Գեղեցկուհի երգչուհի Աննա Մարտին երգում է դեռ փոքրուց, իսկ ավելի պրոֆեսիոնալ կարիերայով սկսել է զբաղվել 14 տարեկանից: Օրեր առաջ Աննա Մարտին երկրպագուների դատին հանձնեց իր նոր տեսահոլովակը, որն, ի դեպ, նկարահանվել է Երևանում: Երգչուհին ունի դեբյուտային մեկ ալբոմ, որը ձայնագրել է տասը տարի առաջ, իսկ դրանում ներառված երգերի մեծ մասի հեղինակը Պրեսնյակովն է: Ի դեպ, 10 տարի առաջ նրա հետ երգչուհին թողարկել է իր առաջին սոլո ձայնասկավառակը: Այդ ալբոմից հետո երգչուհին ունեցել է ավելի քան 20 երգ. «Ես բախտ եմ ունեցել ձայնագրվելու աշխարհահռչակ երաժիշտներից մեկի` Ռենդի Բրեկերի ու Վլադիմիր Պրեսնյակովի հետ նույն նախագծում, որտեղ ձայնագրել ենք գործիքային ստեղծագործություն, իսկ ես ձայնակցել եմ» :
Արդեն 2016 թվականին երգչուհին որոշում է իր երաժշտական կարիերան շարունակել Հայաստանում` հայկական շոու-բիզնեսում.«Ծնվել են այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Սիրո հեղեղ», «Նահանջում եմ », «Забываю»: Ես կարծում եմ, որ շատ լավ արդյունք եմ ունեցել: Ամեն աշխատանք էլ ունի իր խորհրդանշական ենթատեքստը, որը ստացել ենք ռեժիսոր Արեն Բայադյանի հետ: Ինչ վերաբերում է երգերի բառերին և երաժշտությանը, իր պրոֆեսիոնալ մոտեցումն է ցուցաբերել Վահրամը Պետրոսյան, ում նույնպես ես շատ շնորհակալ եմ»:
Երգչուհու նոր երգը կոչվում է «Սիրո ալիք». «Իմ այս երգը սեր անունով պայծառ ու լուսավոր զգացմունքի մասին է: Թե՛ երգը, թե՛ տեսահոլովակը շատ թեթև և դրական ուղերձ ունեն: Վլադիմիր Պրեսնյակովի և իմ ընտանիքը վաղուց ընկերական հարաբերություններ են ունեցել, բացի դա, նա միշտ շատ ջերմ է տրամադրված եղել Հայաստանի և հայերի նկատմամբ. այդ իսկ պատճառով էլ ուզում էր հայկական մոտիվներով մի գեղեցիկ երգ ստեղծել: Եվ ահա նա գրեց երաժշտությունը, իսկ Արման Ներսիսյանը ընդամենը մի քանի օրում գրեց երգի թե՛ հայերեն և թե՛ ռուսերեն բառերը »:
Խոսելով նկարահանման ընթացքի և առաջացած բարդությունների մասին` երգչուհին նշեց, որ բավականին անսովոր էր իր համար նկարահանվել ոչ թե նկարահանման ստուդիայում, այլ դրսում, մեր գեղեցիկ քաղաքի տարբեր հատվածներում. «Դա և’ հետաքրքիր էր, և’, իհարկե, դժվար. նկարահանման ընթացքում բոլոր անցորդները հետևում էին մեր աշխատանքին »: Երգչուհին ի սկզբանե իր տեսահոլովակով ցանկացել է դիտողին փոխանցել ուրախ ու դրական տրամադրություն, ցույց տալ Երևանի գեղեցկությունը, այլ ոչ թե ծանրաբեռնել սյուժետային գծերով: Աննա Մարտին ուրախությամբ նշեց, որ արդեն իսկ կան դրական արձագանքներ. «Յուրաքանչյուր արտիստի համար շատ կարևոր է , որ կատարած աշխատանքը մարդկանց պարգևի ուրախություն, դրական էմոցիա, լավ էներգիա: Եթե այդ ամենը ստացվի, կարելի է ասել, որ աշխատանքը հաջողված է »:
Իսկ զրույցի վերջում, երգչուհին իր մեծ շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց բոլոր երկրպագուներին. «Անչափ շնորհակալ եմ, որ գնահատում են աշխատանքս. դա չափազանց կարևոր է ինձ համար և ստեղծագործելու նոր ուժ է տալիս: Նշեմ նաև, որ իմ թիմը հանգիստ չի նստում և արդեն աշխատում է նոր ստեղծագործության վրա »,-եզրափակեց երգչուհին: