Սննդաբանը նշել է որովայնի ճարպաշերտերից ազատվելու ամենապարզ ու արդյունավետ միջոցը

Ավելորդ քաշը ներկայում շատ տարածված խնդիր է, որի դեմ մարդիկ պայքարում են ինտենսիվ մարզումների ու տարատեսակ դիետաների միջոցով, սակայն երբեմն անգամ նման ջանքերի գործադրումը չի օգնում ազատվել որովայնի ճարպաշերտերից, քանի որ այդ հատվածի ճարպային կուտակումները նվազեցնելը բավական դժվար է լինում։ Սակայն բժիշկ-սննդաբան Մարինա Ապլետաևան ներկայացրել է մի պարզ միջոց, որը կօգնի կարգի բերել կազմվածքն ու հեշտությամբ ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպաշերտերից:

Մասնագետի խոսքով՝ որովայնի հատվածում ճարպաշերտերի մակարդակի նվազմանն է նպաստում պոլիչհագեցած ճարպաթթուների գործածությունը, ուստի հարկավոր է սննդակարգում ներառել օգտակար յուղեր, ընկույզներ ու ծովային ձկներ։ Բացի այդ, սննդաբանը նաև ընդգծում է բավարար քանակությամբ օգտակար ճարպեր օգտագործելու անհրաժեշտությունը, քանի որ քիչ քանակությամբ սննդային ճարպերը կամ առհասարակ դրանց բացակայությունը սննդակարգում ստիպում են մարդուն մեծ քանակությամբ ածխաջրեր օգտագործել, ինչի հետևանքով որովայնի ճարպաշերտերը միայն էլ ավելի են կուտակվում։

Ճարպի առողջարար բնական աղբյուրներն իսկապես օգնում են ազատվել որովայնի ճարպային կուտակումներից, ինչը պայմանավորված է լինում յուղային միջավայրում լուծվող վիտամինների ազդեցությամբ։ Օրինակ՝ այդ ճարպերն օգնում են օրգանիզմին ավելի լավ յուրացնել վիտամին D-ն, որն էլ օգնում է պահպանել կալցիումի՝ նյութափոխանակությունը խթանող և ճարպի պաշարներն այրող հանքանյութի մակարդակը, բացատրում է Ապլետաևան։

Բացի այդ, որովայնի և գոտկատեղի հատվածի ճարպաշերտերի մակարդակի նվազմանն է նպաստում նաև սպիտակուցային մթերքի գործածությունը, քանի որ նման մթերքն ամրապնդում է մկաններն ու կանխում մկանային հյուսվածքների կորուստը։ Մասնագետի խոսքով՝ ճարպային կուտակումներից ազատվելու համար սննդակարգում պետք է լինի առնվազն 60 գրամ կենդանական ծագման սպիտակուց, ինչը կարելի է ստանալ մոտ երկու բաժին 150 գրամ քաշով որևէ սպիտակուցային մթերք ուտելու դեպքում։