Ամենայն հավանականությամբ, սպասում եք մինչև հաջորդ երկուշաբթի, որպեսզի կյանքը սկսեք մաքուր էջից՝ պահել դիետա, այսինքն ուտել հնդկաձավար, մի քանի օրից ատել ամբողջ աշխարհը, չդիմանալ և ուտել միանգամից մեկ կիլոգրամ պաղպաղակ: Համաձայնեք, որ այդքան էլ լավ հեռանկար չէ: Առաջադեմ մարդկությունը հրաժարվել է դիետաներից:
Բժիշկները հոգնել են կրկնելուց, որ քաշի նվազեցման և հիանալի ինքնազգացողության ուղին ամենևին սահմանափակումների մեջ չէ, այլ չափի զգացումի, ինքնատիրապետման: Եթե իրականում հոգնել եք նիհարելուց, ժամանակն է խնդրին նայել որպես հասուն մարդ:
Առողջ է համարվում այնպիսի սննդակարգ, որն ապահովում է օրգանիզմը բավարար քանակությամբ բոլոր անհրաժեշտ սննդանյութերով, վիտամիններով, ջրով, հանքային աղերով և էներգիայով (կալորիաներով):
Որոշ նյութեր կարող են սինթեզվել մարդու օրգանիզմում, սակայն մեզ անհրաժեշտ նյութերի մեծ մասը մենք ստանում է սննդի հետ:
Մասնագետներն առաջարկում են հետևել առողջ սնուցման «ոսկե» կանոններին, որոնք օգնում են պաշտպանվել մի շարք վտանգավոր հիվանդություններից (սիրտանոթային հիվանդություններ, շաքարախտ, որոշ տեսակի ուռուցքներ).
- Սննդակարգում պետք է ավելացնել բջջանյութի քանակը, օգտագործելով բանջարեղեն, միրգ, կանաչեղեն, լոբազգիներ և անմշակ ձավարեղեն:
- Նվազեցնել ճարպերի օգտագործումը, ի հաշիվ հագեցած (կենդանական ծագման) ճարպերի` յուղ, կարագ, ճարպոտ մսամթերք:
- Հրաժարվել տրանսճարպեր պարունակող մթերքներից: Օրինակ՝ մարգարիններ, որոնք լայնորեն օգտագործվում են հրուշակեղենի արտադրությունում և պարունակվում են թխվածքաբլիթներում, տորթերում, կիսաֆաբրիկատներում և պատրաստի այլ մթերքներում:
- Սահմանափակել կերակրի աղի օգտագործումը: Հիշեք, որ շատ մթերքներ արդեն պարունակում են բավականին մեծ քանակության աղ (պահածոներ, երշիկեղեն, չիփսեր, բոլոր սոուսները) և պետք է օգտագործվեն քիչ քանակությամբ:
- Նվազեցնել շաքարի օգտագործումը: Շաքարի չարաշահումը հյուծում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջները և նպաստում է շաքարախտի զարգացմանը: