Տեղեկատվությունն այն մասին, որ գործարար Ռոման Աբրամովիչը գնել է նորվեգացի հայտնի նկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչ» կտավը, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հղում անելով Sotheby’s Life Տելեգրամ ալիքին գրել էին, որ Աբրամովիչը 120 միլիոն դոլարով գնել է նկարը։
«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Աբրամովիչի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել գործարարի անձնական գործերը։
Մունկի նկարը վաճառվել է Նյու-Յորքի Sotheby’s աճուրդում շուրջ 120 միլիոն դոլարով 2012 թվականին։ Վաճառքից հետո աճուրդային տունը չէր բացահայտել գնորդի անունը, բայց 2012 թ. ամռանը The Wall Street Journal-ը գրել է, որ այն ձեռք է բերել ամերիկացի տնտեսագետ և կոլեկցիոներ Լեոն Բլեկը, որի կարողությունը գնահատվում է 7,8 միլիարդ դոլար։ Թերթը հղում էր արել Բլեկի շրջապատից աղբյուրին։
Մունկն «Ճիչի» ընդհանուր 4 տարբերակ է նկարել, որից երեքը գտնվում է նորվեգական թանգարաններում, միայն մեկն է մասնավոր հավաքածուում։