Անահիտ Շահբազյանի ընտանիքում կրկնակի տոն է․ երգչուհին՝ 34-ամյակի և ստացված ու չստացված տարեդարձների մասին

Անահիտ Շահբազյանի ընտանիքում այսօր՝ հունիսի 25-ին, կրկնակի տոն է․ երգչուհին նշում է ոչ միայն իր 34-ամյակը, այլ նաև դստեր 8 ամսականը։ Ինչպես բոլորին, այնպես էլ Անահիտին, կարանտինը խանգարում է մեծ խնջույք կազմակերպելու և ընկերների հետ այդ կարևոր առիթը նշելու հարցում, սակայն երգչուհին չի տխրում և արդեն գիտի ինչպես է անցկացնելու տոնական երեկոն։
«Կարանտինային պայմանները, բնականաբար, խանգարեցին, որովհետև շատերին կցանկանայի կողքիս տեսնել, գիտեմ՝ բոլորը մեծ ուրախությամբ այդ օրը կցանկանային նշել ինձ հետ, սակայն կհավաքվենք միայն ամենամտերիմ մարդկանցով, որովհետև վստահ եմ, որ նրանք պահպանում են կարանտինային բոլոր պայմանները, առողջ են։ Մանավանդ, այսօր նաև բալիկիս 8 ամսականն է»,-ասում է Անահիտը։


Հիշելով իր նախորդ ծննդյան տոները՝ Անահիտն ասում է․ «Ամենահիշարժանը եղել է 25-ամյակս, երբ շատ հայտնի երգիչներ, երգչուհիներ, հայտնի մարդիկ եկել էին ծննդյանս տոնը նշելու։ Մեր բակում էինք հավաքված, բոլորը շատ երջանիկ ու ուրախ էին։ Իհարկե, ծննդյանս բոլոր տարեդարձները շատ լավ են անցնում, բայց դա շատ հետաքրքիր էր ու միշտ կհիշեմ»։

Խոսելով ստացված տարեդարձի մասին՝ Անահիտը նաև հիշում է, թե ինչպես տարիներ առաջ իր ծննդյան օրը հրավիրված հյուրերից ոչ ոք չեկավ։
«Հիշում եմ 8-ամյակս ինչպես եմ նշել․ այդ ժամանակ ողջ դասարանիս հրավիրել էինք, սակայն ոչ ոք չեկավ ու այդ ժամանակ հավաքվեցին իմ բոլոր բարեկամներն ու հարազատները, և շատ մեծ, հոյակապ ծնունդ ստացվեց»,- ժպիտով հիշում է երգչուհին։

Անահիտը նաև հավատացնում է, որ սիրում է իր տարիքն ու չի վախենում տարեցտարի մեծացող թվից։
«Շատ սիրում եմ իմ տարեդարձը, ընտանիքիս բոլոր անդամներն էլ սիրում են, ու այդ օրը նշելիս բոլորս շատ երջանիկ և ուրախ ենք լինում։ Ամեն տարիք իր գեղեցկությունն ունի, ես չեմ վախենում մեծանալուց։ Փոքր տարիքում չէի հասկանում, երբ մարդիկ միմյանց առողջություն էին մաղթում կամ նույն բառերն էին ասում՝ եղեք երջանիկ, սիրով ապրեք։ Իսկ հիմա լիովին հասկանում եմ, թե որքան կարևոր է առողջությունը։
Ամեն երեկո, բոլոր հարազատներիս համար աղոթելու ժամանակ, առաջինը առողջություն եմ ցանկանում։ Ասում են, որ պետք չէ ասել, թե տորթի մոմերը փչելիս ինչ ցանկություն ես պահում, բայց երևի դուք հասկացաք, որ առողջություն ու երջանկություն եմ խնդրելու մտերիմներիս համար»,- խոստովանում է Անահիտը։

Ավելացող տարիները, սակայն, չեն դիպչում երգչուհու ո՛չ երիտասարդությանը, ո՛չ գեղեցկությանը։  Անահիտը գիտի, թե որն է այդ երիտասարդության ու գեղեցկության գաղտնիքը։
«Ես զգում եմ, որ ամուսնանալուց հետո ավելի եմ գեղեցկացել, իսկ գեղեցկությանս պատճառը ամուսինս ու բալիկս են․ իրենցով ես երջանիկ եմ, և այդ երջանկությունն է ինձ գեղեցկացնում»,- կիսվում է նա։

Իր խոսքը երգչուհին եզրափակում է՝ ասելով, որ ապագայի համար շատ երազանքներ ու ցանկություններ ունի, սակայն դրանց մասին կխոսի այն ժամանակ, երբ դրանք արդեն կատարված լինեն։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան