Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մկրտչյանը հայտնի է նաև իր հեռուստատեսային դերերով։ Իսկ «Կինստագրամ» սիթքոմում մասնակցությունից հետո նա է՛լ ավելի սիրվեց հեռուստադիտողների կողմից։ Showbiz.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է հետաձգված ծրագրերի, կարանտինային առօրյայի, երազանքների ու մասնագիտության մասին։ Էմման մեզ է տրամադրել նաև իր նոր ֆոտոշարքը, որի հեղինակը Նվարդ Թերզիբաշյանն է։
Խոսելով իր կարանտինային առօրյայի մասին՝ Էմման նշում է․ «Ֆիլմեր եմ դիտել շատ, իսկ երեկոյան ժամերին փորձելով չխախտել կարանտինի կանոնները՝ հեծանիվ եմ քշել։ Կիթառ ունեմ, հիմա ուսումնասիրում եմ, երբ կենտրոնները բացվեն, կհաճախեմ կիթառի դասերի»։
«Կինստագրամի» նկարահանումների ավարտից հետո հեռուստադիտողը սպասում է ուրախ ու խենթ հերոսների նոր արկածներին, բայց դերասանական կազմն ու նկարահանող խումբը դեռ չեն սկսել աշխատանքները ու գտնվում են տնային մեկուսացման մեջ։ Դերասանուհին պատմում է․ «Մենք նույնպես սպասողական վիճակում ենք, սակայն պաշտոնական տվյալներ չունենք «Կինստագրամի» երկրորդ եթերաշրջանի մասին։ Արդեն նոր նախագծերի առաջարկներ ունեմ, բայց դեռ չեմ կողմնորոշվում՝ ուզում եմ, թե ոչ։ Իսկ կարանտինի հետևանքով տուժել է իմ սիրելի աշխատանքը՝ թատերական կյանքը, շատ կարևոր ներկայացումներ են հետաձգվել»։
Էմման անհանբերությամբ սպասում է վարակի նահանջի մասին լուրը լսելուն, քանի որ շատ է կարոտել բեմը․ «Համավարակի ավարտից հետո վերջապես կվերսկսվեն թատրոնի փորձերը, որին այսքան երկար սպասեցինք»։
Դերասանուհին չի խուսափում տարբեր ժանրերում և կերպարներում հանդես գալ ու ասում է․ «Հեռուստադիտողն արդեն տեսել է ինձ և՛ դրամայում, և՛ կատակերգությունում, հիմա կցանկանայի մարմնավորել բացասական կերպար, միշտ երազել եմ խաղալ հակահերոս»։
Շատ են դեպքերը, երբ մարդիկ ընտրում են դերասանի մասնագիտությունը՝ դեմ գնալով ընտանիքին։ Բայց Էմմայի դեպքում ամեն ինչ այլ է․ ծնողները նկատել են իրենց երեխայի տաղանդն ու որոշել աջակցել նրան՝ երազանքին հասնելու ճանապարհին․ «Ծնողներիս ցանկությունն է եղել տեսնել ինձ մեծ բեմում, նրանք ամեն բան արել են, որ տեղափոխվենք քաղաք, ընդունվեմ թատերական ստուդիա։ Այդպես էլ եղել է, փոքր տարիքից բեմում լինելը ինձ տվեց մեծ սեր մասնագիտությանս հանդեպ»։
Էմման շատ է սիրում իր մասնագիտությունն ու իր կյանքն առանց դրա չի պատկերացնում, բայց գիտակցում է, որ կյանքում կա մի երևույթ, հանուն որի ինքը պատրաստ կլինի որոշ ժամանակով հրաժարվել կարիերայից․ «Եթե խոսքը կարիերայիցս որոշ ժամանակով հրաժարվելու մասին է, դրա պատճառը կարող է լինել հղիությունը։ Իսկ այնպես չեմ պատկերացնում մի բան, որը կարող է ստիպել ինձ հրաժարվել արվեստից, չես կարող ձկանը ստիպել թռչել, իսկ թռչունին խաբել գեղեցիկ օվկիանոսով։ Որքան էլ վերջինս սիրի ջուրը, նրա առաքելությունը թռչելն է»։
Հարցին, թե ինչն է իրեն ամենից շատ դուր գալիս իր մասնագիտության մեջ, Էմման պատասխանում է․ «Իմ մասնագիտության մեջ ինձ դուր է գալիս հոգիներ բուժելը, եթե հանդիսատեսը գալիս է թատրոն և երկու ժամ կտրվում առօրյա հոգսերից, տեղափոխվում այլ իրականություն, ուրեմն մենք երջանիկ ենք, և իհարկե ինձ դուր է գալիս, երբ լինելով դերասան, կարող ենք մարմնավորել այլ մասնագիտությունների տեր, այլ ազգությունների մարդկանց։ Միայն դերասանը կարող է ժամանակավոր դառնալ բժիշկ, երաժիշտ, պարող և այլն»։
Խոսելով իր երազանքների մասին, դերասանուհին նշում է․ «Երազում եմ ունենալ շատ դերեր, տարբեր երկրներում լինել հյուրախաղերով։ Հիմա երազում եմ համավարակն ավարտվի, որ անցնենք մեր բնականոն կյանքին»։
Հեղինակ՝ Դիանա Զաքարյան