EXCLUSIVE
Հեռուստատեսություն, ուղիղ եթեր ու երկար տարիների սիրելի աշխատանք. դա արդեն պարզապես աշխատանք չէ, այլ կյանքի ու առօրյայի մի մասնիկ, հոգեվիճակ: Լինել Արմենիա TV-ի ուղիղ եթերում 1998 թվականից, ամեն օր ունենալ կենդանի շփում հեռուստադիտողի հետ, կարողանալ նրան գոհացնել և վայելել վերջինիս համակրանքն, իհա՛րկե, հեշտ գործ չէ. տարիների բազմաչարչար ու քրտնաջան աշխատանքի արդյունք է դա, ինչը հաջողվել է Արմենիա TV-ի «Ժամը լրատվական»-ի հաղորդավարուհի Լիլիթ Դավթյանին:
Առօրյայից անբաժան մի մաս էր դարձել Լիլիթի համար հեռուստադիտողին օրվա նորություններին ծանոթացնելն, ու այսօր այնքան հուզիչ է իր համար հեռավորությունը: Սակայն կյանքի ընթացքում հաստատուն կարիերա ստեղծելն ու արարելը միակ կարևորությունը չէ կնոջ համար, և գալիս է մի օր, որ նույնիսկ տարիների կատարած հսկայածավալ աշխատանքը պետք է փոքր-ինչ տուժի՝ հանուն անձնական երջանկության:
Հաղորդավարուհու կյանքում նոր՝ գունավոր էջ է բացվել. այսօր նա Արմենիա TV-ի եթերից այլևս չի ողջունում հեռուստադիտողին, սակայն ոչ պակաս կարևոր որոշում է կայացրել՝ ընտրելով երջանկության ուղին: Տարիներ առաջ ունեցած ամուսնալուծությունից հետո Լիլիթն իրեն ամբողջովին նվիրեց դստերն ու կարիերային, սակայն միայն վերջերս հաղորդավարուհին գտել է իր երջանկությունը, ամուսնացել և բնակություն հաստատել ԱՄՆ-ում:
ShowBiz.am-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ Լիլիթը պատմել է իր 1 տարի շարունակ ունեցած մտորումների, ի վերջո տվյալ որոշմանը հանգելու, բնակության վայրը փոխելու, կարոտի և դրանից բխող դժվարությունների մասին: Հաղորդավարուհին նաև խոսել է 2-րդ ամուսնության, իր և ամուսնու ծանոթության և 16-ամյա դստեր մասին, ով պարզապես մայրիկի ուրախությունն ու ընկերուհին է:
– Նոր կյանք, նոր սկիզբ և նոր հնարավորություններ… ի՞նչ զգացողություններով հավաքեցիք ուժերն ու շատ ու շատ բաներ թողնելով հայրենիքում, որտեղ ապրել ու ստեղծագործել եք երկար տարիներ՝ սկսեցիք 0-ից նոր երկրում ու նոր կյանքով:
– Հեռավորությունն իմ ամենամեծ թշնամին է. այն թույլ չի տալիս ամբողջությամբ վայելել ճակատագրի ընձեռած հնարավորությունը: Հեռավորության զգացումն ամեն վայրկյան սղոցում է ուղեղս ու պարտադրում անդադար վերապրել դրա հետևանքները, որոնք անկարողության աստիճանի կաշկանդում են ու արգելում զգալ ու տեսնել այն, ինչ հարազատ է ու իմը: Հեռավորության ու կարոտի զգացումը դեռ Երևանում ինձ հետ էր: Դեռ այդտեղ գիտակցում էի, որ քայլ եմ կատարում նոր կյանք, բայց դրա համար, որքան էլ բարձրագոչ է հնչում, զոհաբերում եմ շատ բան: Անցած ճանապարհ, սիրած աշխատանք. սրանք լոկ խոսքեր չեն: Դա իրականություն է, իմ իրականությունը, որի արժեքը հիմա շատ ավելի բարձր եմ գնահատում: Հիմա ավելի խորն եմ գիտակցում, թե որքան բան եմ արել, հիմա ավելի վառ են դառնում աշխատանքային երկու տասնամյակի հիշողությունները, հիմա ավելի եմ կարևորում այն ինչ ունեմ: Կյանքը, սակայն, տեղում չդոփելու հնարավորություն էլ է տալիս: Մեկին ավելի վաղ, մյուսին` ճիշտ ժամանակին, մեկ այլ դեպքում դրան սպասում են մի ամբողջ կյանք` չգիտակցելով, որ այդ հնարավորությունն արդեն տրվել է: Անվերջ սպասողների շարքերը համալրելու հեռանկարն ինձ այնքան էլ չէր գոհացնում, իսկ ճակատագրի ժեստը տեղին էր ու ժամանակին:
