Ինչպե՞ս ազատվել 27 կգ ավելորդ քաշից և դրա բարդույթներից․ Թամարա Գևորգյանի գեղեցկության գաղտնիքները

Կարանտինի ընթացքում, երբ փակ են բոլոր գեղեցկության սրահները կանայք ու աղջիկները ստիպված են առանց մասնագետների օգնությանը դիմելու շպարվել, խնամել վարսերը, մաշկը։ Շատերի մոտ ստացվում է, շատերի մոտ՝ ոչ։
Հայտնիներից Թամարա Գևորգյանը Showbiz.am հետ կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով և առաջին անգամ խոսել է ավելորդ քաշից ազատվելու իր կախարդական տարբերակի մասին։ Դժվար է հավատալ, բայց նրբագեղ ու սլացիկ կազմվածքով դերասանուհին ժամանակին կշռել է 85 կգ։
Քրտնաջան աշխատանքի և կամքի ուժի շնորհիվ նրա քաշն այսօր չի գերազանցում 58 կիլոգրամը։ Թամարան խոստովանում է, որ եթե ցանկանա ուտել այն, ինչ իր սիրտն է ուզում, ապա միանգամից կգիրանա։

Դերասանուհին կիսվում է, թե ինչպես է կարողացել ազատվել 27 կիլոգրամից։
«Գիտեմ՝ ինչ է նշանակում ավելորդ քաշն ու դրանից առաջացած բարդույթները։ Ես, իրականում, ամենավատ մեթոդով եմ նիհարել։ Երկար ժամանակ՝ 3 ամիս, սովի եմ մատնել ինձ, ինչը հանգեցրել է առողջական լուրջ խնդիրների։ Միանշանակ, խորհուրդ չեմ տա նման կերպ նիհարել, որովհետև լուրջ հետևանքներ կարող է ունենալ»,– ասում է Թամարան։

Չնայած այն բանին, որ դերասանուհին անցել է այդքան դժվարությունների միջով և վերջապես, ձեռք է բերել իր երազանքների կազմվածքը, նա խորհուրդ չի տալիս նման քայլի դիմել այլ աղջիկների։
«Ինձ ինչ հիշում եմ, դիետաների եմ հետևում։ Մի բան կարող եմ ասել՝ երբեք պետք չէ հետևել ստանդարտներին։ Եթե ձեր քաշը նորմայից ավելի է, բայց դուք ինքներդ ձեզ այդպիսին դուր եք գալիս, ապա չարժե ստանդարտների պատճառով տանջվել։ Կարևորը՝ ինքդ քեզ դուր գաս»,- հավատացնում է Թամարան։

Հիմա դերասանուհին նկատում է, որ կարանտինի ընթացքում քաշ է հավաքել ու արդեն պայքարում է դրա դեմ, սակայն այժմյան պայքարի ձևերը կտրականապես տարբերվում են հին ձևերից։ Դերասանուհին այլևս իրեն սովամահ չի անում խիստ դիետաներով, այլ փորձում է նիհարել առողջ սննդակարգի շնորհիվ։
«Այժմ, երբ ավելորդ քաշ եմ հավաքում, փորձում եմ գրագետ մոտեցում ցուցաբերել։ Սնվում եմ, բայց մնում եմ միշտ մի փոքր քաղցած, ուշ ժամերի չեմ ուտում, խմում եմ շատ ջուր և հիմնականում լիմոնաջուր։ Եվ իհարկե, մարզվում եմ, բայց ցավոք սրտի, վերջերս չի ստացվում ինձ մոտ։ Հատուկ սննդակարգերի հետևում եմ ժամանակ առ ժամանակ։ Հստակ կարող եմ ասել բոլոր աղջիկներին՝ եթե ձեզ դուր չի գալիս ձեր կազմվածքը, ապա դուք ի զորու եք այն փոխել»,- կիսվում է Թամարան։

Թամարան խոսեց նաև վարսերի և մաշկի խնամքի մասին՝ բացահայտելով կանացի մի քանի գաղտնիք։
«Բավականին բարդ մաշկ ունեմ․ այն շատ չոր է և առանձնահատուկ խնամք է պահանջում։ Հիմնականում օգտագործում եմ խոնավեցնող քսուքներ և ամեն առավոտ՝ դեմքս լվանալուց հետո, նուշի յուղով դիմակ եմ օգտագործում, ինչը մաշկին յուրահատուկ թարմություն է հաղորդում»,-ասում է նա։

Չմոռանալով անդրադառնալ վարսերի խնամքին՝ Թամարան հավատցնում է, որ երբեք ոչ մի դիմակ չի օգտագործել փարթամ ու երկար մազեր ունենալու համար։ «Երևի անհավատալի կլինի, բայց երբեք առանձնահատուկ խնամք չեմ ցուցաբերել վարսերիս հարցում»,-ասում նա։Թամարան նաև խոստովանում է, որ տարիներ առաջ դիմել է կոսմետիկ միջամտության՝ շուրթերի ծավալի մեծացման համար։


«Դիմել եմ, բայց չափի մեջ ու էսթետիկ։ Յուրաքանչյուր պլաստիկ ու կոսմետիկ միջամտություն նորմալ է, եթե արված է չափի մեջ ու ճիշտ։ Եթե մարդ ունի մեծ քիթ, որի պատճառով բարդույթավորվում է, ապա ինչո՞ւ չանել»,- կարծում է դերասանուհին։

Իր խոսքը Թամարան եզրափակում է՝ասելով, որ բոլոր կանայք, անկախ ամեն ինչից, գեղեցիկ են յուրովի։
«Կանայք շատ գեղեցիկ երևույթներ են․ ժպտացեք, եղեք դրական, որովհետև դրական էներգիայից ավելի գեղեցիկ բան չի կարող լինել»,- ասում է նա։

Հեղինակ՝Տաթևեր Լազարյան