BET Awards 2020-ի «Մարդասիրական մրցանակին» արժանացած Բեյոնսեն կոչ է արել քվեարկել առաջիկա նախագահական ընտրություններում (լուսանկարներ)

Հանրահայտ երգչուհի Բեյոնսեն կիրակի արժանացել է BET Awards 2020-ի հեղինակավոր «Մարդասիրական մրցանակին», գրում է CNN-ը։

Առցանց միջոցառման ժամանակ երգչուհուն մրցանակը «հանձնել» է ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման՝ Բեյոնսեին գովաբանելով «ձեռքբերումների և մարդասիրական ոլորտում ակտիվության համար»։

Բեյոնսեն պատվավոր մրցանակը նվիրել է ռասայական հավասարության համար փողոցներ դուրս եկած բոլոր մարդկանց։

«Ձեր ձայները լսելի են, և դուք մեր նախնիներին ապացուցում եք, որ իրենց պայքարն ապարդյուն չի եղել»,-ասել է երգչուհին նախապես նկարահանված ելույթում:

«Ամբողջ ուժով առաջ շարժվելու համար մնում է միայն մի բան՝ քվեարկել։ Ես կոչ եմ անում շարունակել պայքարը։ Շարունակե՛ք փոխել և խարխլել ռասիստական անհավասարության վրա հիմնված համակարգը։ Մենք պետք է քվեարկենք այնպես, ասես մեր կյանքը դրանից է կախված»,- հավելել է երգչուհին՝ ակնարկելով նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները։

Բեյոնսեն BET Awards 2020-ի «Մարդասիրական մրցանակին» արժանացել է BeyGOOD նախաձեռնության համար, որի շրջանակում երգչուհին մի շարք կրթաթոշակային և բարեգործական հիմնադրամներ է ստեղծել։