Երազանքի հետևից. դիզայներ Նարեկ Ջհանգիրյանը նորաձևության և հաստատուն քայլերով առաջ գնալու մասին

«Տարածքն ու սահմանները այդքան էլ էական չեն, եթե դու անում ես մի բան, որն իրոք արժանի է ուշադրության և բարձր գնահատականի»,- վստահորեն շեշտում է դիզայներ և մոդելավորող Նարեկ Ջհանգիրյանը:

 

Վերջերս տեղի ունեցավ «Jhangirian» հագուստի բրենդի հերթական ցուցադրությունը: Նոր հավաքածուն ոգեշնչված է եղել իտալա-մեքսիկական մաֆիաների գաղափարներից. սկսած գույներից, կաղապարներից, մինչև աքսեսուարներ: Հիմնական միտքը եղել է ընտանիքի գաղափարը, որը հիմնված չէ միայն արյունակցական կապերի վրա: Ցուցադրությունը եղել է պերֆորմանսային տարբերակով և ցուցադրվել է 18 լուք: Այն ընթացել է թվային արվեստի հետ միաժամանակ: Հավաքածուի վրա աշխատել է դիզայներ Նարեկ Ջհանգիրյանը՝ որպես «Jhangirian» -ի հիմնադիր և մոդելավորող, իսկ ցուցադրության կազմակերպման համար աշխատել են Proun Moscow-ն և Tes Models-ը:

Այս ցուցադրությունը առանձնահատուկ էր նաև այն առումով, որ նախկինում հագուստներ ստեղծվել են միայն կանաց համար, սակայն այս ցուցադրության ժամանակ ներկայացվել են նաև տղամարդկանց հագուստներ:

«Jhangirian» հագուստի բրենդը հիմնադրվել է 2017 թ.-ին հայ դիզայներ Նարեկ Ջհանգիրյանի կողմից: Դիզայներն իր կարիերան սկսել է դեռևս 17 տարեկան հասակում՝ մասնակցելով տարբեր նորաձևության ցուցադրությունների: Այսօր «Jhangirian»-ի հագուստները արագ տարածվում են և հասանելի են Հայաստանի տարածքում:

Նարեկ Ջհանգիրյանը մեզ հետ զրույցում նշում է, որ պլաններ ունեն հագուստի բրենդը դրսում ներկայացնելու համար: «Իմ ցանկությունն է հենց միջազգային մասշտաբով ցույց տալ, որ Հայատանում կա ինդուստրիա ու կան հնարավորություններ անելու հետաքրքիր գործեր,- նշեց դիզայները և շարունակեց:-Առաջարկներ եղել են տարբեր երկրներից. հրավերներ եմ ստացել մասնակցելու նյույորքյան տարբեր ցուցադրությունների, ինչպես նաև վաճառել իմ բրենդը լոնդոնյան ցուցասրահներում»:

«Jhangirian» բրենդի փիլիսոփայությունը հինականում բաղկացած է երեք մասից. նորմեր խախտել, երազել և դառնալ մեկ ամբողջական ուժ՝ բանակ:

«Եթե դու անում ես մի բան, որն ունի գաղափար և ասելիք, այլ ոչ թե անում ես ուղղակի անելու համար, ապա այն անպայման ուշադրության կարժանանա: Կապ չունի՝ դու գտնվում ես Հայաստանում, թե եվրոպական ինչ-որ երկրում: Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, ուր կա Համացանցը, և հաշված րոպեների ընթացքում մենք կարողանում ենք գտնել մեզ հետաքրքրող ինֆորմացիան: Այնպես որ,  մեր մասին շատ հեշտությամբ ուրիշները կարող են իրենց ուզած տեղեկությունը ունենալ և նաև հակառակը՝ մենք կարող ենք գտնել այն, ինչը մեզ է հետաքրքրում: Այսինքն, դու կարող ես ռեալ անել մի բան՝ հաշվի չառնելով, որ գտնվում ես մի երկրում, ուր կարծում ես՝ հնարավորությունները սահմանափակ են: Ինչպես օրինակ մեր դեպքում՝ մենք ստեղծվող հագուստի համար կտորները բերում ենք արտասահմանից, փնտրում-գտնում ենք այն, ինչը համապատասխանում է տվյալ հագուստին: Ամեն ինչ կախված է ցանկությունից»,- նշում է  դիզայները:

«Jhangirian»-ը արդեն վաղուց գործող և ամենօրյա զարգացում ապրող նախագիծ է, որի առաջխաղացման  համար բրենդը մշտապես փորձում է կապ պահպանել իր հաճախորդների հետ և իրականացնել նոր ծրագրեր:

Նյութը՝ Լուս Ավագյանի