Ավելորդ քաշն ամենատարածված խնդիրներից մեկն է, որից ազատվել ոչ բոլորին է հաջողվում, քանի որ ոչ բոլորն են ճիշտ մոտեցում ցուցաբերում։ Մասնագետների խոսքով՝ ցանկացած գործողություն, որի նպատակը նիհարելն է, պետք է հիմնված լինի երեք սկզբունքի վրա՝ պարբերականություն, առողջ սննդակարգ և ֆիզիկական ակտիվություն։ Բացի այդ, կան նաև մի շարք այլ խորհուրդներ, որոնց հետևելը կօգնի կարճ ժամանակահատվածում կարգի բերել սննդակարգը:
Իսպանական La Gaceta պարբերականը ներկայացրել է չորս խորհուրդ սննդաբաններից, որոնք կօգնեն շատ արագ նվազեցնել քաշը։
Կարգավորել քունը
Բավական երկարատև ու առողջ գիշերային քունը քաշը կարգի բերելու լավագույն միջոցներից մեկն է։ Իսպանացի փորձագետները խորհուրդ են տալիս հստակեցնել քնի ժամերը, քնել օրական առնվազն 8 ժամ և խստորեն հետևել քնի ռեժիմին։ Նման առողջ քունը նվազեցնում է ախորժակը՝ այդ կերպ նվազեցնելով նաև օրվա սննդակարգի կալորիականությունը։
Կատարել կարճատև, սակայն ինտենսիվ վարժություններ
Մասնագետների խոսքով՝ նիհարելու համար ամեն օր տևական վազքի անհրաժեշտություն չկա, քանի որ շատ արդյունավետ կարող են լինել նաև բարձր ինտենսիվությամբ մարզումները շաբաթական 2-3 անգամ։ Նման ինտենսիվ մարզումներն օգնում են այրել ավելի շատ ճարպ ու ազատվել ավելորդ քաշից։ Այս վարժությունների հետ մեկտեղ նաև ամենօրյա զբոսանքի գնալը կօգնի էլ ավելի արագ հասնել ցանկալի արդյունքին։
Ուտել մանրաթելերով հարուստ մթերք
Մանրաթելերը բավական երկար են մարսվում, ինչն օգնում է երկար ժամանակով ազատվել քաղցի զգացումից։ Հատկապես արդյունավետ է մանրաթելերով ու ջրով հարուստ մթերքը, որն առավել լավ է հագեցնում ու հնարավորինս երկար է պահպանում հագեցածության զգացումը։ Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ցիտրուսային մրգերին, որոնք մանրաթելերից ու ջրից բացի պարունակում են նաև մեծ քանակությամբ վիտամիններ ու այլ սննդարար նյութեր։
Կիրառել ընդհատվող «ծոմի» մեթոդը
Այս մեթոդը ևս շատ արդյունավետ է ավելորդ քաշի դեմ պայքարում։ Այն ենթադրում է սննդի գործածություն միայն օրվա որոշակի ժամերին։ Հարկավոր է սնվել ութ ժամվա ընթացքում, իսկ հաջորդ 16 ժամվա ընթացքում ոչինչ չուտել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ժամանակ առ ժամանակ այս մեթոդի կիրառումն օգնում է արդյունավետ կերպով նվազեցնել քաշը։