«Աղվեսի աչքեր»․ կանանց շրջանում վերջերս աչքերի ձևը փոխելու նոր միտում է նկատվում (լուսանկարներ)

Բրիտանացի կանանց շրջանում վերջերս նոր միտում է նկատվում, ըստ որի՝ կանայք համատարած կերպով կոսմետոլոգիական կլինիկաներ են դիմում՝ աչքի ձևը փոխելու խնդրանքով։ Բրիտանուհիները ցանկանում են միջամտությունից հետո «Fox Eye»՝ «Աղվեսի աչքեր» արդյունքը ստանալ, գրում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրում կորոնավիրուսի պատճառով սահմանափակումների ռեժիմի չեղարկումից հետո նման ծառայությունների ամրագրումների թիվն ավելացել է 15 անգամ։

Լոնդոնյան SAS Aesthetics սրահի տնօրեն Մահսա Սալեքին նշել է, որ կանայք այժմ ցանկանում են սուպերմոդելներ Բելլա Հադիդի և Քենդալ Ջեների պես աչքեր ունենալ։

Նման պրոցեդուրան արժե 500 ֆունտ ստերլինգ։ Միջամտությունն ինքնին մոտ կես ժամ է տևում, որի ընթացքում մասնագետը հատուկ լուծվող թելերով բարձրացնում է հոնքը և աչքերի արտաքին անկյունները։

«Ծառայությունը տարբեր տարիքի կանանց շրջանում է պահանջված։ Նման միջամտության համար դիմում են և՛ երիտասարդ աղջիկներն ու ինսթագրամյան բլոգերները, և՛ տարիքով կանայք, որոնք ժամանակի ընթացքում թուլացած կոպերը շտկելու մեթոդներ են փնտրում»,- նշել է Սալեքին։