«Եթե ռեժիսորը հարմար է գտել աշխատել ոչ պրոֆեսիոնալների հետ, էլ ի՞նչ ասես, խոսքերն ավելորդ են»․ դերասանուհի Տաթևիկ Միրզոյան

ShowBiz.am-ի հետ զրույցում Թատրոնի և կինոյի դերասանուհի Տաթևիկ Միրզոյանն, ում շուրջ մեկուկես տարի չենք հանդիպել հեռուստանախագծերում ու սերիալներում, պատմեց կարանտինի շրջանում իր կյանքից, ընտանեկան առօրյայից, ինչպես նաև անդրադարձ կատարեց հայկական հեռուստասերիալներին և իր նախընտրած դերերին։

«Ես ինքնաբավ մարդ եմ․ շուտ չեմ ոգևորվում, շուտ չեմ ընկճվում, անկախ հանգամանքներից՝ միշտ անելիքս գիտեմ, քանի որ հետաքրքրություններիս ու որոնումներիս շրջանակը «սահմաններ չունի», և ամենակարևորը՝ ունեմ մանկահասակ երեխաներ՝ Արեգն ու Նարեկը, որոնք իմ օրը «բազմաժանր» են դարձնում, որևէ բան էլ չունենաս անելու, այդ ավազակները առօրյադ կարող են հագեցած, հետաքրքիր, կասեի՝ ստեղծագործական դարձնել։ Չես ձանձրանա․․․ Իհարկե, ես հասցրել եմ հասկանալ, որ եթե միայն իրենցով զբաղվես, կկորցնես քո անձնական տարածքը․ դա շատ վտանգավոր է։ Այդ վտանգից ես ինձ հնարավորինս հեռու եմ պահում։ Ասեմ, որ կարանտինն իմ առօրյան շատ չի փոխել, ես էլի անում եմ այն, ինչն օրվա ընթացքում պարտադիր անում էի, միայն թատրոն աշխատանքի չեմ գնում։ Այս կարանտինը մի բանով շահավետ է ինձ համար․ ավելի շատ եմ կարդում, զբաղվում եմ անգլերենով (առաջին մասնագիտությամբ), նաև կանոնավոր մարզվում եմ։  Ես օրվա ընթացքում անում եմ այն, ինչը պարտավոր է անել կինը, մայրը և դերասանուհին»,- պատմում է Տաթևիկը։

Տաթևիկ Միրզոյանն այժմ աշխատում է Գաբրիել Սունդուկյանի անվան  ազգային ակադեմիական թատրոնում, որի ստեղծագործական անձնակազմը ակտիվ զբաղված է նոր ծրագրերի իրագործմամաբ, սակայն կորոնավիրուսն ու կարանտինը մեծ խոչընդոտ դարձան այդ ճանապարհին։ «Մեկուկես տարի առաջ եմ ընդունվել ակադեմիական թատրոն, մինչ այդ Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի էի։ Ինձ համար մեծ պատիվ է այս թատրոնում աշխատելը։ Թատրոնը մեծ սեր է, մեծ պատասխանատվություն»,- անկեղծանում է Տաթևիկը։

Վերջին ֆիլմը, որտեղ դերասանուհին նկարահանվել է Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակված «Թղթե երազանք» հեռուստանովելն է։ Տաթևիկը խոստովանում է, որ առանձնապես, չի ափսոսում և չի տխրում, որ հեռուստասերիալներում նկարահանվելու հրավեր չի ստանում ռեժիսորներից։ Նրան չի գոհացնում, երբեմն էլ զայրացնում է որոշ սերիալներ ու հեռուստանախագծեր։ Սակայն նա մեծ գոհունակությամբ է նշում, որ Հանրային հեռուստաընկրությունը նոր նախագծեր է սկսել, որոնք իրոք արժանի են գովեստի, հատկապես հայ դասականների գործերի հիման վրա նկարահանված նոր մոտեցմամբ ու լուծումներով ներկայացված հեռուստասերիալները։

Կարանտինի օրերին դերասանուհին շատերի նման ամբողջ օրը տանը փակված չի անցկացրել, նա իր երեխաների հետ իրեն մեկ-մեկ թույլ է տվել մաքուր օդի դուրս գալ։ «Ճիշտ է՝ ես խստորեն պահել եմ կարանտինի կանոնները և հետևել եմ բոլոր ցուցումներին, բայց պարտադիր ամեն երեկո ամուսնուս հետ երեխաներին զբոսանքի եմ տարել՝ մաքուր օդ շնչելու»,- պատմում է դերասանուհին, ապա, անդրադառնալով այս շրջանում հարազատների և ընկերների հետ մինիմալ շփմանը, հավելում․ «Գիտե՞ք՝ կյանքը մեզ մի տեսակ ռոբոտ է դարձրել, գործեր, գործեր, գործեր․․․ Այն ժամանակ էլ, երբ կարանտին չկար, ի՞նչ է, հաճախ ժամանակ տրամադրում էինք մեր հարազատներին ու ընկերնին, իհարկե, ոչ։  Իսկ հիմա դրա կարիքն այնպես ենք զգում ու երանությամբ ենք հիշում այն բարի օրերը»։

Կարանտինը ինչպես բոլորի, այնպես էլ Տաթևիկի վրա է իր հետքը թողել ու ստիպել որոշակի փոփոխություններ կատարել  իր աշխարհայացքում․ «Այս ընթացքը մեզ հնարավորություն տվեց հասկանալ, որ մենք չենք արժևորում, չենք գիտակցում՝ ինչքան բան ունենք, մինչև որ դրանք մեզ համար մի հեռավոր երազանք չեն դառնում։ Այս շրջանում մի բան շատ լավ է, ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի․ ընտանիքները հնարավորություն ունեցան իրար հետ շատ ժամանակ անցկացնելու, իրար վայելելու։ Մեր ընտանիքն էլ հաճելիորեն «վերամիավորվեց», երեխաներն ուղղակի երջանկությունից ցնծում եմ, որ հայրիկն ու մայրիկը միշտ տանն են, իրենց հետ»։

Կարանտինի շրջանում բոլորը, տանը լինելով ու զբաղմունք չգտնելով, սկսեցին իրենց տարբեր կողմերից բացահայտել, սակայն դերասանուհին այդ բացահայտումներն իր մեջ արդեն վաղուց էր արել։ «Ինձ մոտ նոր «տաղանդներ» են բացահայտվել դեռևս վեց տարի առաջ, երբ ես ընտանիք կազմեցի և ունեցա բալիկ։ Այսինքն՝ մինչ այդ ես զբաղված էի ինձնով, իմ ուսումով ու չեմ իմացել՝ ինչ բան են ընտանեկան հոգսերն ու կենցաղային խնդիրները, քանի որ մայրս ինձ դրանցից միշտ զերծ է պահել»,- կիսվում է Տաթևիկը։

Դերասանուհին նաև ունի կազմվածքին հետևելու և խնամված տեսք ունենալու իր տարբերակը ու կարծում է, որ դրա համար պարտադիր չէ հասնել մարզասրահ։ «Փոքրս, երբ դեռ մեկ տարեկան էր, ես այդ պահից սկսած որոշում էի, որ մարզասրահ պետք է հաճախեմ, պետք է անպայման հետևեմ կազմվածքիս, բայց հետո ժամանակի ընթացքում հասկացա, որ ես չունեմ այդ մեկուսկես ժամը, որպեսզի այն անցկացնեմ մարզասրահում, քանի որ կարծում եմ՝ երեխան իր ժամանակի հիմնական մասը պետք է անցկացնի մոր հետ և լինի նրա մշտական ուշադրության կենտրոնում։ Դրա համար էլ այժմ իմ կազմվածքին փորձում եմ հետևել տան պայմաններում, չնայած որ այսպես շատ ավելի դժվար է, քանի որ երեխաներդ կարող են ցանկացած պահի գալ և միջամտել գործիդ՝ ինչ-որ բաներ խնդրելով կամ ուզելով»,- պատմում է Տաթևիկը, ապա մանրամասնում․ «Որ ասեմ՝ դիետաներ եմ պահում, չէ, այդպես չէ, բայց ունեմ որոշակի սննդակարգ, որին հետևում եմ։ Երբեք ինձ սովամահության չեմ մատնում, ինձ ինչ-որ բաներից չեմ զրկում, բայց գտել եմ այն չափը, որից աշխատում եմ երբեք չանցնել»։

