Թրամփը Կիմ Չեն Ընին «փոքրիկ մարդ-հրթիռ» անվանելուց հետո մտադիր է եղել վերջինիս նվիրել Էլթոն Ջոնի «Մարդ-հրթիռ» երգի սկավառակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից Կիմ Չեն Ընին «փոքրիկ մարդ-հրթիռ» անվանելուց հետո, իրենց պատմական հանդիպման ժամանակ մտադիր է եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդին նվիրել բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնի «Մարդ-հրթիռ» (Rocket Man`«Աստղանավորդ» կամ բառացի «Մարդ-հրթիռ») երգի սկավառակը։ Այս մասին իր գրքում պնդում է Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, գրում է Mirror-ը։

Առաջնորդների՝ 2018-ի հունիսին Սինգապուրում հանդիպումից առաջ, Թրամփը ծաղրել է Կիմին իր հասակի և հրթիռների արձակման հանդեպ սիրո համար՝ ասելով․ «Փոքրիկ հրթիռ-մարդուն շատ վաղուց պետք է սանձահարած լինեին: Նրան դեռևս Քլինթոնը և Օբաման պետք է զսպեին։ Դա պետք է ութ, չորս, տասնհինգ, քսան և քսանհինգ տարի առաջ արված լիներ»։

Սակայն, ինչպես պնդում է Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, Սինգապուրում իրենց հանդիպման ժամանակ Թրամփը ցանկացել է Կիմ Չեն Ընին վստահեցնել, որ իր խոսքերը հաճոյախոսություն են եղել։

Բոլթոնն իր «Սենյակը, որտեղ տեղի է ունեցել այդ ամենը. Սպիտակ տան հուշագրություններ» գրքում, ի թիվս մի շարք այլ բացահայտումների, նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը ստորագրել է երգիչ Էլթոն Ջոնի «Մարդ-հրթիռ» երգի սկավառակի վրա և այն Հյուսիսային Կորեայի առաջնորդին փոխանցելը «մեծ առաջնահերթություն է համարել»։

Բոլթոնի պնդմամբ՝ Թրամփը պետքարտուղար Մայք Պոմպեոյին խնդրել է նվերը հանձնել վերջինիս, սակայն Պոմպեոն չի համաձայնել։

«Այս սկավառակի փոխանցումը Թրամփի համար մի քանի ամսվա ընթացքում առաջնային խնդիր էր մնում»,- իր գրքում գրել է Բոլթոնը։