Թատրոնի ու կինոյի դերասանուհի Լուսինե Կոստանյանը իր վերջին հեռուստատեսային դերով՝ «Սիրուն Սոնա» սերիալում, կարողացավ էկրանների առաջ ամիսներ շարունակ լարված պահել հեռուստադիտողներին իր մարմնավորած բացասական կերպարով, որը կերտելն այնքան էլ դյուրին գործ չէ, բայց դերասանուհին, հաղթահարելով թե՛ դերի բարդությունը, թե՛ բացասական կերպարի հետ ասոցացվելու վախը, դարձավ հեռուստանովելի ամենատպավորիչ կերպարներից մեկը։ Այժմ Սիրուն Սոնան ավարտվել է ու մինչ հաջորդ հնարավոր հեռուստատեսային նախագծում մասնակցություն ունենալը, Showbiz.am-ը որոշեց զրուցել սիրված դերասանուհու հետ համավարակի պատճառով սահմանափակումներով առօրյայի, թատրոնի ու այլ թեմաների մասին։
«Կարանտինային առօրյաս անցնում է շատ սովորական ինձ համար՝ գրքեր, ֆիլմեր։ Միակ նորությունը, որ կարանտինի հետ է կապված, այն է, որ հնարավորություն ունեմ արտասահմանյան թատրոնների ներկայացումներ նայել, որ օնլայն ցուցադրում են, ուրիշ իրավիճակում գուցե բախտ չվիճակվեր տեսնել։ Ու դե ազատ ժամանակը մի փոքր ավելի շատ է, փորձում եմ այն օգտակար անցկացնել, որքան որ իհարկե հնարավոր է»,- պատմում է դերասանուհին։
Արտակարգ դրության պատճառով խափանվեցին որոշ ընտանեկան ծրագրեր ևս, բայց դերասանուհին չի հուսահատվում ու ասում է․ «Պլաններ իհարկե խափանվել են, բայց կիրականացվեն հետո, հուսով եմ»։
Դերասանուհին զբաղված աշխատանքային գրաֆիկի պատճառով առաջ չէր կարողանում տանը շատ ժամանակ անցկացնել, իսկ հիմա փորձում է տնային մեկուսացումը հօգուտ ընտանիքի օգտագործել ու նշում է․ «Տնային մեկուսացման դրական կողմը երևի այն է, որ առօրյա վազքի մեջ շատ ժամանակ չէինք հասցնում տրամադրել տնեցիներին, հիմա այդ պակասը լրացնում ենք»։
Այս ընթացքում դերասանուհին զբաղվել է հետաքրքիր ու օգտակար զբաղմունքներով․ «Միշտ աշխատում եմ նոր բան սովորել։ Միշտ հետաքրքրություն գտնում եմ՝ օտար լեզու կամ մի ուրիշ նոր բան ուսումնասիրելու հնարավորություն։ Սիրում եմ նկարել, բայց ինչքանով դա կարող եմ հոբբի կոչել՝ չգիտեմ»։
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհին, ինչպես բոլոր դերասանները, ստիպված է հեռու մնալ սիրելի բեմից ու հանդիսատեսից․ «Թատրոնում աշխատանքները դադարեցվել են, բնականաբար ներկայացումներն ու փորձերն էլ։ Բայց նորություններ կարանտինի ավարտից հետո անպայման կլինեն»։
Դերասանուհին ասում է, որ «Սիրուն Սոնա» հեռուստասերիալի ավարտից հետո, դեռ չի կարող կանխատեսումներ անել, թե երբ կրկին կխաղա նոր հեռուստասերիալում, քանի որ արտակարգ դրության պատճառով շատ նախագծեր կարող են հետաձգվել ու նշում է․ «Նկարահանումների հետ կապված էլ նույն բարդ իրավիճակն է։ Հիմա շատ դժվար է խոսել նորությունների մասին»։
Հեղինակ՝ Դիանա Զաքարյան