Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նազիկ Բաղդասարյանն այսօր նշում է իր ծննդյան 32-ամյակը։ Առիթը բաց չթողնելով՝ ShowBiz.am-ը զրուցել է հոբելյարի հետ, պարզել, թե ինչ պլաններ ունի օրվա հետ կապված, անդրադարձել նաև ամենահիշարժան ծննդյան օրվան և նվերին, ինչպես նաև խոսել ամենանվիրական երազանքներից։
«Այսօր դարձա 32 տարեկան։ Բայց պետք է անպայման նշեմ, որ 22-ից հետո ես էլ չեմ հաշվում՝ քանի տարեկան եմ, որովհետև ես այդ տարիքում էլ մնացել եմ։ Ու չեմ էլ ուզում մտածել, որ այդ թվերը ինչ-որ կապ ունեն ինձ հետ։ Դե, սկզբում չէինք կողմորոշվում՝ ինչպես նշել օրս, որովհետև այս իրավիճակում մի փոքր վտանգավոր է մեծ միջոցառում կազմակերպելը, բացի այդ էլ բոլոր ժամանցի վայրերում հինգ հոգուց ավելի մարդ չի թուլատրվում հավաքվել։ Ամեն դեպքում փորձելու ենք իմ ամենահարազատ մարդկանց շրջապատում երեկոն անցկացնել»,- պատմում է դերասանուհին։
Նվիրական երազանք Նազիկը նույնպես ունեցել է, և ի ուրախություն իրեն՝ այն արդեն հասցրել է իրականություն դառնալ։ «Ուրեմն, երևի թե, մինչև երեսունն ամեն տարի երազանք էի պահում, որ ես երգեմ ու իմ ձայնը բոլորին հասանելի լինի՝ որպես երգչուհի։ Բայց քանի որ իմ ամենամեծ ու ամենանվիրական երազանքը կատարվեց ու հենց իմ երեսուն ամյակին ես համերգ ունեցա, և մենք շատ մեծ շուքով նշեցինք, դրանից հետո ես տարբեր երազանքներ եմ սկսել պահել, որոնք, իհարկե, էլի ցանկանում եմ, որ անպայման կատարվեն։ Այս տարի ես բոլոր նրանց, ովքեր ինձ շնորհավորում են, միմիայն մաղթում եմ կրկնակի առողջություն և մոմերը փչելիս էլ դրա մասին եմ ցանկություն պահելու»,- անկեղծանում է Նազիկը։
Տարիների ընթացքում դերասանուհին էլի նույն ակտիվ, պայծառ ու երազանքներով լեցուն աղջիկն է մնացել, ով շարունակում է ակտիվ ու հագեցած կյանք վարել։ «Ես, ճիշտն ասած, երբեք չէի հավատում, երբ ասում էին երեսունից հետո մարդիկ փոխվում են և ավելի կայուն ու, այսպես ասած, հասուն են դառնում։ Բայց ես իսկապես ասում եմ, որ երեսուն տարեկանից հետո մի փոքր հասունություն եմ ձեռք բերել, ուրիշ կերպ եմ սկսել նայել շատուշատ հարցերի։ Ի դեպ, հիմա կարծում եմ, որ երեսունից հետո նոր սկսվում է ծաղկուն տարիքը՝ չնայած որ ես ինձ էլի 22-ում եմ շարունակում տեսնել»,- ժպիտով պատմում է դերասանուհին։
Նազիկը նվերներ ստանալ առհասարակ շատ-շատ է սիրում և կապ չունի, թե դա կոնկրետ ինչ է․ «Նվերներ շատ եմ ստանում, բայց երևի ամեն տարի ես անասելի ուրախանում եմ, երբ ինձ ծաղիկներ են նվիրում։ Ու ես դեռ արդեն երեկվանից ծաղիկներ ստանում եմ, որոնց համար չափազանց երջանիկ եմ։ Ամուսինս էլ ինձ ծաղիկներ է նվիրել, որոնք ընդհանրապես չեն թառամում, չգիտեմ էլ ինչ ծաղիկներ են կամ որտեղից է պեղել․․․ երևի այն պատճառով է այդպիսի ծաղիկներ նվիրել, որ ես ամեն անգամ նայեմ ու ինձ գնահատված ու սիրված զգամ։ Ամուսինս ու մտերիմներս գիտեն ինձ ինպես երջանկացնել»։
Դերասանուհու ամենայուրահատուկ ծննդյան տարեդարձը եղել է իր 30-ամյակը։ «Ինչպես արդեն նշեցի, ես այդ օրը համերգ ունեցա ու ծննդյանս օրը ես էի բոլորին ուրախացնում )) երգում էի բոլորի համար, հիանալի օր ունեցանք։ Երեսուն ամյակս եղել է ամենահիշարժաններից, բայց ես ամեն տարի փորձում եմ այնպես նշել, որ այդ օրը դեռ շատ երկար մնա իմ հիշողության մեջ, որովհետև դա իմ օրն է․․․»,- կիսվում է Նազիկը։
Իսկ ի՞նչ է դերասանուհին ցանկանում ինքն իրեն։ «Ես ինձ կմաղթեմ առողջություն ու կուզեմ ինչքան հնարավոր է հեռու մնալ կորոնավիրուսից։ Նաև ցանկանում եմ, որ․․․ մի րոպե, ինչպե՞ս ասեմ․․․ երբեք չեմ մտածել, թե ինչ կցանկանամ ինքս ինձ))) Երևի թե ինձ կմաղթեմ, որ այն բարությունն ու երջանկությունը, որը միշտ իմ մեջ եղել է, հանկարծ չպակասի, որովհետև ես շատ-շատ եմ սիրում մարդուն և չեմ ուզում երբեք կոտրվել ու հիասթափվել նրանցից։ Խնդրում եմ՝ սա իմ մեջ թող մնա ամբողջ կյանքում»,- ժպիտը դեմքին շարունակում է Նազիկը։
Դերասանուհին նաև փորձեց պատկերացնել, թե ինչպիսին կլինի տասը տարի հետո․ «Վա՜յ, չեմ ուզում մտածել։ Անկեղծ եմ ասում։ Ինձ համար երիտասարդությունը կյանքի լավագույն շրջանն է։ Ու ես ընդհանրապես չեմ ուզում մտածել, թե տասը տարի հետո ես ինչ տեսք կունենամ կամ ընդհանրապես ինչպիսին կլինեմ։ Ես ամեն բան անում եմ, որ իմ կյանքը երջանիկ ընթացք ստանա, որովհետև դրա համար իրոք ամեն բան ունեմ՝ ընտանիք, սիրելի աշխատանք, սիրող ամուսին և երեխա, և կարծում եմ, որ այսպիսի ջերմ մթնոլորտում էլ կշարունակվի իմ կյանքը։ Բայց ամեն դեպքում չեմ ուզում մտածել, թե ինչ կլինի ինձ հետ տասը տարի հետո, ես ամբողջ օրը դիմակներ եմ դնում դեմքիս, որ հանկարծ կնճիռներ չառաջանան)))»,- կատակում է Նազիկը։
Հեղինակ՝ Լուս Ավագյան