Դերասանուհին վերջին շրջանում դերերի առաջարկ ստանալիս ավելի պահանջկոտ է դարձել, սակայն նույն պահին հիշում է, որ առաջ այդպիսին չէր, ինչի պատճառով շատ է տուժել։ «Ես կարծում եմ, որ թատրոնում չկան մեծ ու փոքր դերեր, այդպես էի մտածում նաև սերիալների և ֆիլմերի մասին, սակայն վերջերս հասկացա, որ մեր հեռուստաեթերն ու հեռուստանախագծերն ունեն շատ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, ուստի հիմա սկսել եմ շատ բաների ուշադրություն դարձնել ու գիտակցել, որ այո, դու պիտի ունենաս քո քմահաճությունները, որովհետև ինչքան էլ ցավալի է, շատերին թվում է՝ եթե դու երկրորդական դեր ես կերտում, ուրեմն իրենք իրավունք ունեն քեզ լուրջ չվերաբերվելու։ Եվ ես սա ասում եմ իմ սեփական փորձից, դերի առաջարկն ընդունելիս դու պիտի իմանաս, թե քո հերոսին սկզբից մինչև վերջ ինչ ճակատագիր է սպասվում։ Ու սրանից ելնելով՝ ես հիմա ավելի քմահաճ եմ, ինքս պիտի ընտրեմ, որ դերն եմ ուզում խաղալ, կամ կխաղամ, թե չեմ խաղա։ Այո, ես էլ չեմ ուզում երկրորդական դերեր, անգամ եթե ինձ առաջարկեն գլխավոր դեր, ես էլի պիտի հասկանամ՝ արդյո՞ք իմ կերպարը ասելիք ունի, կարո՞ղ է ինչ-որ բան տալ, սովորեցնել հանդիսատեսին։ Իսկ թատրոնում մի փոքր այլ է, նախ այն, որ ամեն դեր չէ, որ քեզ համապատասխանում է, այստեղ հարկավոր է հաշվի առնել ցանկացած մանրուք, միգուցե քո տվյալներին համապատասխանում է մի դեր, որը երրորդական է»,- կիսվում է դերասանուհին։

Տաթևիկն անդրադարձավ նաև իր բնավորությանը․ «Գուցե շատերն ասեն, որ դժվար բնավորության տեր անձնավորություն եմ, սակայն ես կարող եմ նրանց հեշտությամբ հակադարձել։ Ես բարդ բնավորություն չունեմ, պարզապես ցանկանում եմ իմ գործին պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել։ Ինձ շատ-շատ բաներ կան, որոնք դուր չեն գալիս մեր հեռուստաեթերում։ Ես առօրյա խոսքիս մեջ միգուցե ակամա օգտագործեմ «կարամ» բառը, բայց երբեք թույլ չեմ տա դա անել հեռուստաեթերից»։

Իսկ, խոսելով այն մասին, որ մեր հեռուստանախագծերում մեծ թիվ են կազմում այն դերասանները, որոնք իրականում մասնագիտությամբ դերասաններ չեն, Տաթևիկը նշում է․ «Ես երբեք չեմ քննադատում այն փաստը, որ հեռուստաեթերում դերասանի գործն անում են ոչ մասնագետները, Եթե ռեժիսորը հարմար է գտել աշխատել ոչ պրոֆեսիոնալների հետ, էլ ի՞նչ ասես, խոսքերն ավելորդ են։ Ու գիտեք՝ ցավալին որն է, այն, որ հենց այդ «դերասաններն» են, որ տարիներով հեռուստաէկրանից չեն իջնում, քանի որ մարդկանց գրավել է նրանց տեսքը ու հաշվի չեն առնվել ո՛չ կրթությունը, ո՛չ շնորհքը ու ո՛չ էլ խոսքը»։

Դերասանուհին նաև նշեց, թե ինչ է հասցրել սովորել իր կյանքի ընթացքում, իսկ կարանտինի ժամանակահատվածում արդեն իսկ դրանում համոզվել է․ «Այս ամիսներն ինձ հնարավորություն տվեցին հասկանալու՝ եթե ինչ-որ մեկի կարծիքը չի համապատասխանում իմի հետ, ապա դա չի նշանակում, որ նա սխալ է, ու ես պարտադիր պիտի նրան համոզեմ, որ փոխի այն։ Մարդուն ընդունենք այնպիսին, ինչպիսին նա կա։ Իրոք այս ամիսների ընթացքում շատ բան է փոխվել իմ մտածողության մեջ, և ես հույս ունեմ, որ ամեն բան շուտով լավ կլինի, և ես սա ասում եմ ոչ միայն կարանտինի առումով․․․»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան