ մթնոլորտ, սեր, ինքնազարգացման հնարավորություն։ Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ հասկանում ես, որ հեռախոսը շատ է ձեռքումդ լինում, բայց մյուս կողմից էլ հասցրել եմ մեծ քանակությամբ ներկայացումներ ու ֆիլմեր դիտել»։

Նորա Գրիգորյանը ազատ ժամանակը տրամադրեց իր համար շատ կարևոր մի առաքելության՝ հայրենիքն ավելի լավ ճանաչելուն․ «Ուղղակի քանի որ Հայաստանը առհասարակ չեմ ճանաչել, Հայկի հետ միասին որոշեցինք տեսնել ու լինել բոլոր գեղեցիկ և հետաքրքիր վայրերում։ Իսկ վիրուսի նահանջելուց հետո նաև պլանավորում ենք Հայաստանից դուրս ևս հանգստի մեկնել»։

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի աշխատանքները ևս դադարեցին, ինչպես երկրի բոլոր թատրոններում, բայց թատրոնը գտավ այլընտրանք․ «Կարծում եմ, որ թատրոնը ներկայացրեց հետաքրքիր աշխատանք և խաղաց օնլայն պրեմիերա «Бедные люди» ներկայացումը։ Գիտեմ, որ հիմա Գոռ Մարգարյանն է բեմադրում նոր ներկայացում։ Մեր թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է պլանավորում բեմադրել Մոլյերի պիեսներից մեկը, ինչպես նաև պատրաստվում են ներկայացումներ բեմադրել Իրինա Հարությունյանն ու Մանվել Խաչատրյանը։ Հետաքրքիր գաղափար է իրականացվելու թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի շնորհիվ՝ հարմարվելով վիրուսի օրենքներին, թատրոնի բակում բացվելու է նոր բաց բեմահարթակ։ Կարծում եմ մոտակա պրեմիերաները կխաղացվեն հենց այնտեղ»։

Հարցին, թե երբ սպասենք նորությունների ու պրեմիերաների, և ինչ հետաքրքիր նորություններով կդիմավորի թատրոնն իր հանդիսատեսին, Նորան պատասխանում է․ «Կարծում եմ՝ ամռան կեսին արդեն կլինեն առաջին պրեմիերաները։ Ամեն ինչ կախված է իրավիճակից։ Թատրոնը փորձում է մաքսիմալ մնալ աշխատանքային պրոցեսի մեջ»։

Ռեժիսորը դեռ շատ անելիքներ ունի և սպասում է կարանտինի ավարտին․ «Մի քանի թատրոններից հրավերքներ ունեմ, բանակցությունների մեջ եմ։ Շատ մտքեր կան իրականացնելու։ Բուռն ստեղծագործական տարի էի պլանավորել»։

Խոսելով ապագայի պլանների ու այժմյան երազանքների մասին՝ Նորա Գրիգորյանը շեշտում է․ «Դեռ շատ պլաններ կան։ Ներքին խաղաղության եզրին եմ։ Երազում եմ ամբողջությամբ ճանաչել այն։ Ուղղակի ուրախ եմ, որ ներսումս խաղաղություն ու մեծ սեր է։ Դա հնարավորություն է տալիս բացել թևերդ և ստեղծագործել, ընդունել յուրաքանչյուր նորը։ Երազում եմ իմ սիրելի մարդկանց խաղաղության ու սիրո մթնոլորտում, երջանիկ ու հաջողակ տեսնել։ Կարծում եմ՝ կարանտինը մեզ համախմբեց և տվեց նոր ուժ ու եռանդ երազանքներին հասնելու համար»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան