Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նազիկ Բաղդասարյանն օրերս իր ունկնդրի դատին հանձնեց ևս մեկ, այս անգամ հայերեն ստեղծագործության քավեր տարբերակը։ Դերասանուհին այս ընթացքում հասցրել է նաև նոր, ամառային և ջերմ ֆոտոշարքով ներկայանալ։
ShowBiz.am-ի հետ զրույցում Նազիկը պատմեց նոր տեսահոլովակի նկարահանումներից, երգի ընտրությունից, ֆոտոշարքից և լուսանկարչի հետ համագործակցությունից, խոսեց կարանտինային առօրյայից, ինչպես նաև անդրադարձավ հանգստին ու չեղարկված պլաններին։
«Այո, վերջերս ես նոր հոլովակ ներկայացրի։ Այսպես ասած՝ կարանտինից օգտվեցի ու ազատ ժամանակս փորձեցի ինչ-որ բանով լցնել։ Ես արդեն երկու տարի է՝ «Natural Reverb» նախագիծն եմ իրականացնում, որի շրջանակներում երգում ենք այն տարածքներում, որտեղ կա ակուստիկա և երգերն անպայման կատարում ենք կենդանի հնչողությամբ։ Այս անգամն էլ բացառություն չեղավ, էլի կենդանի հնչողությամբ էր, բայց քանի որ այժմ ամառ է ու դրա հետ մեկտեղ՝ կարանտին, որով էլ պայմանավորված մենք խուսափում ենք փակ տարածքներից, նկարահանումներն իրականացրինք բնության գրկում։ Շատ գեղեցիկ մի վայր էինք ընտրել՝ Ապարանի ջրամբարը, որն, ի դեպ, ինձ համար մեծ բացահայտում էր, որովհետև շատ գեղեցիկ վայր էր, ու ես առաջին անգամ էի այն տեսնում։ Իսկ նման տեղի համար պետք է անպայման հայերեն երգ ընտրեինք, իսկ եթե հայերեն, ուրեմն՝ Կոմիտաս։ Ես դեռ վաղուց էի փորձում հայերեն երգեր ընտրել, բայց չէր ստացվում, միգուցե, պատճառն այն էր, որ չէի գտնում մի բան, որը կհամապատասխաներ տեղանքին, իսկ այս տեղը ինձ միանգամից հուշեց, որ ես պետք է երգեմ Կոմիտաս»,- պատմում է Նազիկը, ապա անդրադառնում երգի հրապարակվելուց հետո ստացած արձագանքներին․ «Ճիշտն ասած՝ այսպիսի արձագանքների ընդհանրապես չէի սպասում, որքան էլ որ ես արդեն ունեմ իմ ունկնդրին, ու նրանք սպասում են ինձնից նոր աշխատանքների, բայց արձագանքները շատ ավելի բուռն էին, երգն արագությամբ տարածվեց։Այս ընթացքում հասցրել եմ միմիայն դրական խոսքեր լսել, ինչի համար շատ ուրախ եմ և արդեն ոգևորված նոր երգ եմ փնտրում»։
Զրույցի ընթացքում դերասանուհին նաև անդրադարձավ իր և իր ընտանիքի կարանտինային առօրյային։ «Ես մարտից սկսած, երբ արդեն ամբողջ օրը տանն էինք անցկացնում, սկսեցի տանը երգել և արդյունքում երկու նոր հոլովակ ծնվեց։ Դրա հետ մեկտեղ՝ փոխվել էր նաև մեր առօրյան, արդեն բոլորս տանն էինք, ու երեխայի համար այդ ընթացքն իսկապես տոն էր, քանի որ մենք տարբեր խաղեր էինք կազմակերպում, փորձում էինք ամեն կերպ մեր առօրյան ավելի հագեցած ու բազմազան դարձնել։ Պարտադիր բոլորս միասին տարբեր ֆիլմեր և մուլտֆիլմեր էինք դիտում»,- կիսվում է Նազիկը։
Այս ընթացքում դերասանուհին ամենաշատը հասցրել է կարոտել թատրոնին ումինչև այժմ էլ շարունակում է կարոտել․ «Այս ընթացքում հասցրի մեկ անգամ գնալ թատրոն, շրջել տարածքով, առանց հանդիսատեսի այնտեղ չափազանց տխուր էր։Շատ-շատ եմ կարոտել մեր ներկայացումներն ու դրանց սպասող հանդիսատեսին։ Մեր թատրոնը դեռ չի սկսել իր աշխատանքները, ու չգիտեմ էլ, թե երբ կսկսի, ինձ թվում է՝ բոլորս ենք կարոտել։Մենք նաև պրեմիերա էինք ունենալու, որը պետք է կայանար կարանտինի սկսվելուց ընդամենը մի քանի օր հետո։ Հույս ունեմ՝ հենց այս ամենն ավարտվի, և մենք արդեն հնարավորություն ունենանք վերադառնալ թատրոն, պրեմիերան անմիջապես կհանձնենք մեր հանդիսատեսի դատին, քանի որ բոլորս ենք դրան անհամբեր սպասում»։
Նազիկը դեռչի հասցրել վերադառնալ իր բնականոն առօրյային․ «Ամեն դեպքում դեռևս որոշ սահմանափակումներ գործում են, ու նաև դրա հետ մեկտեղ կյանքիցս բացակայում է թատրոնը, այնպես որ՝ հենց վերադառնամ աշխատանքիս, կարծում եմ, այդ ժամանակ էլ ամեն բան իր տեղը կընկնի»։
Նազիկի հետ զրուցեցինք նաև իր նոր ֆոտոշարքից, որի կադրերը դերասանուհին տրամադրել է մեզ, ինչպես նաև մանրամասներ պատմել դրա ստեղծման, ինչպես նաև նկարահանումների ընթացքից։ «Երբ մատնվում ես պարապուրդի, շատուշատ նոր մտքեր ու գաղափարներ են ծնվում։ Ու հենց այդ ընթացքում էլ այս նոր ֆոտոշարքի մասին էի հասցրել մտածել։ Վերջերս ֆոտոշարքերը, կարծես, իմ մի մասն են դարձել, հաճախ եմ նորություններով ներկայանում։ Ես դրա մեջ էլ եմ գտնում ստեղծագործելու և նորովի ներկայանալու տարբերակներ։ Վերջերս ներկայացրել էի նաև «Ֆրիդա Կալոյի» ոճով ստեղծված ֆոտոշարքը, որը կրկին ծնվել էր լուսանկարիչ Միլեն Մանուկյանի հետ համագործակցության արդյունքում․ այն համացանցում, կարելի է ասել, իսկական «բում» առաջացրեց։ Ու դրանից հետ ես հասկացա, որ գտել եմ իմ սրտի լուսանկարչին, ով իմ բոլոր «ծուռ» մտքերը կյանքի է կոչում։ Երևի և՛ կարանտինային պայմաները, և՛ ամառային հիանալի եղանակն էին պատճառը, որ որոշեցինք նկարահանումներն իրականացնել բնության գրկում»,- անկեղծանում է դերասանուհին։
Ամռան հետ մեկտեղ գալիս է նաև հանգստի մեկնելու ցանկությունը, սակայն այս ամառ դժվար թե շատերը կարողանան լքել մեր երկիրն ու իրենց հանգիստը կազմակերպել արտերկրում․ «Մենք որոշել էինք այս տարի մեր ամառային հանգիստն անցկացնել Հունաստանում, բայց, ինչպես հասկանում եմ, այդպես էլ տեղ չենք հասնի ))): Մենք փորձում ենք հասցնել գոնե շաբաթ-կիրակի օրերը ինչ-որ չափով Հայաստանը բացահայտել։ Գտնում ենք այնպիսի վայրեր, որտեղ դեռ չենք եղել, և շտապում ենք դրանք էլ բացահայտել։ Ինձ թվում է՝ ամբողջ ամառվա ընթացքում էլ այդ գործով ենք զբաղված լինելու։ Իհարկե, ցավալի է, որ չենք կարող երկրից դուրս գալ, բայց մյուս կողմից էլ շատ ուրախ եմ, որովհետև Հայաստանում այնպիսի վայրեր եմ գտել, որ երբևէ չէի եղել ու դրանք ինձ համար իսկական բացահայտում են։ Այպես որ՝ այսպես էլ է շատ հետաքրքիր, ինչու՞ ոչ»։
Նյութը՝ Լուս Ավագյանի
Լուսանկարները՝ Միլեն Մանուկյանի