Ներքաղաքական իրականություն` համեմված հումորի ամենագեղեցիկ, թեթև ու նուրբ նոտաներով. Այսպիսին էր «Բումերանգ» ներկայացումը, որի մեծ պրեմիերան տեղի ունեցավ երեկ` Հակոբ Պարոնյանյի անվան թատրոնում: 1.5 ժամ տևողությամբ ներկայացման ընթացքում բեմում էին Լուիզա Ներսիսյանը, Լևոն Հարությունյանը, Անդրանիկ Հարությունյանը, Զիրոյանը, Ժաննա Հովակիմյանը, Եվա Զոհրաբյանը, ում կերպարի դերակատարն է նաև երիտասարդ դերասանուհի Միլենա Ավանեսյանը:
ShowBiz.am-ը ներկա է եղել ներկայացման մեծ պրեմիերային և իր ընթերցողներին է ներկայացնում մանրամասները, backstage լուսանկարներն ու հետաքրքիր դրվագները:
Ներկայացումը բեմադրելու գաղափարը ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի մոտ ծնվել է հենց հեղափոխության օրերին. «Ես և Արմեն Վարդանյանը այդ շրջանում մեր գեղեցիկ քաղաքի կենտրոնական հատվածներում աշխատանքային գրասենյակ ունեինք և տաք ու գեղեցիկ եղանակին արդեն գրեթե միշտ դրսում էինք լինում, նայում էինք կատարվածին, շատ անգամ որպես արվեստագետ փորձում վերլուծել կատարվածը»,- պատմում է ռեժիսորն ու նշում, որ, տեսնելով այդ շրջանի իրականությունը, փորձում են մի փոքր սպասել, որ տեսնեն ինչպիսի ընթացք է այն ունենալու, իսկ հետո արդեն անդրադառնալ դրան ոչ որպես իրողության, այլ պարզապես իրավիճակի»,- ասում է նա և հավելում, որ պրեմիերայից հետո դեռ որոշ ժամանակ է հարկավոր ամբողջը մարսելու և հանդիսատեսի արձագանքը լիովին ընկալելու համար:
Դերասանական կազմին ընտրելու համար ռեժիսորը շատ չի տատանվել. «Լուիզայի, Լևոն և Անդրանիկ Հարությունյանների հետ արդեն իսկ աշխատել էինք, Զիրոյանը մեր ընդհանուր մտերիմ ընկերն է, Միլենա Ավանեսյանին մոտ 4 տարի առաջ նկատել էի մի ուսանողական ներկայացման մեջ և շատ հավանել, Ժաննային Հովակիմյան գիտեի դեռ այստեղ թատերական ինստիտուտում ուսանելուս տարիներից »,- դերասանների մասին մեծ սիրով պատմում է նա, ապա նշում, որ գլխավոր կերպարների դերակատարների` Լևոնի և Լուիզայի ընտրությունը եղել է դեռ վաղուց, և սցենարը հենց նրանց համար էլ գրվել է, իսկ երիտասարդ դերասաններին, անպայման, պետք է հնարավորություն տալ դրսևորվելու և ներկայանալու նաև թատրոնի բեմում, որպեսզի մի քիչ կտրվեն սերիալային իրականությունից և միայն դրանցում հանդես գալուց:
Ռեժիսորը նաև նշեց, որ իրեն և Արմեն Վարդանյանին սցենարային և ռեժիսորական աշխատանքներում օգնել և իր ներդրումն են ունեցել դերասաններից յուրաքանչյուրը, և որ իրենց ողջ կազմը պատրաստ են սիրով ընդունել և ներկայացումը ներկայացնել անգամ տարբեր քաղաքների թատրոններում, միայն թե այն մասշտաբներով մի քիչ մեծ է. անհրաժեշտ են համապատասխան դեկորներ և այլն. Դրանց առկայության դեպքում, ռեժիսորը վստահեցնում է, որ անպայման, կընդունեն յուրաքանչյուր թատրոնի առաջարկ:
Հուզմունքը, իհարկե, կա, սակայն ավելի քիչ, քան նախորդ օրն էր, երբ կայացել էր ներկայացման պրեմիերան հանդիսատեսի համար. Ռեժիսորի խոսքով` ներկայացման առաջին 15 րոպեն ամեն բան ավելի լարված է, իսկ դեռ երեկվանից դրական ու լավ արձագանքներ է լսել, սակայն չի զարմանա , եթե երբեմն լինի նաև հակառակը, քանզի ներկայացումն ինքնին քաղաքական թեմատիկայով է և շատերի մոտ գուցե որոշ հարցերում անհամաձայնություններ առաջացնի. «Ես ու Արմենը աշխատել ենք բեմի վրա ներկայացնել այն, ինչը կա իրականությունում»:
Ամեն բան ամբողջովին ռեժիսորի պատկերացրածով չի եղել. «Ես կարծում եմ, որ երբեք ոչ մի ռեժիսորի ոչինչ ամբողջովին չի գոհացնում, որովհետև ռեժիսորները միշտ պատկերացնում են ամեն ինչ իդեալական և կատարյալ. Դերասանները միշտ իրենց պատկերացումներն ունեն, որքան էլ դու ասես` այսպես պետք է արվի, չես կարող նրանց թևերը դու կտրել, և իրականում պետք էլ չէ կտրել»:
«Խորհրդավոր անծանոթուհի, ով կարողանում է գլխավոր հերոսի կյանքի մեջ ինչ-որ շրջադարձ կատարել և վերափոխել նրա ներաշխարհը ». այսպես բնորոշեց իր կերպարը դերասանուհի Լուիզա Ներսիսյանը: Ըստ նրա` ներկայացման դիպուկ հաղորդագրությունն այն է, որ կյանքն իրոք բումերանգ է, և որքան լավ արարքներ փորձենք մենք անել կյանքի ընթացքում, այնքան լավն ու դրականը մեզ հետ կգա. «Այս կերպարն ինձ համար չափազանց սպասված և ցանկալի է եղել: Բնավորության հատուկ շեշտադրումով կերպար է, որն ինձ համար ավելի կարևոր է, քան օրինակ զոհի կերպարը. Այս դեպքում դու ունես անելիք»:
Յուրաքանչյուր կերպար, որ կերտում է նա, տալիս է մտածելու և ,իհարկե, ներքուստ ավելի հարստանալու առիթ. «Շատ կարևոր է, որ կերտածդ կերպարի միջոցով 2-րդ կյանք ես ապրում և միջիցդ հանում ես այն գույները, որոնք դու չգիտեիր, որ կան քո մեջ»,- եզրափակեց դերասանուհին:
Նյութը` Կիմա Միրզոյանի
Լուսանկարները` Արսեն Հայրապետյանի