Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենի շքեղ զբոսանավը ահռելի գումարով վաճառքի է հանվել (լուսանկարներ)

Ամերիկյան Microsoft ընկերության համահիմնադիր Փոլ Ալենի շքեղ զբոսանավը 295 միլիոն եվրոյով վաճառքի է ներկայացվել։ Ապագայում նավի շահագործման համար սեփականատիրոջից տարեկան մոտ 15 միլիոն եվրո կպահանջվի։ Այժմ զբոսանավն իսպանական Մալագա քաղաքի նավահանգստում է կայանված, հայտնում է The Sun պարբերականը։

Նշվում է, որ զբոսանավը նախատեսված է 26 ուղևորի համար, այն մոտ 126,2 մետր երկարություն ունի։ Դրանում 13 խցիկ, 2 ուղղաթիռային հարթակ, գրադարան, գիշերային ակումբ, բասկետբոլի հրապարակ և ձայնագրման ստուդիա կա, որից օգտվել է նաև The Rolling Stones խմբի վոլակիստ Միք Ջագերը։

Զբոսանավը նաև լողավազան, հիդրոմերսման լոգարան, թափանցիկ հատակով դիտահարթակ և ութ հոգու համար նախատեսված ստորջրյա նավակ ունի։

Ամերիկացի ձեռնարկատեր Փոլ Ալենը մահացել է 2018 թվականին։ Մահվան պահին նրա կարողությունը 20,3 միլիարդ դոլար է կազմել։