– Մուտք դեպի նոր իրականություն: Այժմ գտնվում եք ԱՄՆ-ում: Հե՞շտ էր, թե՞ ամեն դեպքում երկար ժամանակ պահանջվեց նման որոշում կայացնելու համար:
– Շատ արագ որոշում կայացնելու անկարողությունն իմ ամենաթույլ կողմերից մեկն է: Դա շրջապատիս չի գոհացնում, միգուցե երբեմն նաև դժգոհության առիթ է դառնում, հատկապես նրանց համար, ովքեր ինձանից այսրոպեական պատասխան կամ արդյունք են սպասում: Ինքս երբեք չեմ դժգոհել, որ քայլերս, թեկուզ սխալ, արել եմ երկար մտորումներից հետո: Այս «այո»-ն գրեթե մեկամյա մտորումների արդյունք էր: Նրա համար, ով սպասում էր դրան` հավերժություն, ինձ համար կայծակնային որոշում:
– Կյանքը ժպտաց, երջանկությունն իր ոտքով Ձեզ մոտ եկավ, և ահա երկրորդ ամուսնություն. ո՞վ է Լիլիթ Դավթյանի ընտրյալն, ու ինչպե՞ս եք ծանոթացել նրա հետ:
– Մինչև այս էլ աչքի չեմ ընկել կյանքս ի ցույց դնելու սովորությամբ: Սոցցանցում մեկ լուսանկար տեղադրելը կամ որևէ գրառում անելն անգամ, ինձ համար իսկական կտտանք է: Հիմա էլ որևէ բան չի փոխվել, կողակիցս էլ հանրային մարդ չէ ու մեր պատմությունն ամբողջովին քողազերծել, խոսել նրա մասին չեմ ցանկանում: Միայն կարող եմ ասել, որ ծանոթացել ենք մեր երկկողմ ընկեր ծանոթների միջոցով:
– Ունեք մեկ դուստր. կհիշե՞ք նրա հետ անցած ձեր գեղեցիկ ճանապարհն ու մանկական երջանիկ պահերը: Ինչպիսի՞ն էր Ձեր մամայական առօրյան, ու ինչպիսի՞ աղջնակ է այսօր նա:
– 16-ամյա հմայիչ աղջնակն արդեն շատ վաղուց մայրիկի ընկերուհին է: Թեև կարծում եմ, որ նա միշտ այդպիսին է եղել՝ իր տարիքի համար շատ ճկուն մտքով, տարբեր իրավիճակները հասուն գնահատելու կարողությամբ ու միշտ շնորհակալ լինելու բացառիկ օժտվածությամբ: Իմ ամեն ինչն է, այն կետը, որի շուրջ պտտվում է իմ աշխարհը, կյանքի նկատմամբ իմ սիրո խտացումը` բոլոր գույներով. այդ ամենը նա է:
– Տարիների ընթացքում քրտնաջան ջանքերի արդյունքում ձեռք բերած ճանաչում, սիրած աշխատանք ու հեռուստադիտողի համակրանք. այդ ամենը թողնել մեկ օրում, ինչ խոսք, բարդ է. ինչպե՞ս հաջողվեց այն Ձեզ մոտ:
– Մինչև վերջին րոպեն ապրել անգիտակցության մեջ ու չցանկանալ ընդունել տեղի ունեցողը: Զինվել ինքնապաշտպանության վահանով ու խեղդել հուզմունքն` իր բոլոր տարատեսակներով ու շերտերով: Սեփական անձի նկատմամբ մի տեսակ դաժանություն կար այս ամենում, սակայն նվնվալն ինձ համար չէ: Որոշումն իմն էր, կայացնողն էլի ես էի, արդյունքների ու հետևանքների պատասխանատուն՝ առավել ևս: Դժվարությունների հաղթահարումը միշտ էլ եղել է, կա ու կլինի: Աշխատանքս հաճելի էր, բայց ոչ առանց դժվարությունների: Հաճախ մտածել եմ` 20 տարուց ավելի մեկ վայրում աշխատելը պահպանողականության, թե՞ հարմարավետ միջավայրը փոխելուց վախենալու ցուցիչ է: Պահպանողական եմ հաստատ, բայց որոշեցի, որ նոր իրականությունից չեմ փախչելու:
– Ի՞նչ եք կարծում. դժվա՞ր է արդյոք Հայաստանում կայացած ու հաստատուն կին լինելը:
– Կնոջ կայացվածության չափանիշները մի տեսակ խեղաթյուրված են ու լղոզված: Աշխատասեր, կրթված, խելացի ու արժանապատվության մեծ զգացումով, սկզբունքներին չդավաճանող կինն արդյո՞ք կայացած է, անկախ հանգամանքից, թե ինչ ոլորտում է, անկախ այն բանից ճանաչված է, թե՞ ոչ: Իմ պատասխանը միանշանակ այո է: Հասարակությունը նույնպես գիտի, որ դրանք կայացվածության հստակ ցուցիչներ են, սակայն դա ընդունել, նույն հասարակության մի ստվար մասը չի ցանկանում: Կնոջ կայացման գործում, անպայման, օտար ուժերի մասնակցություն կփնտրեն, իսկ եթե ոչ, ապա մշտապես գոնե կվատաբանեն: Երևույթի համատարածության մասին չէ խոսքը, բայց որ այն կա, անհերքելի է:
– Արդեն որքա՞ն ժամանակ է, ինչ ԱՄՆ-ում եք, և նախկինում ունեցե՞լ եք այդտեղ բնակություն հաստատելու միտք կամ ցանկություն:
– Լոս Անջելեսում ենք ընդամենը մի քանի օր: Այս երկիրն առաջին անգամ բացահայտել եմ 2005 թվականին: «Բացահայտել» բառը թող բարձրագոչ չհնչի, որովհետև դա իսկապես այդպես էր: Շուրջ մեկ ամիս շրջել եմ մի քանի խոշոր նահանգներով, տասնյակ մեծ ու փոքր քաղաքներով: Դա ԱՄՆ Պետքարտուղարության ծրագիր է, որի շրջանակում քաղաքական, հասարակական, լրագրողական դաշտի ներկայացուցիչները փորձի փոխանակման ու ճանաչողական այց են իրականացնում ԱՄՆ: Հիանալի ծրագիր, որի ձևաչափը կարծեմ փոքր ինչ փոխվել է, բայց վստահ եմ, որ այն շարունակում է ծառայել նպատակին` երկիրը ճանաչելու մեծ հնարավորություն ընձեռելով: Դրանից հետո ևս մի քանի անգամ եղել եմ այստեղ, արդեն որպես զբոսաշրջիկ: Այստեղ ապրել ցանկանալու մտորումներս միշտ հակասական են եղել, պատկերացումներս՝ նույնպես:
– Վերադառնալ Հայաստան… Ձեր և Ձեր ամուսնու ծրագրերում կա՞ն, թե՞ ԱՄՆ-ում բնակություն հաստատելու միտքը մշտական է:
– «Վերադառնալ» բառն այնքան տխրություն ունի: Նույն «հեռավորության» պես մի բան է, որ փոքրացնում է քեզ, դարձնում մի բուռ, գիտակցությանդ բոլոր անկյուններում թմբկահարում, որ քո կամքով հեռացել ես քո աշխարհից: Հետո համոզում ես ինքդ քեզ, որ ընդամենը փոխել ես բնակությանդ վայրը, ու ամեն ինչ պետք է սկսել նորից, կամ նույն նվիրումով ու պատասխանատվությամբ շարունակել սիրածդ գործը` նոր միջավայրում:
– Երկար տարիներ աշխատելով հեռուստատեսությունում՝ պետք է որ այն Ձեր մի մասնիկը դարձած լինի. հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ում շարունակեք զբաղվել սիրած աշխատանքով և կարիերան ծավալեք այդտեղ:
– Հեռուստատեսությունն իմ աշխարհներից ևս մեկն է: Այն գրավում է, կանչում, հետաքրքրում ու հուզում, երբեմն, սակայն, պահեր էին լինում, երբ թվում էր, թե ամենօրյա ու նոնստոպ ռեժիմի աշխատանքը մաշում է` հոգեպես ու ինչու ոչ նաև ֆիզիկապես: Դա սակայն մինչև այն պահը, երբ նորից գիտակցում ես, որ առանց «հեռուստատեսություն» կոչվածի պարզապես չես կարող. դա կյանքիդ մի բաղադրիչն է ու կարևոր բաղադրիչը: Հետևաբար, հստակ որոշել եմ փորձել ուժերս նաև այստեղ: Ուզում եմ հավատալ, որ հաջողելու եմ:
Հեղինակ՝ Կիմա Միրզոյան